Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը զանգվածային խախտումներ չի հայտնաբերում

Օգոստոս 06,2008 00:00

Հյուսիսային պողոտայից բերման ենթարկելու բոլոր դեպքերը խախտում համարելու առաջարկի պատասխանն այս է:

Այն բանից հետո, երբ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հունիսի 25-ին հրապարակեց, թե իրավունքների խախտում է տեսնում Պահպանողական կուսակցության անդամ Կարեն Հեքիմյանին մարտի 26-ին Հյուսիսային պողոտայից բերման ենթարկելու եւ ոստիկանությունում 3,5 ժամ պահելու ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Կենտրոնի բաժնի եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների գործողություններում, ինքը՝ Կարեն Հեքիմյանը, եւ այդ կուսակցության կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղար Թաթուլ Մկրտչյանը դժգոհություն հայտնեցին այս որոշումից: Պաշտպանին հուլիսի 3-ին ուղարկված նամակում Կարեն Հեքիմյանը մասնավորապես խնդրել էր պարզաբանել. «Կարո՞ղ է արդյոք Ձեր որոշումը որպես նախադեպ կիրառվել հարյուրավոր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք նույնպես բազմաթիվ համանման օրինախախտումներով ենթարկվել են հետապնդումների»:

Թաթուլ Մկրտչյանը նույնպես մարտի 26-ին Հյուսիսային պողոտայից բերման էր ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն, այնտեղ պահվել 3 ժամից ավելի ու մարտի 27-ին Կարեն Հեքիմյանի հետ միասին դիմել էր Պաշտպանին՝ հայտնելով, որ խախտվել են իր իրավունքները: Սակայն մայիսի 26-ին պատասխան էր ստացել, թե որոշվել է դադարեցնել իր բողոքի քննարկումը: Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհրդի գործադիր քարտուղարը հուլիսի 3-ին դիմել էր Արմեն Հարությունյանին, եւ նշելով, որ Հյուսիսային պողոտայից իրեն ու Կարեն Հեքիմյանին ոստիկանություն են տարել միաժամանակ ու նույն մեքենայով՝ հարցրել էր. «Արդյոք ՄԻՊ-ը կոչված է պաշտպանելու միայն Կարեն Հեքիմյանի՞ իրավունքները, իսկ իմը՝ ո՞չ», ու նաեւ՝ «Ինչո՞ւ Կարեն Հեքիմյանի բողոքի վերաբերյալ Ձեր 25.06. 2008 թ. որոշումը որպես նախադեպ չկիրառեք ինչպես իմ, այնպես էլ բազմաթիվ այն քաղաքացիների նկատմամբ, որոնց իրավունքները խախտվել են հետընտրական շրջանում»:

Արմեն Հարությունյանն այս առնչությամբ մեր զրույցում պարզաբանեց. «Մենք երկու տարբեր մոտեցում չենք ցուցաբերել: Մեզ սկզբնական շրջանում նույն դիմումով էին դիմել եւ ստացել նույն պատասխանը: Հետո նրանցից մեկը՝ Կարեն Հեքիմյանն առանձին՝ երկրորդ դիմումն է բերել, որտեղ ավելի որոշակիացումներ են եղել: Եվ դրանք հնարավորություն են տվել, որ ավելի որոշակի զբաղվենք այդ դեպքով, ավելի հեռուն գնանք եւ հայտնաբերենք խախտում: Բայց դրա հետ մեկտեղ՝ մենք զանգվածային խախտում հայտնաբերելու հնարավորություն չունենք. մենք ամեն մի որոշակի դեպքով կարող ենք որոշում ընդունել: Չի կարելի նմանության պատճառով 300 դեպքում խախտում գտնել, քանի որ անգամ շատ նման առանձին դեպքերի մեջ լինում են շատ առանձնահատկություններ: Իրավաբանության մեջ ամեն մի փոքրիկ դետալը կարող է իրավիճակ փոխել: Իսկ ընդհանուր երեւույթի նկատմամբ մեր մտահոգությունը մենք ներկայացրել ենք հատուկ զեկույցում, որը նույնպես պարտադիր է պատասխանի համար: Այն, որ պետական մարմինները չեն պատասխանում՝ տվյալ դեպքում, անգործություն են դրսեւորում, Պաշտպանը չի կարող փոխհատուցել՝ իրեն լրացուցիչ լիազորություններ վերագրելով: Ընդհանրապես՝ ամբողջ համակարգի տրամաբանությունը հետեւյալն է. պաշտպանը որպես ընդդիմախոս է հանդես գալիս իշխանությանը, ինչ-որ բաներ տեսնում է, ներկայացնում, նրանք էլ արձագանքում են, ներքին հետաքննություն անում կամ էլ հիմնավորված պատասխանում, թե խախտում չի եղել: Բայց երբ ոչինչ չեն անում՝ ինչպես տվյալ զեկույցի դեպքում է, պաշտպանը որեւէ կերպ չի կարող դա փոխհատուցել, քանի որ տեսության տեսակետից այստեղ որեւէ լուծում չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել