Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՐԱՄԱՆԸ ՏՎԵԼ ԵՄ ԵՍ»

Օգոստոս 06,2008 00:00

\"\"Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած գործողությունների պատասխանատվությունը երեկ ստանձնեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը:

Մարտի 1-2-ի դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը երեկ հրավիրել էր ՀՀ ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Ալեքսանդր Աֆյանին, որը պարզաբանումներ տվեց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Նա նախ նշեց, որ որպես տեղակալ, ինքն է պատասխանատու հասարակական կարգի ապահովման համար. «Այդ պարտականությունները դրված են եղել ինձ վրա՝ հասարակական կարգի ապահովում Թատերական հրապարակում»: Նշենք նաեւ, որ ավելի ուշ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հարցին, թե արդյոք նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ եղե՞լ է, նրան նախապես զեկուցե՞լ են իրենց ունեցած տեղեկությունները՝ փոխոստիկանապետը պատասխանեց. «Այո, բա իհարկե: Տեղյակ պահվել է»:

Ալեքսանդր Աֆյանը հանձնաժողովի նիստում պնդեց պաշտոնական վարկածը, թե մարտի 1-ի առավոտյան նպատակ չունեին ցուցարարներին ցրելու եւ ժամը 7-ին հրապարակ էին գնացել զուտ տեղազննություն կատարելու համար՝ ստուգելու ստացված օպերատիվ տեղեկատվությունը, թե այնտեղ առկա է հրազեն եւ այլն: «Մոտեցել ենք, մի շարք անգամ բարձրախոսով հայտարարվել է, որ եկել ենք տեղազննություն կատարելու, եւ որպեսզի չխոչընդոտեն իրենց օրինական գործողությունները կատարելուն, բայց, ցավոք, դա տեղի չի ունեցել»,- ասաց փոխոստիկանապետը: Սակայն պարզվեց, որ անգամ այս հանձնաժողովին փոխանցված տեսաերիզում պատկերված է միայն այն, ինչ արդեն իսկ ցուցադրվել է հեռուստատեսությամբ՝ ոստիկանների եւ ցուցարարների ընդհարման պահը: Բայց տեսագրություն, որը կապացուցեր, թե իրոք արվել են նախազգուշացումներ՝ ներկայացված չէ: Այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Հանձնաժողովի անդամները հետո փորձեցին պարզել՝ կա՞ նման տեսագրություն ընդհանրապես, ո՞րն է ապացույցը, թե ինչպես է սկսվել օպերացիան: Այս հարցը տվեց Արամ Հարությունյանը. «Եթե այդքան կարեւոր օպերացիայի էիք գնում՝ պիտի հասկանայիք, որ կարող են անկանխատեսելի, վատ հետեւանքներ լինել, ու, իմ կարծիքով, պիտի ապահովագրեիք ձեզ տեսագրությամբ»: Աֆյանի պատասխանն էր. «Կարծում եմ, մեր օպերատիվ ծառայություններն իրենց հետ պետք է ունենային տեսագրող հարմարանքներ: Հիմա չեմ կարող ասել՝ ձայնագրվել, տեսագրվե՞լ է, թե՞ ոչ»: Երկրորդ անգամ այս կապակցությամբ հնչած հարցին ի պատասխան՝ նաեւ ասաց. «Կարող է ընթացքում օպերատորը եղել է այս կողմ կանգնած, որովհետեւ ընե՜նց մեծ արձագանք էր ստացվել, մեծ խժդժոց էր ընդեղ, որ հնարավոր ա՝ մի հատված նկարված լինի, մի հատված նկարված չլինի: Դա ես չեմ բացառում»:

Հայտնեց, թե այդ ժամանակ հրապարակում շուրջ 1000 ցուցարար կար, վրաններում ոչ ոք չկար. «Բոլորը նախօրոք զգուշացված էին» ու սպասում էին զինված, պատրաստ. «Զինված՝ ես հասկանում եմ մահակներով, քարերով եւ այլն»: Փոխոստիկանապետը պնդեց, որ երբ նախ 100-130 հոգանոց օպերատիվ խումբն է մոտեցել հրապարակին՝ «Եղել ենք առանց զենքի, անզեն եւ առանց հատուկ միջոցների»: Բայց երբ մոտեցել են՝ տարբեր խմբերից վրանների մոտ կանգնած անձանցից «կոչեր են հնչում, որ չենթարկվեք ոստիկաններին, թույլ չտաք ոչ մի զննություն եւ թույլ չտաք ոչ մի գործողություն կատարել: Սա փաստ է: Ինձ թվում է՝ սրա նկարները կան, տեսագրված, ինձ թվում է, կա, պետք է լինի: Եվ սկսում է ոստիկանների նկատմամբ սպառնալիքներ տեղալ, ոստիկանների մասին հայհոյանքներ, քարեր նետել, էդ երկաթից ձողերով՝ մետրուկես, 1,20 երկարությամբ արմատուրաների ձողերով եւ փայտի մահակներով սկսում են հարվածել անզեն օպերատիվ խմբի վրա»: Ըստ նրա՝ ցուցարարների դիմադրությունից հետո օժանդակ ուժերին, որոնք տեղակայված էին Մաշտոցի պողոտայում եւ Սայաթ-Նովա փողոցում «ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու, հասարակական կարգն ապահովելու հրահանգ է տրվել», եւ ընթացքում է որոշում կայացվել «այլ գործողություններ անել»: Հստակեցրեց. «Ոստիկանության աշխատակիցները հրաման են ստացել Թատերական հրապարակն ազատելու, որպեսզի խոչընդոտ չհանդիսանա՝ օպերատիվ ծառայություններն իրենց գործողությունները կատարեն»:

Արծվիկ Մինասյանի հարցին, թե ո՞վ է ղեկավարել այս գործողությունը, եղե՞լ է օպերատիվ շտաբ, քանի՞ ստորաբաժանում է մասնակցել օպերացիային, պրն Աֆյանը պատասխանեց, թե մոտ 600 հոգի են ներգրավվել, ընդ որում՝ կտրականապես հերքեց, թե ԼՂ-ից որեւէ ստորաբաժանում է մասնակցել գործողությանը. «Օպերատիվ շտաբ, այո, եղել է: Դրա ղեկավարումը առավոտյան դրված է եղել ինձ վրա: Այդ միջադեպից հետո հրամանը տվել եմ ես»: Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե Գրիգորի Սարգիսյանը ներգրավված եղե՞լ է այդ շտաբում, եւ փոխոստիկանապետը բացասաբար պատասխանեց: Այդ դեպքում ի՞նչ էր նա անում առավոտյան հրապարակում: «Դա պետք է երեւի թե իրեն հարցնել,- ասաց պրն Աֆյանը:- Այսինքն՝ նախկին նախագահի անվտանգության պատասխանատուն, վարչության պետն ինքն էր, եւ ինքն էր պատասխանը տալու»:

Հանձնաժողովում ԱԺՄ ներկայացուցիչ Արտավազդ Վարդանյանը հետաքրքրվեց, թե դեպքերի ավարտից 50-60 րոպե հետո՝ 8.30 սկսված, տեղազննության ժամանակ ինչո՞ւ չեն օգտագործել հատուկ միջոցներ. «Այսինքն՝ սովորական ձեռքով մետաղե ձողը, ատրճանակն ինչո՞ւ են վերցրել»: Փոխոստիկանապետը պատասխանեց. «Հարցը ճիշտ եք տալիս: Երեւի էդ էլ է շահարկվում, որ զենքերի վրա մատնահետքեր չկան… Ես չեմ խուսափում հարցին պատասխանելուց, բայց ես կխնդրեմ՝ այդ հարցը տվեք օպերատիվ ծառայություններին, որ իրենք պատասխանեն»: Սակայն նիստում ամենացնցող պատասխանը հնչեց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հարցին, որ եթե տեղազննության էին գնացել՝ ընթերականեր կայի՞ն, թե՞ ոչ: Եվ Ալեքսանդր Աֆյանը պատասխանեց «Բոլոր ցուցարարներն ինքնըստինքյան վկա էին, էլի»:

Հ. Գ. «Ես համակարգի 30 տարվա աշխատող եմ: Եվ կոմունիստների ժամանակ եմ աշխատել, եւ ՀՀՇ-ի ժամանակ, եւ հիմա եմ աշխատում»,- Աֆյանի այս խոսքերը հիմք ընդունելով՝ հանձնաժողովում ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց, թե նման միջոցառումների դեպքերում ինչպե՞ս էր նախապատրաստվում ՀՀՇ-ն: «Ես չեմ կարող համեմատել մեկը մյուսի հետ: Ոնց կուզեք հասկացեք»,- պատասխանեց փոխոստիկանապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել