Անվտանգության ծառայության պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը մարտի 1-ի դեպքերի համար մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին:
Նախկինում ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ, ազգային անվտանգության պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը, «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Մարտի 1»-ի ողբերգական իրադարձություններին, հայտարարեց, որ առնվազն 10 զոհերի համար պատասխանատուն երկրի նախկին եւ ներկա նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են: Պաշտոնաթող գնդապետի ասելով, իշխանություններն ու պատկան մարմինները փորձում են այդ դեպքերի համար պատժել մի երկու ոստիկանի. «Հիմարություն է խոսել եւ ակնարկել ընդամենը երկու ոստիկանի մեղավորության մասին: Եթե կա մեկը, որը պետք է պատժվի այդ ողբերգության համար, ապա դա պետք է լինի Ռոբերտ Քոչարյանը»:
ՀՀ գործող իշխանությունները մեկ անգամ չէ, որ մարտիմեկյան իրենց գործողությունները փորձել են արդարացնել տեղի ունեցած խանութների կողոպուտով, ավտոմեքենաների հրկիզումներով եւ այլնով: Անգամ վկայակոչվում էին եվրոպական երկրներում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ժամանակ «հատուկ միջոցների» կիրառման օրինակներ: Գ. Եղիազարյանը հակադարձեց՝ հիշեցնելով Ֆրանսիայում շուրջ մեկ ամիս տեւած խժդժությունները, որոնք սկսվել էին սեւամորթ մի երիտասարդի՝ ոստիկանությունից խույս տալիս պատահաբար էլեկտրահարվելու արդյունքում. «Այդ մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ մեքենաներ այրվեցին, խանութներ ջարդվեցին ու թալանվեցին, բայց զոհեր չեղան»:
ԱԱՊՎ պետի նախկին տեղակալը անդրադարձավ մարտի 1-ին «հատուկ միջոցների» կիրառմանը: Գ. Եղիազարյանը նկատեց, որ իշխանությունը կամ գլխավոր դատախազությունը երբ ասում են, թե՝ կիրառվել է «չերյոմուխա», պետք է մասնավորեցնեն՝ հատկապես ո՞ր տիպի, որովհետեւ, նրա փոխանցմամբ, այդ հատուկ միջոցն էլ տարատեսակներ ունի, որոնցից երեքն անգամ ՌԴ-ում ուղղակի արգելված է օգտագործել: «Իշխանությունները չեն ասում, թե այդ հատուկ միջոցի ո՞ր համարն են օգտագործել»,- փաստեց Գ. Եղիազարյանը՝ հիշեցնելով Ռ. Քոչարյանի հայտարարությունը, թե՝ հատուկ միջոցները հին էին, եւ երեք զոհ ունեցանք: «Ես չեմ կարծում, թե նա հասկացել է՝ ինչի մասին է խոսում: Ի՞նչ է նշանակում հատուկ միջոցը հին էր, եւ մարդիկ զոհվեցին: Դա ստահակի խոսակցություն է: Դա նույնն է, թե վիրաբույժն ասի, որ իր լանցետը ժանգոտ էր՝ հիվանդը մահացավ: Չէ՞ որ հատուկ միջոցը կիրառելուց առաջ կիրառողը, որպես կանոն, պարբերաբար ստուգարք է հանձնում: Ի՞նչ է նշանակում այդ արտահայտությունը: «Չերյոմուխայի» կիրառման արդյունքում բոլոր զոհվածները վիրավորվել են դեմքին ստացած վերքից: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Դատախազությունում անմիջապես ասում են՝ դա եղել է «չերյոմուխա-ռիկաշետի» արդյունքում: Ի՞նչ ռիկաշետի մասին է խոսքն ընդհանրապես: «Չերյոմուխան» ընդամենը արցունքաբեր գազ է, որը գցվում է մարդու ոտքերի տակ, եւ նրա կիրառությունը գազ արձակելն է, ո՞նց կարող է այդ գազի կիրառումը ռիկաշետով կպնել մարդկանց դեմքին: Այդ հեքիաթներին ո՞նց կարելի է հավատալ: Ո՞նց պատահեց, որ այդ «ռիկաշետը» կպավ բոլոր երեք զոհերի հենց գլխին»,- կասկածի տակ դնելով մարդկանց՝ պատահաբար մահացու վնասվածք հասցնելու հանգամանքը, հայտարարեց Գ. Եղիազարյանը: Նա նաեւ ենթադրեց, թե ինչու էին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հրաժարվում տուժող ճանաչել մարտիմեկյան զոհերի իրավահաջորդներին: «Չէ՞ որ նրանք կարող էին դիահերձման ժամանակ ներկայացնել իրենց մասնագետներին եւ տեսնեին, որ, իբր, այդ «չերյոմուխայի ռիկաշետից» ստացած վերքերի մեջ ո՛չ տուֆի ֆրագմենտներ կան, ո՛չ էլ ասֆալտի, եւ ռիկաշետի վարկածը իսպառ բացառվեր: Վաղը-մյուս օրը եթե նման կասկածները փորձ արվեն փարատել, դիակները նեխած կլինեն, իրականությունը պարզել չենք կարողանա»,- նկատեց նա: Մեր զրուցակիցը տարակուսանք հայտնեց նաեւ «Մարտի 1»-ի դեպքերի հետաքննության, իրեղեն ապացույցների, «դեպքի վայրերի զննության» կապակցությամբ: ՀՀ ՀՔԾ քննչական խմբի քննիչ Վահագն Հարությունյանի հայտարարության մասին, թե՝ Մյասնիկ Մալխասյանին վերագրվող ձողը մատնադրոշմային փորձաքննության չի ենթարկվել, որովհետեւ դրա վրա արդեն շատերի մատնահետքն է եղել, Գ. Եղիազարյանն ակնարկեց, որ այդ «բացթողումները» միտումնավոր են արվել՝ իշխանությունների կատարած հանցանքը կոծկելու նպատակով. «Եթե կա դիակ, ուրեմն պետք է պահպանվեր «դեպքի վայրը», լինեին նկարահանումներ եւ մանրամասն արձանագրություն: Բայց մինչեւ այսօր չգիտենք, թե զոհերից ով՝ որտեղ է ընկած եղել: Կա միայն նկարագրություն, թե դիակը որտեղից են վերցրել, այդքանը: Ունենք վկայություններ, որ պատմում են, թե մարդու ոտքից քարշ էին տալիս, հետո ջրցան մեքենայով լվանում էին ասֆալտը: Ուրեմն՝ հանցագործություն են կատարել, որը փորձել են կոծկել այնպես, որ իրականությունը պարզել չհաջողվի»:
ԱԱՊՎ պետի նախկին տեղակալը Ռ. Քոչարյանին վկայակոչելու էլի առիթ ունեցավ: Նա հիշեցրեց վերջինիս հայտարարությունը՝ ոստիկանությունը հրամանի չի սպասում, կարող է որոշումներ ընդունել՝ ելնելով իրավիճակից: «Ոստիկանության մասին օրենքը բացառում է զենքի կիրառումն այն դեպքերում, եթե դա կարող է կողմնակի մարդկանց համար սպառնալիք լինել: Նման իրավիճակում զենքի կիրառումն օրենքով պետք է բացառված լիներ: Ոստիկանները չէին կարող հարյուր հազարավոր մարդկանց ուղղությամբ հրազեն կիրառել, եթե չլիներ հրաման: Նրանցից ոչ մեկը ինքնակամ, հանուն ղարաբաղյան երկվորյակի, զենք չէր կիրառի»,- վստահեցրեց Գ. Եղիազարյանը: Նա հույս հայտնեց, որ մարտի 1-ի դեպքերը, որոնց ընթացքում օգտագործվել են ոչ միայն հատուկ միջոցներ, այլեւ՝ հրազեն, մի օր կբացահայտվեն, չմոռանալով նշել, որ մարտի 1-ին բանակային զորքեր, ծանր հրետանի օգտագործելը ակնհայտ հանցագործություն է եղել: «Այդ զորքերը զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործվելու նշանակություն չունեն: Հանցագործություն է եղել այդ զորքերի օգտագործումը: Դա աննորմալ երեւույթ է, նման հրաման տված մարդը մի օր պատասխան է տալու»,- հույս հայտնեց մեր զրուցակիցը: