Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Օգոստոս 02,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ քսաներկուերորդ

ՕՆԼԱՅՆ ԶՐՈՒՅՑՆԵՐ

Եվ Հրաչը ցածի ճյուղերի կիսահաս կեռասները ցույց տվեց ու ասաց՝ «էդ ներքեւիններին երեւի հասնես», եւ ես ասացի՝ «այսինքն, դեմ չե՞ս», եւ Հրաչը հարցրեց՝ «ինչի՞ն դեմ չեմ», եւ ես հարցրի՝ «դեմ չե՞ս, որ ձեր գիլասներն ուտում եմ», եւ Հրաչը ծիծաղեց ու ասաց՝ «ավելի լավ ա դու ուտես, քան՝ ծտերը», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «շա՜տ մարդասեր եք, պարոն Գալստյան», եւ Հրաչն ասաց՝ «շատ ճիշտ նկատեցիք, պարոն Շեկոյան», եւ ես ասացի՝ «իսկական խմբագիրը պիտի մարդասեր ըլնի», եւ Հրաչը լրջանալով ասաց՝ «քո հավեսը չունեմ. տպարանից արդեն զանգել՝ վռազացնում են», եւ ես ասացի՝ «գնա՝ քո գործերով զբաղվի», եւ Հրաչը հարցրեց՝ «բա դո՞ւ ինչ ես անելու», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էս գիլասները կպրծացնեմ՝ կանցնեմ թթի ծառին», եւ Հրաչն ասաց՝ «ինչ ուզում ես արա, մենակ թե ծառից չընկնես՝ վրեքս ջառմա դառնաս», եւ ես ասացի՝ «չեմ ընկնի», ու հենց էդ պահին թթի ծառի ամենավերեւից մեկը գոռաց՝ «ընկեր Շեկոյան, պրոբլեմ կա՞», եւ ես վերեւ նայելով եւ թթենու ամենավերեւում Սառաջովի վետերան թեթեւատլետ Սամիկին տեսնելով՝ ասացի՝ «բարեւ, Սամ ջան», եւ Հրաչն ինձ ասաց՝ «շատ ուժեղ շրջապատ ունեք, պարոն Շեկոյան», եւ ես ասացի՝ «շատ ճիշտ նկատեցիք, պարոն Գալստյան», եւ Հրաչն ասաց՝ «գնամ՝ գործերովս զբաղվեմ», եւ ես ասացի՝ «գնա», եւ երբ Հրաչը ներս գնաց, Սամիկն ամենավերեւից ինձ ձայն տվեց ու ասաց՝ «հելի վիրեւ՝ թութ ուտենք, ախպեր», եւ ես ասացի՝ «ստավկա եմ դրել, Սամո ջան. էթամ տենամ՝ ի՞նչ էղավ», եւ Սամիկը հարցրեց՝ «ո՞ւմ վրեն ես դրել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «Էնինի», եւ Սամիկը թթենու ամենավերեւից ասաց՝ «ֆուտբոլը քիչ էր՝ հիմի էլ թենիսին ե՞ս անցել», եւ ես ասացի՝ «թենիսն ավելի հեշտ ա բռնվում», եւ Սամիկն ասաց՝ «ի՞նչ ասեմ. Աստված տա՝ կպնի», եւ ես ասացի՝ «գնամ տենամ», եւ «Տոտո» մտա հենց էն պահին, երբ բոլոր էկրաններին Մորեսմոն հուսահատությունից ռակետն էր գետնին խփում, եւ առաջին սեթն արդեն 6:1 հաշվով ու Էնինի համոզիչ հաղթանակով ավարտվել էր, իսկ երկրորդի հաշիվն արդեն 3:0 էր՝ նույն Էնինի օգտին, եւ երբ արդեն մտովի հաշվում էի շահելիքս, էդ պահին մեկը խփեց ուսիս, եւ շրջվեցի տեսա՝ Վիոլետն էր, եւ քանի որ Սառաջովի «Տոտոյում» աղջիկների ներկայությունն ընդունված չէ, եւ քանի որ էդտեղ միայն սուրճ եփող Սուսանի ներկայությունն է նորմալ ընկալվում, Վիոլետի հետ անմիջապես դուրս եկանք «Տոտոյից», եւ չնայած Վիոլետն ուզում էր թենիս նայել, ես իրեն անմիջապես դուրս առաջնորդեցի, որովհետեւ ներկաներն արդեն ոչ թե էկրաններին էին նայում, այլ՝ Վիոլետի թեւի յուրահատուկ դաջվածքին, եւ երբ մտանք բակ, Սամիկը թթենու վերեւից գոռաց՝ «բարեւ ձեզ, ընկե՛ր Շեկոյան», եւ Վիոլետը վերեւ նայեց եւ զարմացած հարցրեց՝ «է՞դ ով ա», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ձեր խմբագրությունն ա. դու ինձնից լավ պիտի իմանաս», եւ Վիոլետն ասաց՝ «խմբագրություն համարյա չեմ գալիս. իմեյլով եմ նյութերս ուղարկում», եւ երբ մտանք խմբագրություն, Հրաչը Վիոլետին հանդիմանեց ու ասաց՝ «էդ յոթանասուն տարեկան մարդուն խի՞ ես էդքան սպասացնում», եւ Վիոլետը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ յոթանասուն տարեկան մարդ», եւ ես Վիոլետին ասացի՝ «իրա տարիքն ա ասում», եւ Հրաչը Վիոլետին ասաց՝ «էս մարդու հետ որ ժամադրվել ես, խի՞ ես չամչի գրավ դրել», եւ Վիոլետն արդարացավ ու ասաց՝ «կոնկրետ ժամի չէինք պայմանավորվել. ինքը «Տոտոյում» պիտի ինձ սպասեր», եւ Հրաչն ասաց՝ «ի՞նչ «Տոտո». էս հայաթի սաղ ծառերը քոքահան արեց», եւ Վիոլետը նախ հարցական ինձ նայեց, հետո Հրաչին նայեց ու հարցրեց՝ «ի՞նչ ծառեր», եւ Հրաչը պատասխանեց ու ասաց՝ «գիլասի ու թթի», եւ Վիոլետը զարմացած ասաց՝ «բայց Արմենը «Տոտոյում» էր», եւ Հրաչը ծիծաղեց ու ասաց՝ «ծառերը լրիվ մաքրազարդել ու նոր ա «Տոտո» գնացել», եւ ես լուռ լսում ու Հրաչի ասածներից չէի նեղանում, որովհետեւ հասկանում էի, որ Հրաչը կատակում է, եւ իր էդ հումորի հիմնական պատճառն էն էր, որ ես իր թերթի վերջին էջի համար զլանում էի հումոր գրել, եւ դրան էլ գումարած՝ նորանշանակ խմբագրի իր դերն ու դերակատարման տարերքը, «Տոտոյի» խաղադրույքների առավելությունն իր հոնորարների համեմատությամբ, եւ երբ Վիոլետը Հրաչին հարցրեց՝ «որտե՞ղ հարցազրույց անենք», Հրաչը ծիծաղեց ու ասաց՝ «Տոտոյում» եւ անմիջապես լրջանալով ավելացրեց՝ «մի տասնհինգ րոպեից էս սենյակը կազատեմ», եւ ես Վիոլետին ասացի՝ «մի հատ մտնեմ «Տոտո» ու գամ», եւ Վիոլետն ինձ հարցրեց՝ «շատ չես ուշանա, չէ՞», եւ ես ասացի՝ «ամենաշատը՝ տասնհինգ րոպե», եւ երբ մտա «Տոտո», բոլոր էկրաններին Էնինն արդեն ծնկաչոք փառք էր տալիս Աստծուն, եւ Սուսանն ինձ տեսնելով հարցրեց՝ «քեզ կոֆե դնե՞մ, Արմեն», եւ ես ասացի՝ «հա, Սուսան ջան», եւ Արշակը Սուսանին ասաց՝ «իրա համար խի՞ ես կոֆե դնում. ինքն էս հայաթի խմբագրությունում րոպեն մեկ կոֆե ա խմում», եւ Սուսանն ինձ հարցրեց՝ «էդ նորվա աղջիկը տելեվիզորով խոսում ա, չէ՞», եւ ես ասացի՝ «հա», եւ Սերոբը հարցրեց՝ «ի՞նչ տելեվիզոր», եւ ես ասացի՝ «սովորական տելեվիզոր», եւ Սերոբը հարցրեց՝ «տելեվիզորով ի՞նչ ա խոսում», եւ Սուսանն ասաց՝ «չգիտեմ՝ ինչ ա խոսում, բայց տելեվիզորով իրան շատ եմ տեսել», եւ Մայիսը հարցրեց՝ «դերասան ա՞», եւ ես ասացի՝ «չէ, գրող ա. մեր ուժեղ գրողներից ա», եւ Սերոբը հարցրեց՝ «ոտանավոր ա՞ գրում, թե՝ վեպ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ոտանավոր», եւ Սերոբը հարցրեց՝ «քեզնից էլ ա՞ ուժեղ գրում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Սերոբն ասաց՝ «բայց էս վերջի անգամ Կրիվոյի Նվերի վրով շատ ուժեղ էիր գրել», եւ Սուսանն ինձ հարցրեց՝ «բայց էդ աղջիկը տելեվիզորով էլ ա չէ՞ խոսում», եւ Արշակն ասաց՝ «տելեվիզորով խոսում ա, բայց գրող ա», եւ Մայիսն Արշակին հարցրեց՝ «դո՞ւ ինչ գիտես», եւ Արշակն ասաց՝ «ես ամեն ինչ գիտեմ», եւ Քոթն Արշակին հարցրեց՝ «է՞լ ինչ գիտես», եւ Արշակը պատասխանեց ու ասաց՝ «գիտեմ, որ էդ աղջիկը պարսկահայ ա», եւ Սերոբը հարցրեց՝ «ի՞նչ գիտես՝ որ պարսկահայ ա», եւ Արշակն ասաց՝ «մեր խնամին էլ ա պարսկահայ. ակցենտից վռազ ջոկում եմ», եւ Սերոբը հարցրեց՝ «ուրի՞շ ինչ գիտես, Արշակ», եւ Արշակն ինձ նայեց, խորամանկ ժպտաց ու ասաց՝ «գիտեմ, որ Արմենը մի քանի րոպե առաջ տասնութ հազար կրեց. Էնինի վրա մեկ ու հինգի տակ երեսունվեց հազար դրել էր», եւ Մայիսն Արշակին հարցրեց՝ «ո՞նց ես տեսել. Արմենը թաքուն ա ստավկա դնում», եւ Արշակն ինքնագոհ ժպտաց ու ասաց՝ «ես ամեն ինչ տենում եմ», եւ ես ասացի՝ «սխալ ես տեսել», եւ Արշակը զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ սխալ տեսել», եւ ես ասացի՝ «ոչ թե տասնութ հազար եմ կրել, այլ՝ հիսունչորս», եւ Արշակը հարցրեց՝ «դրածդ երեսունվեցն էլ ե՞ս հաշվում», եւ ես ասացի՝ «խի՞ չպիտի հաշվեմ. էդ երեսունվեցս արդեն կորած փող էր», եւ Արշակն ասաց՝ «ես դրածս չեմ հաշվում», եւ Մայիսն ասաց՝ «դրածդ չես հաշվում, դրա համար էլ քեզ միշտ թվում ա՝ կրված ես», եւ Սուսանն ասաց՝ «չմեռանք՝ ժիվոյ գրող էլ տեսանք», եւ Սերոբը ծիծաղելով հարցրեց՝ «Արմենին ժիվոյ չես հաշվո՞ւմ», եւ Սուսանը պատասխանեց ու ասաց՝ «Արմենին ամեն օր տեսնում ենք», եւ Արշակը Սուսանին ասաց՝ «դե էդ առթիվ իմ համար էլ կոֆե էփի, Սուսան ջան», եւ Սերոբն ասաց՝ «ես ժիվոյ գրող երեսուն տարի համարյա ամեն օր տեսել եմ», եւ Արշակը հարցրեց՝ «ո՞ւմ ես տեսել», եւ Սերոբը պատասխանեց ու ասաց՝ «Կառլեն Հակոբյանին» եւ ինձ հարցրեց՝ «իրան ճանաչո՞ւմ էիր», եւ ես ասացի՝ «շատ լավ էի ճանաչում», եւ Սերոբն ասաց՝ «էս մեր կողքի վիսոտնիում էր ապրում, տղեն էլ մոտիկ ընկերս ա», եւ ես հարցրի՝ «տղեն նկարիչ ա, չէ՞», եւ Սերոբն ասաց՝ «հիմի տղեն Մոսկվայում ա ապրում. Մոսկվայում իրա նկարները հազար դոլարով թռցնում են», եւ ես ասացի՝ «տղին հիշում եմ. Թերլեմեզյան էր սովորում», եւ Սերոբն ասաց՝ «իրա նկարներից էրկու հատ ունեմ», եւ Արշակը Սերոբին հարցրեց՝ «բա խի՞ չես ծախում», եւ Սերոբը զարմացած հարցրեց՝ «խի՞ պիտի ծախեմ», եւ Արշակը խորամանկ ժպտաց ու ասաց՝ «ծախես՝ պարտքերդ փակես», եւ Սերոբն Արշակին ասաց՝ «մինչեւ շաբաթվա վերջ որ համբերես՝ կտամ» եւ ինձ ասաց՝ «հոր գիրքն էլ ունեմ. իրա ձեռով մակագրել ու ինձ ա նվիրել» եւ Արշակն ասաց՝ «մենակ Արմենը քեզ գիրք չի նվիրում», եւ Սերոբն ասաց՝ «խոստացել ա», եւ Մայիսն ասաց՝ «ինձ էլ ա խոստացել, բայց չի բերում», եւ Գեւորը ծիծաղեց ու ասաց՝ «որ մի հատ էլ հիսունչորս հազար կպցնի՝ կնվիրի», եւ Արշակն ինձ հարցրեց՝ «էս Դավիդենկո-Նալբանդյանն ի՞նչ էս ասում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հեչ չեմ էլ ուզում մտածեմ. շատ բարդ խաղ ա», եւ Սերոբն ինձ ասաց՝ «մի էլ մտածի. էսօր հազիվ կրած ես», եւ Արշակն ասաց՝ «ճիշտ ա. մարդ որ կրած մոմենտին կարենա իրան զսպի ու էլ էդ օրը չխաղա, միշտ էլ կրած դուս կգա», եւ Սուսանը մեր սուրճերը մատուցելով ասաց՝ «որ օրական տասը բաժակից պակաս կոֆե խմեք, միշտ էլ կրած դուրս կգաք», եւ Արշակը Սուսանին ասաց՝ «բայց քո կոֆեն ձրի ա», եւ Սուսանն ասաց՝ «ես առողջության իմաստով եմ ասում», եւ թթի ծառից արդեն իջած ու մեզ միացած Սամիկն ասաց՝ «մյուս բուքմեյքերական տեղերը կոֆեն փողով ա. ընենց որ՝ ընդեղի խաղցողները հա՛մ առողջության իմաստով են տուժվում, հա՛մ էլ՝ փողի իմաստով», եւ Արշակն ասաց՝ «թող կոֆեն փողով ըլներ, մենակ թե՝ ստավկեքս գոնե մեկումեջ կպնեին», եւ Սամիկն ասաց՝ «որ ստավկեքդ մեկումեջ կպնեն՝ էլի տակ կտաս», եւ Սերոբը Սամիկին ասաց՝ «տակ չի տա. ինքն էրկուսուկես կայֆիցենտից ցածր ստավկա չի դնում», եւ Սամիկն ասաց՝ «էրկուսուկես կայֆիցենտը ո՞նց կարա մեկումեջ կպնի», եւ Արշակն ասաց՝ «կայֆիցենտը կապ չունի. կպնողը կպնում ա», եւ Սամիկն ասաց՝ «ամեն դեպքում, ցածր կայֆիցենտը հեշտ ա կպնում», եւ Սերոբն ասաց՝ «մինչեւ Արմենն էդ բանաստեղծին ճամփու դրեց, մեկուկես կայֆիցենտը կպավ», եւ Սամիկը հարցրեց՝ «ի՞նչ բանաստեղծ», եւ Սերոբն ասաց՝ «դու չտեսար. մի հատ շեկ աղջիկ էր», եւ Սամիկն ասաց՝ «աչքիդ ա էրեւում՝ թե չեմ տեսել», եւ Սուսանն ասաց՝ «Սամիկի աչքից բան կպլստա՞», եւ Սամիկն ասաց՝ «թթի ծառի վրից տեսա ախպերս աղջկա հետ ա, հատուկ հարգանքով բարեւեցի» եւ ժպտալով ավելացրեց՝ «մի անգամ արդեն բարեւել էի, բայց երկրորդ անգամ էլ բարեւեցի», եւ Սերոբն ասաց՝ «մինչեւ էդ աղջկան ճամփու դրեց, մեկուկես կայֆիցենտը կպավ», եւ Սամիկն ասաց՝ «շատ հետաքրքիր աղջիկ էր», եւ Սերոբն ասաց՝ «բանաստեղծ ա», եւ ես ասացի՝ «համ բանաստեղծ ա, համ էլ ընկերոջս կնիկն ա. ընենց որ՝ ավելպակաս մի խոսացեք», եւ Սերոբը նորից ասաց՝ «մինչեւ բանաստեղծին ճամփու դրեց, մեկուկես կայֆիցենտը երեսունվեց հազարով կպավ», եւ Սամիկն ինձ նորից հարցրեց՝ «ո՞ւմ վրա էիր ստավկա դրել», եւ ես ասացի՝ «Էնինի», եւ Սամիկը հարցրեց՝ «էն գեշի՞», եւ Արշակն ասաց՝ «գեշ ա, բայց կես ժամում տասնութ հազար եկամուտ ա բերում», եւ ես ճշտեցի՝ «հիսունչորս հազար», եւ Արշակն ասաց՝ «ես մաքուր եկամուտն եմ ասում», եւ Սերոբն ասաց՝ «Արմենը ձեւը լավ ա գտել», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ձեւ», եւ Սերոբն ասաց՝ «ստավկեքդ գեշերի վրա ես դնում, բայց սիրունների հետ ես ժամադրվում», եւ Սուսանը Սերոբին ասաց՝ «ընկերոջ կինն ա», եւ Սերոբն ասաց՝ «որ ընկերոջ կինն ա, ասեմ՝ գե՞շ ա», եւ Սամիկն ասաց՝ «կարաս գեշ չասես, բայց ավելպակաս չխոսաս», եւ Սուսանն ինձ ասաց՝ «փաստորեն, էդ աղջկա ոտը խերով էր. շահեցիր», եւ ես ասացի՝ «հա» եւ Սուսանը հարցրեց՝ «իրա ամուսինն էլ ա՞ գրող», եւ ես ասացի՝ «համ գրող ա, համ էլ՝ ժուռնալիստ» եւ ավելացրի՝ «իրա ամուսնուն տեսել ես», եւ Սուսանը զարմացած հարցրեց՝ «որտե՞ղ եմ տեսել», եւ ես ասացի՝ «էստեղ», եւ Սուսանը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարող ա՞ էն տղեն ա, որ Թաթայի գլխարկի պես գլխարկ ա դնում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Սուսանն ասաց՝ «շատ համապատասխան մարդուկնիկ են», եւ ես ասացի՝ «հա», եւ ժպտալով ավելացրի՝ «էրկուսն էլ խերով ոտ ունեն, դրա համար եմ իրանց հետ էստեղ ժամադրվում», եւ Սերոբը ծիծաղեց ու ասաց՝ «էս «Տոտոյի» հախից գալու ձեւը լա՜վ ես գտել», եւ ես ասացի՝ «տարոսը քեզ», եւ Սամիկն ինձ ասաց՝ «քեզ էսքան հարգանք եմ ցույց տալի, բայց իմ մասին բան չես գրում», եւ Սերոբը Սամիկին հարցրեց՝ «ի՞նչ հարգանք ես ցույց տվել», եւ Սամիկն ասաց՝ «էդ բանաստեղծի հետ որ խմբագրության հայաթ մտան, թթի ծառի վրից գոռացի՝ «բարեւ ձեզ, ընկեր Շեկոյան», եւ Սերոբը Սամիկին ասաց՝ «փաստորեն, Արմենին վիրավորել ես», եւ Սամիկը զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ վիրավորել», եւ Սերոբն ասաց՝ «ոչ թե ընկեր Շեկոյան պիտի ասեիր, այլ՝ պարոն Շեկոյան», եւ Սուսանն ինձ հարցրեց՝ «ասում ես՝ ամուսինը համ գրող ա, համ էլ՝ ժուռնալի՞ստ», եւ ես ասացի՝ «էրկուսն էլ համ գրող են, համ էլ՝ ժուռնալիստ», եւ Սամիկն ինձ հարցրեց՝ «գրողն ա՞ ուժեղ, թե՝ ժուռնալիստը», եւ Սերոբն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «պարզ չի՞. ժուռնալիստն ա ուժեղ», եւ Սամիկը Սերոբին ասաց՝ «Արմենին եմ հարցնում», եւ ես ասացի՝ «էրկուսի էլ ուժեղն ա ուժեղ», եւ Մայիսն ինձ հարցրեց՝ «հիմի դու ուժե՞ղ գրող ես», եւ Սամիկն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «որ ուժեղ ըլներ, էսքան վախտ իրա ախպոր մասին մի էրկու բան գրած կըլներ», եւ Սերոբը ծիծաղելով Սամիկին հարցրեց՝ «ո՞ր ախպոր. էն՝ որ առավոտից իրիկուն թթի ծառից չի իջնո՞ւմ», եւ Սուսանը Սամիկին հարցրեց՝ «ա՛յ Սամո, էդ ծառի թութը չի պրծնո՞ւմ», եւ Սերոբը Սուսանին ասաց՝ «ինքը հո թթի համար չի էդ ծառը բարձրանում», եւ Սուսանը զարմացած հարցրեց՝ «բա ինչի՞ համար ա բարձրանում», եւ Սերոբն ասաց՝ «իրա օրական ֆիզարյադկեն ա», եւ Սամիկը Սուսանին ասաց՝ «ճիշտ ա ասում, քուրո՛ ջան. որ թթի համար ըլներ, բազարից վեդրոյով կառնեի», ու մինչ էդպես ասում ու խոսում էին, ես աչքի պոչով հետեւում էի, որ հենց Արթուրի մոտի հերթը պակասի, մոտենամ՝ շահումս ստանամ, բայց հերթը չէր պակասում, քանի որ շահածներն ու ճիշտ կողմնորոշվածները շատ էին, որովհետեւ, հատկապես էդ օրվա դրությամբ, Էնին Արդենը հրաշալի մարզավիճակում էր եւ էնքա՛ն ակնհայտորեն էր գերազանցում Մորեսմոյին, որ վերջինիս հարազատ տան պատերն էլ չօգնեցին, եւ քանի որ շատերն էին ընդունել էդ, ուրեմն, մեկուկես կայֆիցենտանոց նվերը, Արթուրի մոտ ահագին հերթ էր գոյացել, եւ ես որոշեցի, որ կգնամ՝ Վիոլետին հարցազրույց կտամ եւ հետո նոր կգամ ու Արթուրից կստանամ էդ հիսունչորս հազարս, եւ երբ վեր կացա, Սերոբն ինձ հարցրեց՝ «էս ո՞ւր», եւ ես ասացի՝ «մտնեմ խմբագրություն. գործ կա», եւ Սերոբը հարցրեց՝ «էդ ի՞նչ խմբագրություն ա», եւ Սամիկն ասաց՝ «էն գիլասի ծառով տունը հիմի արենդայով տպարան ա», եւ Արշակն ասաց՝ «ոչ թե տպարան ա, այլ՝ խմբագրություն», եւ Սամիկն ինձ հարցրեց՝ «տպարանն ու խմբագրությունը նույն բանը չե՞ն», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մի քիչ տարբեր են», եւ Արշակն ինձ ասաց՝ «հերթը պրծավ. գնա՝ հիսունչորս հազարդ ստացի», եւ Սերոբն Արշակին ասաց՝ «բա նոր ասում էիր՝ տասնութ հազար ա», եւ Արշակն ասաց՝ «տասնութը մաքուր շահումն ա», եւ Սերոբն ասաց՝ «ոնց էլ հաշվում եմ, կրածը հիսունչորս հազար ա. էն երեսունվեցն արդեն Արթուրի ջեբում էր, ավելի ճիշտ՝ դարակի մեջ», եւ Արշակն ասաց՝ «դուք մնացեք ձեր կարծիքին»։

Հիմա, երբ վերստին էս բուքմեյքերական տվայտանքներս եմ գրի առնում, մտածում եմ, որ առավել գրագետ ու առավել բարոյագետ ընթերցողներս վերստին ինձ մեղադրելու են մեր քաղաքացիներին ու հատկապես մատաղ սերնդին ապակողմնորոշելու մեջ՝ համարելով, որ շատերն էս գրածներս կարդալով՝ նույնպես կարող են գայթակղվել բուքմեյքերական տեսլականներով եւ ճիշտ ճանապարհից շեղվել, մինչդեռ ես ճիշտ հակառակ կարծիքին եմ. այսինքն, ես կարծում եմ, որ բուքմեյքերական մղձավանջներիս հաղորդակցվելով՝ նորմալ ընթերցողը, անկախ տարիքից ու սեռից, ընդհակառակը, երբեւէ որեւէ բուքմեյքերական տարածք ոտ չի դնի, որովհետեւ շատ թե քիչ նորմալ ընթերցողն էս հիսունչորս հազարանոց ցնծությունիցս պիտի որ զգա, որ էսօրինակ ցնծությունները խաղացողներիս կյանքում հաճախակի պատահող իրադարձություններ չեն, եւ եթե 2007-ի մայիսի 3-ին ինձ էդ տեսակ ուրախություն ամբողջ երկու անգամ պատահեց՝ Նադալի ու Էնինի հաղթանակների հետ կապված, դա դեռ չի նշանակում, թե խաղացողներիս կյանքում էդ տեսակ հաջողություններ ամեն օր են պատահում, եւ եթե էս վեպիս տարածքում բուքմեյքերական հաջողություններիս ավելի հաճախ եմ անդրադառնում, քան՝ անհաջողություններիս, դրա պատճառն ընդամենն էն է, որ ես, որպես գրող, նախընտրում եմ կյանքի պարգեւած թեկուզեւ հատուկենտ ուրա՛խ դրվագները ներկայացնել, եւ ոչ թե՝ հակառակը, իսկ ինչ վերաբերում է ճիշտ ճանապարհից անձամբ ի՛մ շարունակական շեղումներին, դրա պատճառն էն է, որ ես ճիշտ ու սխալ ճանապարհներն իրարից բացարձակապես չեմ տարբերում, բայց, չտարբերելով հանդերձ, իմ բուժմամբ միանգամայն լրջորեն եմ զբաղվում. այսինքն, շարունակաբար ինքս ինձ համոզում եմ, որ բուքմեյքերական էդ զբաղմունքն ինձ ապագա չի։

Ինչեւէ. Արթուրից փողերս ստանալով՝ «Տոտոյից» դուրս եկա ու մտա խմբագրության բակ, եւ բակից արդեն Հրաչի գոռգոռոցը լսվում էր, եւ երբ ներս մտա, խոհանոցում Վիոլետը սուրճ էր եփում, եւ Վիոլետին հարցրի՝ «էս խի՞ ա գոռգոռում», եւ Վիոլետն ասաց՝ «ասում ա՝ էդ հարցազրույցը շուտ արեք՝ պրծեք», եւ ես ասացի՝ «ինքն էլ չգիտի՝ ինչ ա ուզում», եւ Վիոլետն ասաց՝ «ես գիտեմ՝ ինչ ա ուզում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ա ուզում», եւ Վիոլետն ասաց՝ «ինքը շատ ա ուզում, որ վերջին էջի համար հումոր գրես», եւ ես ասացի՝ «ես է՛լ եմ ուզում», եւ Վիոլետը հարցրեց՝ «բա խի՞ չես գրում», եւ ես ասացի՝ «մարդու խիղճը պիտի հանգիստ ըլնի, որ կարենա հումոր գրի», եւ Վիոլետը հարցրեց՝ «խիղճդ խի՞ հանգիստ չի. կարող ա՞ «Տոտոյում» կրվել ես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ընդհակառակը. հիսունչորս հազար կրել եմ», եւ Վիոլետը հարցրեց՝ «ե՞րբ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հենց նոր», եւ Վիոլետը մի քիչ մտածեց, ժպտաց ու ասաց՝ «փաստորեն, ոտս խերով էր», եւ ես ժպտացի ու ասացի՝ «էրեկ էլ մարդո՛ւդ ոտն էր խերով», եւ Վիոլետը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրա համար ե՞ս մարդուս հետ էդ «Տոտոյում» ժամադրվում», եւ ես ասացի՝ «փաստորեն, էրկուսդ էլ խերով ոտ ունեք», եւ Վիոլետը հարցրեց՝ «խերով ո՞տ են ասում, թե՝ խերով էրես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «նույն բանն են», եւ Վիոլետը հարցրեց՝ «էդ նախանշաններին հավատո՞ւմ ես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «մարդ կա՝ ընենց բեխեր էրես ունի, որ չես կարա չհավատաս», եւ Վիոլետն ասաց՝ «Աբովյան մի հատ հարեւան ունեինք՝ հենց դրա էրեսը տենում էի, քննությունից ու զաչյոտից կտրվում էի» եւ ավելացրեց՝ «ինչքան էլ պարապած ըլնեի, մեկ ա, պիտի կտրվեի», եւ ես ասացի՝ «մանավանդ անհաջողության դեպքում ես հիշում՝ էդ օրն ում էրեսն ես տեսել» եւ հարցրի՝ «որ հինգ էիր ստանում, չէիր հիշում, չէ՞, էդ օրն ում էրեսն ես տեսել», եւ Վիոլետը ծիծաղեց ու ասաց՝ «ե՞րբ էինք դասի նստում, որ հինգ ստանայինք», եւ ես ասացի՝ «կրելուց համարյա չեմ մտածում, թե էդ օրն ում էրեսն եմ տեսել, բայց կրվելուց միշտ մտածում ու հիշում եմ», եւ Վիոլետը հարցրեց՝ «բայց էսօր նկատել ես, որ իմ ոտը խերով ա», եւ ես ասացի՝ «տղերքը նկատեցին», եւ Վիոլետը հարցրեց՝ «ի՞նչ տղերք», եւ ես ասացի՝ «խաղընկերներս», եւ Վիոլետը հարցրեց՝ «դու էլ էիր, չէ՞, կոֆեն նորմալ խմում», եւ ես ասացի՝ «հա», եւ Վիոլետն ասաց՝ «Հրաչը լրիվ դառն ա խմում», եւ ես ասացի՝ «ինքը պիտի շատ քաղցր խմի, որ մի քիչ քաղցրանա», եւ Վիոլետն ասաց՝ «իրանը դառը կսարքեմ, հետո նոր մերը նորմալ կեփեմ», եւ ես հարցրի՝ «խի՞ ա ներվայնացել», եւ Վիոլետն ասաց՝ «տպարանից զանգել՝ վռազացնում են», եւ ես ասացի՝ «փոխանակ վռազի՝ գոռգոռոցն ա դրել», եւ Վիոլետը Հրաչի սուրճը տարավ, հետո վերադարձավ ու ինձ հարցրեց՝ «ասում ես՝ խաղընկերներդ ինչ էին ասո՞ւմ», եւ ես ասացի՝ «որ էդ հիսունչորս հազարը կրեցի, ասին՝ էդ աղջկա ոտը խերով էր», եւ Վիոլետը զարմացած ասաց՝ «ես ընդամենը մի քանի վայրկյան մնացի. ո՞նց են նկատել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «նույնիսկ նակոլկեդ են նկատել», եւ Վիոլետը նայեց թեւին, ժպտաց ու հարցրեց՝ «կարող ա՞ նակոլկես վատն ա», եւ ես ասացի՝ «շատ լավն ա», եւ Վիոլետը ժպտաց ու ասաց՝ «որպես պրոֆեսիոնալի եմ հարցնում», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ պրոֆեսիոնալ», եւ Վիոլետն ասաց՝ «էս հարցազրույցի առիթով վեպդ նորից աչքի եմ անցկացրել. գրել ես, որ բանակում դաջվածքներ ես արել», եւ ես ասացի՝ «ճիշտ եմ գրել», եւ Վիոլետն ասաց՝ «Շաբլովսկու թեւի խաչը» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «պատկերացնում եմ՝ ինչքան ցավոտ ա էղել», եւ ես հարցրի՝ «էդ նակոլկեդ ջնջովի՞ ա», եւ Վիոլետը պատասխանեց ու ասաց՝ «հա. հիմի հազարից մեկն ա իրան ծակծկելով ու տանջելով դաջվածք անում», եւ ես ասացի՝ «մեր թվերի նակոլկեքը, փաստորեն, մազոխիզմ էին», եւ Վիոլետն ասաց՝ «վեպիդ մեջ էդ նակոլկա անելու պրոցեսը որ նկարագրում ես, շատ ահավոր ա», եւ ես ծիծաղեցի ու ասացի՝ «փաստորեն, էս հարցազրույցին լրջորեն ես նախապատրաստվել», եւ Վիոլետն ասաց՝ «անկախ էս հարցազրույցից եմ վեպդ կարդացել» եւ ժպտաց ու հարցրեց՝ «ասում ես՝ խաղընկերներդ նակոլկես հավանե՞լ էին», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «համ նակոլկեդ էին հավանել, համ էլ՝ քեզ», եւ Վիոլետը ժպտաց ու հարցրեց՝ «իրա՞նք ասին, թե՞ քեզնից ես հնարում», եւ ես ասացի՝ «մի ժամ քեզնից էին խոսում, դրա համար էլ էսքան ուշացա», եւ Վիոլետը զարմացած ասաց՝ «ընդամենը մի վայրկյանով մտել՝ դուրս եմ էկել», եւ ես ասացի՝ «էդ մի վայրկյանը հերիք էր, որ մի ժամ խոսային», եւ Վիոլետը հարցրեց՝ «մի ժամ դաջվածքիցս էի՞ն խոսում», եւ ես ասացի՝ «իրար մեջ պարզում էին՝ դերասանուհի՞ ես, թե՝ երգչուհի», եւ Վիոլետը ժպտաց ու հարցրեց՝ «հետո՞. վերջը որի՞ վրա կանգ առան», եւ ես ասացի՝ «Սուսանն ասեց, որ տելեվիզորի հաղորդավար ես», եւ Վիոլետը հարցրեց՝ «Սուսա՞նն ով ա», եւ ես ասացի՝ «էդ «Տոտոյի» կոֆե էփողն ա», եւ Վիոլետը զարմացած հարցրեց՝ «կոֆե էփող է՞լ ունեք», եւ ես ասացի՝ «հա. խաղացողներին ձրի կոֆե են տալի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել