Ղեկավարի պնդմամբ՝ իրենք այլ նկրտումներ չունեն
Վերջերս իր 100-օրյակը տոնեց «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը»: «Առավոտը» զրուցեց կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի հետ: Նա «Առավոտին» ներկայացրեց այսպիսի կենտրոն ստեղծելու հիմնական առիթը. «Ընտրությունների ժամանակ հայ երիտասարդների շրջանում պառակտվածություն կար, ուստի կարիք կար նրանց միաբանելու: Մեր առաջին քայլն այն էր, որ կուսակցական եւ ոչ կուսակցական երիտասարդներին համախմբեցինք եւ Մայր աթոռում կատարեցինք միաբանության կոչ, որից հետո կազմակերպեցինք ուխտագնացություն դեպի Արցախ»: 5000 անդամ ունեցող կենտրոնի նախագահը մեզ հավաստիացրեց, որ ինքն ու իր կենտրոնի անդամների մեծամասնությունը անկուսակցական են. «Հայ երիտասարդը, որը որեւէ կուսակցության անդամ չէ, ցանկանում է ապրել ազատ, անկախ Հայաստանում, ի՞նչ է՝ ձայնի իրավունք չունի՞: Չէ՞ որ նրանք էլ են մարդիկ, երիտասարդներ, որոնք մինչեւ այսօր համեստաբար լռել են: Թե՞ անկուսակցական երիտասարդները հայ չեն, ազատ խոսելու իրավունք չունեն: Այսօր երիտասարդներն ունեն սոցիալական, աշխատատեղերի խնդիր, մտահոգիչ է այն, որ գերազանց ավարտած երիտասարդները հեռանում են հայրենիքից կամ մայրաքաղաքում ուսում ստացածները չեն վերադառնում գյուղ: Այս եւ նման խնդիրները թողած, այժմ երիտասարդները զբաղված են բոլորովին այլ հարցերով»: Ա. Նիկողոսյանը քաղաքական այրերին խնդրում է. «Մեզ՝ երիտասարդներիս, մի քաղաքականացրեք, շերտերի մի բաժանեք, այլ համախմբեք մեկ ընդհանուր գաղափարի շուրջ»: Երիտասարդների խնդիրները լուծելու առիթով Ա. Նիկողոսյանը նկատեց. «Ցանկացած հայ երիտասարդ պիտի հպարտանա իր պետականությամբ: Չէ՞ որ մեր պետությունն էլ է երիտասարդ՝ 17 տարեկան: Պիտի երիտասարդների խնդիրները հստակեցվեն եւ ներկայացվեն որոշակի մարմինների, այլ ոչ թե դրանց լուծումները փնտրվեն փողոցներում աղաղակելով: Այժմ կան լուրջ երիտասարդներ, որոնք ապակողմնորոշված են: Ցավալի է նաեւ այն, որ երիտասարդները գնում են բանավեճի, բաժանվում են տարբեր բանակների՝ ՀՀՇ-ականներ, Հնչակյաններ եւ ՀՀԿ-ականներ եւ այլն: 18 տարեկանը չպիտի զբաղվի լուրջ պետական կամ քաղաքական խնդիրներով»: Հետո էլ նշեց. «Հայ երիտասարդը պիտի հասկանա, որ իր խնդիրները լուծելու ճանապարհը Հյուսիսային պողոտայում կանգնել գոռալը չէ»: Մենք էլ հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ է այդ ճանապարհը «Բազե» այցելելն է: «Ոչ, նա պիտի զբաղվի գիտությամբ եւ կրթությամբ: Հետո էլ ամեն միջոցառում պիտի ծառայի իր նպատակին: Մեր կազմակերպությունը «Բազե»-ից հրավեր չի ստացել, գուցե նրա համար, որ անկուսակցական ենք կամ էլ որ գյուղից ենք քաղաք եկել»,- հնչեց պատասխանը: «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը» այժմ ձեւավորում է մարզային կառույցներ, տարբեր միավորումներ՝ գրողների, նկարիչների, քանդակագործների, գործարարների: Ա. Նիկողոսյանը իր խոսքում հաճախ էր նշում երկրի պետականության հզորացման հանգամանքը; Այս անգամ էլ այդ խոսակցությունները ծավալվելով՝ հասան երկրի նախագահին. «Եթե մեր ժողովուրդը ընտրում է երկրի նախագահ, ապա ով էլ նա լինի, մեր նախագահն է, որով պիտի հպարտանանք»: Հարցրինք, թե պիտի հպարտանանք անգամ այն դեպքում, երբ նա ոչ արդար եւ ժողովրդավար ձեւո՞վ է ընտրվել: «Չեմ կարծում, որ ոչ ժողովրդավար ձեւով ընտրված նախագահ մենք երբեւէ ունեցել ենք կամ կունենանք»,- հնչեց պատասխանը:
Զրույցի վերջում «Առավոտը» Ա. Նիկողոսյանից հետաքրքրվեց, թե ՀՀ-ում այսօր երիտասարդները, պետությունը եւ մյուս քաղաքացիները որքա՞ն են մտածում երիտասարդների մասին: «Մեր երկրում երիտասարդների մասին մտածում են եւ երիտասարդները, եւ պետական այրերը՝ հանձինս երկրի նախագահի»,- կարճ պատասխանեց նա: Մենք էլ հարցրինք, մի՞թե երիտասարդների մասին մտածում են՝ նրանց հաճախ առանց պատճառի բերման ենթարկելով եւ օրերով սթրեսային վիճակում պահելով: «Եթե որեւէ երիտասարդի կամ մարդու օրինապահ մարմինները բերման են ենթարկում, ուրեմն դրա առիթը կա: Չեմ կարծում, որ եթե անմեղ մարդկանց են տարել, լավ բան են արել: Այդ հարցերը պարզելու համար էլ կան իրավապահ մարմիններ»,- պատասխանեց Ա. Նիկողոսյանը: