Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՍՏԵՂԾՎԻ ՖԻԼՄԱՇԱՐ՝ «Ի ՍՓՅՈՒՌՍ ԱՇԽԱՐՀԻ»

Օգոստոս 02,2008 00:00

\"\"Ձեռնարկի պատասխանատուների համոզմամբ, այն կլինի Սփյուռքի յուրօրինակ հանրագիտարան

«MAN PICTURES studio»-ն, ի դեմս Մանվել Սարիբեկյանի, առաջիկայում պատրաստվում է նկարահանել «Ի սփյուռս աշխարհի» («Աշխարհը եւ մենք») ֆիլմաշար: Նախագծի մասնակիցներից են ՀՀ մշակույթի նախարարությունը, Ազգային կինոկենտրոնը, «SUD EXPRESSION» GROUPE RICCOBONO-ը (Ֆրանսիա), «ILUSION Films»-ը (Ուկրաինա), «ANGEL Film»-ը (Ռուսաստան)… Մասնակիցների, հովանավորների եւ ստեղծագործական խմբի անդամների ներգրավման գործընթացը դեռեւս շարունակվում է: Իբրեւ սցենարիստներ, աշխատում եւ աշխատելու են Ալեքսանդր Թոփչյանը, Արմեն Վաթյանը, Դավիթ Մուրադյանը: Հրավիրվել են կինոռեժիսորներ Ռոման Բալայանը (Ուկրաինա), Ներսես Հովհաննիսյանը (Ռուսաստան), Կարեն Գեւորգյանը, ռեժիսոր-օպերատոր Արտյոմ Մելքումյանը, մոնտաժողն է Քրիստիան Ինջեյանը՝ «Ֆրանս-2» հեռուստաընկերությունից եւ այլք:

Ծրագրի մտահղացող եւ պրոդյուսեր Մ. Սարիբեկյանը «Առավոտին» հայտնեց, որ ֆիլմաշարի նպատակն է ստեղծել ինքնատիպ կինոհանրագիտարան՝ աշխարհով մեկ սփռված հայերի մասին: Ըստ Մ. Սարիբեկյանի, ֆիլմաշարը հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանն ու Սփյուռքը լավ ճանաչեն միմյանց, այլեւ համայնքները՝ իրար: «Անգամ Ֆրանսիայի պես երկրում քիչ բան գիտեն հայերի մասին, մինչդեռ հայ-ֆրանսիական ակտիվ հարաբերությունների պատմությունը սկսվում է խաչակիրների ժամանակներից… Ավա՜ղ, ֆրանսիացիների պատկերացումները հայերի մասին սահմանափակվում են միայն երկրաշարժով եւ Ազնավուրով… Պատկերը նույնն է եվրոպական մյուս երկրներում, եթե չասենք ավելի վատը… Հայերը դառնում են զանազան «կլիշեների» օբյեկտ, դրական կամ բացասական, ինչպես՝ շարունակ «վոդկա» խմող ռուսական արջը… Սա մեզ հուշում է, որ ֆիլմաշարում անպայման պետք է ընդգծվի, որ հայերն ավանդականորեն շտապել են յուրացնել բոլոր առաջադեմ գաղափարները՝ քաղաքական, կրոնական, հասարակական կյանքում»,- ասում է մեր զրուցակիցը: Նա գիտակցում է, որ համարձակ եւ հավակնոտ է իրենց նախագիծը, բայց վստահ է, որ այն լիովին իրագործելի է:

Մ. Սարիբեկյանը հայտնեց, որ պատրաստվում են որոշակի աշխատանքներ տանել տարբեր երկրների հեռուստատեսային ընկերությունների, մշակութային հաստատությունների հետ՝ հիմնավորելու համար, որ կոնկրետ հայ համայնքի պատմությունը նաեւ տվյալ երկրի պատմությունն է: «Ակնկալում ենք ներկայացվող երկրների մշակույթի նախարարությունների, կինոկենտրոնների, պետական եւ հասարակական կառույցների աջակցությունն ու մասնակցությունը»,- հավելում է մեր զրուցակիցը:

Նրա բնորոշմամբ, ֆիլմաշարը կլինի վավերագրական, սակայն ելնելով մատուցվող նյութի բնույթից, հնարավոր է լինեն որոշակի շեղումներ, ասենք՝ բեմադրված-խաղարկային հատվածներ դերասանների մասնակցությամբ. «Կողմնակի» հայացքի մշտական ներկայությունն ապահովելու համար լայնորեն կօգտագործվեն տարբեր երկրների արխիվների նյութերը: Օրինակ, Ֆրանսիայի կողմից մեծ օգնություն է ցուցաբերել Կարբիս Արթինը, որը նախագահն է «Ա.Ր.Ա.Մ» ֆոնդի եւ պատվավոր նախագահը՝ տեղի արխիվային ասոցիացիայի, խոստացել են աջակցել նաեւ Ժան Կլոդ Կեբաբջյանը եւ Գրիգոր Գալաջյանը»:

«Ի սփյուռս աշխարհի» նախագծի հեղինակը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր ֆիլմ կունենա մեկնաբանող, որը, հավանաբար, կլինի տվյալ երկրի հայ համայնքում ճանաչված անհատականություն: Յուրաքանչյուր ֆիլմ կունենա 3 րոպեանոց, անփոփոխ կրկնվող, տեսահոլովակի սկզբունքով նկարված նախամուտք, որը Հայաստանի այցեքարտի նման մի բան կլինի, քանի որ կներկայացնի հայ ժողովրդի պատմությունը՝ այծագրերի շրջանից մինչեւ մեր օրերը:

Ծրագիրը տարողունակ է բոլոր առումներով եւ պահանջվում է նյութական, բարոյական, մասնագիտական հսկա աջակցություն՝ թե՛ հայաստանում, թե՛ Սփյուռքում, ինչպես նաեւ վստահություն անկախ պրոդյուսերների հանդեպ: Ձեռնարկի պատասխանատուները հույս ունեն արժանանալ ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ՀՀ մշակույթի նախարարության, Սփյուռքի պետական կոմիտեի, Մայր աթոռի, «Համաշխարհային հայկական կոնգրեսի», «Հայաստան» հիմնադրամի, ՀՀ-ում եւ արտերկրում գործող այլ հիմնադրամների ու բարեգործական կազմակերպությունների հովանավորությանը: Ֆիլմաշարը նախատեսվում է ցուցադրել աշխարհի տարբեր հեռուստաալիքներով: Կթողարկվեն նաեւ DVD-ներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհում տարբեր հաշվարկներով ապրում է 10-13 մլն հայ: «Դեռ պարզ չէ, թե քանի ֆիլմից բաղկացած կլինի ֆիլմաշարը, բայց ունենք ուղենիշ՝ 70-ը, որը թիվն է այն երկրների, որտեղ հայկական գաղթօջախներ կան: Կլինեն երկրներ (Ֆրանսիա, ԱՄՆ, Իրան, Թուրքիա, Ռուսաստան…), որոնք կներկայացվեն 2-3 ֆիլմով կամ մի քանի երկիր միասին՝ մեկ ֆիլմով: Յուրաքանչյուր ֆիլմ կտեւի 52 րոպե,- նշեց Մ. Սարիբեկյանը՝ հավելելով,- փորձ ենք անելու խուսափել, այսպես կոչված, «շտամպ» հասկացությունից, ուստի տարբեր ռեժիսորների հետ ենք աշխատելու, իսկ օպերատորն անփոփոխ է լինելու՝ Արտյոմ Մելքումյանը, որը պրոֆեսիոնալ է»:

Մ. Սարիբեկյանը նաեւ հայտնեց, որ անցյալ տարի հոկտեմբերին իրենց նախագիծը ներկայացվել է մշակույթի նախարարություն, կարծես դրական են արձագանքել, բայց մինչ այսօր նախարարը չի պատասխանել, թե որքա՞ն գումար է պետությունը տրամադրելու: «Եվրոպայում ֆիլմ նկարահանելը թանկ հաճույք է: Օրինակ, Ֆրանսիայի մասով ամենաքիչը երկու 52 րոպեանոց ֆիլմ պետք է նկարվի: Պետության մասնակցությունը գոնե մեր բյուջեի (65 մլն դրամ) 30 տոկոսի չափ պետք է լինի: Արտերկրում կեցության ու մյուս ծառայությունների վրա ավելի շատ գումար է ծախսվում, քան ստեղծագործական խմբի ծախսերն են»: Մ. Սարիբեկյանի համոզմամբ, հաճախ որեւէ ձեռնարկի ֆինանսապես աջակցելուց առաջ՝ մասնավոր անձինք ու կազմակերպություններն ուզում են իմանալ, որքա՞ն է պետության ներդրումը: Այդպիսով, նրանք գնահատում են այդ նախաձեռնության լրջությունը: Իսկ նրանք, ովքեր իսկապես կուզենան օգտակար լինել այս ինքնատիպ ձեռնարկին, կազմակերպիչների հետ կարող են կապվել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգելով (010) 230931 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել