Հատվածներ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից՝ օգոստոսի 1-ի հանրահավաքում
Նորահռչակ նախագահի ու նրա վարչակազմի գործունեության առաջին 100 օրվա ամփոփումը հարմար առիթ է առկա գործընթացներն ըմբռնելու եւ երկրի զարգացման խորքային միտումները վերհանելու համար: Իրավիճակի սպառիչ համապատկերն, իմ կարծիքով, կարելի է ստանալ միայն հետընտրական շրջանում պետական գլխավոր հաստատությունների գործունեությանն առանձին-առանձին անդրադառնալու պարագայում: Եվ այսպես.
Խորհրդարանի մասին
Ազգային ժողովի գործունեության մեջ ինչ է փոխվել նախագահական ընտրություններից եւ մարտիմեկյան իրադարձություններից հետո: Դժբախտաբար՝ ոչինչ: Իսկ եթե, այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվել է, ապա միայն դեպի վատը կամ վատթարը: Ազգային ժողովի պահվածքը դարձել է ավելի ցինիկ, ավելի հախուռն եւ ավելի անօրինական: Բավական է ներկայացնել վերջին շրջանում նրա ընդունած օրենքների եւ որոշումների խայտառակ շարքը.
— Մարտի 2-ին Ազգային ժողովը հինգ րոպեի ընթացքում, առանց քննարկման (չհաշված «Ժառանգություն» խմբակցության առարկությունները), համարյա միաձայն հաստատեց հանրապետության նախագահի հրամանագիրը Երեւան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ բոլորովին հաշվի չառնելով այդ հրամանագրի հակաօրինականությունը, քանի որ մեր երկրում «Արտակարգ դրության մասին» օրենք գոյություն չունի:
— Մարտի 4-ին, նույնպես առանց քննարկման եւ նույնպես համարյա միաձայն (նորից «Ժառանգություն» խմբակցության դիրքորոշումը չհաշված), Ազգային ժողովը անձեռնմխելիությունից զրկեց չորս պատգամավորների՝ նրանց բախտը հանձնելով հանրապետության գլխավոր դատախազի եւ լիովին վարկաբեկված դատական համակարգի կամայականություններին: Դրանով խորհրդարանական մեծամասնությունը ոչ միայն ցուցադրեց իր իսպառ բարոյազրկությունը, այլեւ ապացուցեց իրավագիտակցության լիակատար բացակայությունը, չհասկանալով, որ անձեռնմխելիությունը պատգամավորին տրված է հենց նրա համար, որպեսզի վերջինս պաշտպանված լինի քաղաքական հետապնդումից:
— Մարտի 17-ին խորհրդարանն ընդունեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը, որը խստագույն քննադատության ենթարկվեց Եվրախորհրդին կից Վենետիկյան հանձնաժողովի կողմից, եւ որի անհապաղ վերացման պահանջը մտավ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 1609 բանաձեւի մեջ։ Թեեւ հետագայում (հունիսի 11), իբրեւ թե անսալով նշված պահանջին, Ազգային ժողովը որոշ կոսմետիկ փոփոխություններ կատարեց այդ օրենքում, բայց դրանից նրա էությունը չփոխվեց: Մասնավորապես դա բացարձակապես չազդեց Երեւանի քաղաքապետարանի վարքագծի վրա, որը կրկնակի փոփոխված օրենքի հիման վրա շարունակում է մեթոդաբար մերժել հանրահավաքներ անցկացնելու իրազեկման բոլոր դիմումները, ինչը, չգիտես ինչու, ամենեւին չի անհանգստացնում Ազգային ժողովի հարգարժան եւ օրինապաշտ պատգամավորներին:
— Մարտի 20-ին մեր փառապանծ Ազգային ժողովն ընդունեց եւս մի աշխարհացունց եւ գերկենսական օրենք, որը վերնագրված է՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին»: Քանի որ կատարված լրացումն ու փոփոխությունը վերաբերում են նախկին նախագահին թիկնազորից զրկելու կարգին, իսկ նախկին նախագահ ասելով, օրինագծի հեղինակների ու պատգամավորների մտքում պատկերանում էր նվաստս, ապա իրավական առումով եւ ըստ էության ավելի ճիշտ կլիներ այդ օրենքը կոչել «Օրենք Լեւոն Տեր-Պետրոսյանի իրավունքները սահմանափակելու կամ, ըստ ճաշակի՝ նրան կախելու, գնդակահարելու, Լինչի դատաստանի ենթարկելու մասին»:
— Եվ վերջապես, հունիսի 16-ին Ազգային ժողովն ընդունեց «2008 թ. մարտի 1–2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» դարակազմիկ որոշումը, որը ոչ այլ ինչ, եթե ոչ ողորմելի աճպարարություն, չի կարելի անվանել: Եթե կեղծված ընտրությունների եւ մարտիմեկյան ոճրագործության մեղսակիցներից կազմված այդ հանձնաժողովը շուտափույթ կերպով չլուծարվի եւ մոռացության չմատնվի, ապա կասկածից վեր է, որ այն կդառնա հայկական պառլամենտարիզմի ամենախայտառակ էջը:
Կառավարության մասին
Կոալիցիոն կառավարություններին բնորոշ բոլոր հայտնի թերությունները զանց առած, ներկա կառավարությունն աչքի է ընկնում նաեւ մի այլ արատավոր առանձնահատկությամբ: Նրանում, ըստ էության, նվազագույնի է հասցված վարչապետի դերը, ինչը մի կողմից բացատրվում է վերջինիս անկուսակցական լինելու, հետեւաբար՝ քաղաքական հենարան չունենալու հանգամանքով, մյուս կողմից՝ նախարարների ու մարզպետների նշանակման հարցում որոշում կայացնելու իրավազորության բացակայությամբ: Բավական է նշել, որ ներկա կառավարության կազմում վարչապետը կատարել է ընդամենը մեկ նշանակում (ֆինանսների նախարար), հետեւաբար նա նախարարների վրա ազդելու եւ անկախ տնտեսական քաղաքականություն վարելու որեւէ լծակ չունի: Իսկ եթե նկատի ունենանք նաեւ, որ նա ստիպված է գործել Ռոբերտ Քոչարյանի նշանակած կոմիսարի՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի աչալուրջ հսկողության ներքո, ապա պատկերն, ինչպես ասում են, լիակատար կդառնա:
Ուստի ամենեւին զարմանալի չէ, որ նորակազմ կառավարության արտաքուստ բուռն թվացող գործունեության մեջ նշված կենսական ուղղություններով որեւէ դրական տեղաշարժ առայժմ չի նկատվում, եթե չհաշվենք վարչապետի երկարաշունչ բարոյախրատական ճառերը եւ կաշառակերության դեմ պայքարի կամ մաքսային ու հարկային ծառայություններում կարգուկանոն հաստատելու ծիծաղելի բեմականացումները, այլ կերպ ասած, «ազնիվ աշխատելու» միամսյակները: Ծիծաղելի բառը, սակայն, այնքան էլ տեղին չէ, քանի որ նշված համակարգերում թեկուզ ժամանակավոր, թեկուզ ցուցադրական կարգուկանոն հաստատելու կամ վարչարարության խստացման փորձերը, ինչպես միշտ, այս անգամ էլ կոտրվում են մանր ու միջին գործարարների գլխին, մինչ խոշորները, առաջվա պես, շարունակում են շրջանցել մաքսային ու հարկային բոլոր խոչընդոտները, ընդ որում, ոչ առանց նախագահի եւ կառավարության թողտվության: Այս աղաղակող խտրականությունն, ի դեպ, լուրջ խլրտումներ է առաջացրել ոչ միայն մանր ու միջին ձեռնարկատերերի շրջանում, այլեւ բուն իսկ մաքսային եւ հարկային մարմիններում, որոնց աշխատակիցները վրդովված են, որ մի կողմից՝ իրենց ստիպում են աշխատել օրենքով, իսկ մյուս կողմից՝ արգելում են գանձումներ կատարել գործարար աշխարհի արտոնյալ խավերից:
Իրավապահ համակարգի մասին
Իրավապահ համակարգ ընդհանուր անվան տակ ես նկատի ունեմ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Արդարադատության նախարարությունը, Դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը եւ դատարանները, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանից ժառանգություն մնացած ավազակապետական վարչակարգի ուժային հենարանը: Անցած հինգ ամիսների ընթացքում այս կառույցների հիմնական գործը եղել է ոչ թե իրենց բուն գործառույթների իրականացումը, այն է՝ օրինականության ապահովումն ու հանցագործությունների դեմ պայքարը, այլ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական պատվերի կատարումը, որի նպատակն է ընդդիմության ջախջախումը եւ մարտի 1-ի ոճրագործության կազմակերպիչների պատասխանատվության կոծկումը:
Իսկ որ խոսքն իսկապես վերաբերում է քաղաքական պատվերի առկայությանը, ապացուցվում է ոչ միայն ընթացող խայտառակ դատավարություններով, Երեւանի կենտրոնում իրականացվող շուրջօրյա ոստիկանական պարեկությամբ, Համաժողովրդական շարժման ակտիվիստների նկատմամբ կիրառվող զանգվածային ահաբեկումներով ու հալածանքներով, հանրահավաքների, երթերի ու ցույցերի սիստեմատիկ արգելումներով, այլեւ երկու ապշեցուցիչ պաշտոնական փաստաթղթերով, որոնք այլեւս որեւէ տարակույս չեն թողնում Հայաստանում սանձազերծված լայնածավալ քաղաքական տեռորի վերաբերյալ։ Իրավական անբարեխղճության գլուխգործոց հանդիսացող այդ փաստաթղթերից առաջինը Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանի 2008 թ. փետրվարի 24-ին ընդունած որոշումն է «Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու փաստի առթիվ» քրեական գործ հարուցելու մասին։ «Իշխանության յուրացումը» որպես կատարված փաստ ներկայացնելու աբսուրդից բացի, ուշադրության արժանի է նաեւ որոշման այն պնդումը, թե իբր քրեական գործը հարուցվել է «ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերի» հիման վրա։ Թե ինչ նյութերի մասին է խոսքը, անգամ դեպքերից հինգ ամիս անց դեռեւս պարզ չէ, քանի որ այդպիսիք բացակայում են տվյալ որոշման արդյունքում կալանավորված անխտիր բոլոր անձանց գործերում: Դա ինքնաբերաբար նշանակում է, որ այդպիսի նյութեր ընդհանրապես գոյություն չեն ունեցել, եւ Մ. Մարուքյանի որոշումն ի բնե եղել է հակաօրինական՝ ծառայելով բոլորովին այլ նպատակի, այն է՝ անհիմն քրեական գործի հարուցմամբ Ռոբերտ Քոչարյանի կողմից ընդդիմության դեմ ծրագրված հաշվեհարդարի իրավական քողածածկույթի ստեղծմանը:
Ես արդեն երկրորդ անգամ եմ այսպես հանգամանորեն անդրադառնում տվյալ պերճախոս փաստաթղթին, ինչը բացատրվում է նրա բացառիկ կարեւորությամբ, քանի որ այն մի կողմից՝ անառարկելիորեն ապացուցում է ընդդիմության լիակատար ջախջախմանը միտված լայնածավալ հալածանքների քաղաքական դրդապատճառը, իսկ մյուս կողմից՝ վերհանում Հայաստանի ներկա իշխանությունների իրավագիտակցության մակարդակը: Ամենեւին զարմանալի չէ, որ փաստաթղթի հրապարակումից հետո անգամ նրա հեղինակը շարունակում է վարել իր պաշտոնը, իսկ սահմանադրական կարգի երաշխավորը հանդիսացող ինքնահռչակ նախագահը չի շտապում վերաբերմունք արտահայտել այս աղաղակող փաստի նկատմամբ: Ցանկացած նորմալ երկրում նման փաստաթղթի հրապարակումը կառավարության տապալման կամ նախագահի պաշտոնանկության պատճառ կարող էր դառնալ:
Տեղական ինքնակառավարման մասին
Սերժ Սարգսյանի «նախագահության» առաջին ամիսների ընթացքում տեղական ինքնակառավարման բնագավառում տիրող վիճակն ու բարքերն ամենեւին չեն փոխվել, ինչի վկայությունն են, մասնավորապես, հանրապետության տարբեր համայնքներում ընթացող մասնակի ընտրությունները: Ոստիկանական եւ հարկային տեռորը, ընդդիմության թեկնածուների նկատմամբ կիրառվող խտրականությունը, միակողմանի քարոզչությունը եւ մանավանդ ընտրակաշառքը շարունակում են մնալ իշխանությունների հովանավորությունը վայելող թեկնածուների զինանոցը: Ուստի զարմանալի չէ, որ այդպիսի մեթոդներով անցկացվող ընտրություններում, առանց բացառության, հաղթող են դուրս գալիս կա՛մ նախկին քաղաքապետերն ու թաղապետերը, կա՛մ էլ՝ նրանց նմանները:
Սերժ Սարգսյանի մասին
Միակ բանը, որ այդ ընթացքում Սեր ժ Սարգսյանը լավ է կատարել՝ ժողովրդավարական ազատությունների էլ ավելի սահմանափակումն է եւ մարդու իրավունքների հետեւողական ոտնահարումը, ինչի հետեւանքով վարչախմբի եւ հասարակության միջեւ գոյացած լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Մեծագույն տաղանդ էր պետք այդքան կարճ ժամկետում համարյա ողջ ժողովրդին իր դեմ տրամադրելու համար: Իր վերջին ասուլիսում Սարգսյանն իրավացիորեն նշեց, որ ինքը երկխոսության խնդիր ունի ոչ թե ընդդիմության առաջնորդի, այլ հասարակության հետ: Փառք Աստծու, որ նա վերջապես հասկացել է այս պարզ ճշմարտությունը: Սակայն ցավալի է, որ հասարակության հետ երկխոսությունը նա միանգամայն յուրովի է պատկերացնում, այն է՝ մահակների, ոստիկանական եւ հարկային տեռորի, հանրահավաքների ու ցույցերի արգելման, զանգվածային ահաբեկումների ու ձերբակալությունների միջոցով:
Սարգսյանն այնքան համոզված է իր ճշմարտացիության մեջ, որ այսուհետեւ եւս մտադիր չէ քայլեր ձեռնարկել հասարակության հետ հաշտվելու ուղղությամբ, այն է՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ բացահայտել մարտի 1-ի ոճրագործության բուն կատարողներին ու կազմակերպիչներին: Դրա վկայությունն է վերը հիշատակված ասուլիսում հնչած եւս մի ուշագրավ միտք, այն է՝ «Եթե մինչեւ հունվար Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պահանջներից մեկը չկատարվի, ջրհեղեղ չի լինի»: Հատկանշական է, որ Սարգսյանը չի վիճարկում Վեհաժողովի պահանջների արդարացիությունը, չի առարկում դրանց հիմնավորվածության դեմ, այլ վոյինաբար հոխորտում. «Չենք կատարի, եւ վերջ»: Եթե մինչ այժմ Հայաստանի իշխանությունները կիսատ-պռատ քայլերով ու էժանագին աճպարարություններով Վեհաժողովի առաջ ձեւացնում էին, թե իբր լրջորեն են վերաբերվում նրա պահանջներին, ապա այժմ ցինիկաբար հայտարարում են, որ չեն պատրաստվում կատարել դրանք։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ միջազգային հանրությանն ու մեր հասարակությանը նետված լկտի մարտահրավեր։ Սարգսյանն, այսպիսով, դրսեւորում է ոչ թե երկրի նախագահի, այլ իրավիճակի լրջությունն ու հասարակության հետ իրական երկխոսության անհրաժեշտությունը չգիտակցող բռնապետի պահվածք: