Լրահոս
Օրվա լրահոսը

Զրկում են սեփականությունից

Օգոստոս 02,2008 00:00

\"\"Դատարանը դուրս է եկել հայցապահանջի ծավալներից

Նկարչուհի Եվա Գեւորգյանը ամուսնացել է 1978-ին: 1983-ին ունեցել են աղջիկ՝ Արեւիկին: Եվան տեղափոխվել է Կոնդ թաղամասի Լեոյի փողոցի 76/5 հասցեում գտնվող ամուսնու ծնողների կողմից տնօրինվող տունը: 1993թ. ամուսինը հեռացել է տնից, ամուսնացել այլ կնոջ հետ, տեղափոխվել ուրիշ բնակարան: Տունը փաստացի տնօրինել են նրա նախկին կինը՝ Ե. Գեւորգյանն ու երեխան: Ընդհանրապես, վիճելի տանը նախկին ամուսինը 1993-ից չի բնակվել, տան կամ հողամասի հետ կապված վճարումներ չի կատարել, չի մասնակցել տան վերանորոգմանը, տնամերձ հողամասի մշակմանը, սակայն նա հաշվառված է մնացել այդ տանը: Նախկին ամուսնու կողմից նշված տան օգտագործման իրավունքը դադարեցնելու պահանջով դեռ 1995թ., ապա՝ 1997թ. Եվա Գեւորգյանը դիմել է դատարան: Հայցերը մերժվել են: Սակայն Ե. Գեւորգյանը, առանց իրավաբանական գրանցման, մինչեւ 2006թ. տնօրինել է Լեոյի 76/5 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ որպես սեփական գույք: Դրա հիման վրա քաղաքապետարանի 2391- Ա որոշմամբ 2006-ից Եվա Գեւորգյանը սեփականաշնորհում է այդ տարածքը:

Տեղեկանալով Կոնդ տարածքի իրացման մասին, նախկին ամուսինը դիմում է «ԾԻԳ», որտեղ էլ պարզվում է, որ Ե. Գեւորգյանը սեփականաշնորհել է տարածքը: Նա դիմում է ՀՀ վարչական դատարան՝ գտնելով, որ ինքը պետական կամ հանրային բնակֆոնդի սեփականաշնորհման սուբյեկտ է, քանի որ ՀՀ-ում բնակվել է մշտապես, ունի գրանցում եւ իրավունքներ տվյալ բնակտարածությունում: Քաղաքապետարանը, որը ՀՀ վարչական դատարանում հանդես եկավ որպես երրորդ կողմ, իր ներկայացուցչի՝ Լուսինե Ստեփանյանի միջոցով փոխանցեց, որ քաղաքապետի 2391-Ա որոշմամբ ճանաչվել է Եվա Գեւորգյանի սեփականության իրավունքը՝ վիճարկվող հասցեում գտնվող 95 քմ մակերեսով հողամասի եւ 79,53 քմ մակերեսով ինքնակամ կառույցի նկատմամբ: Լ. Ստեփանյանը վկայակոչեց նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածը, ըստ որի՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, ով անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն 10 տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ տիրապետում է այն որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք: Քաղաքապետարանը գտնում էր, քանի որ ամուսինը 1993-ից չի բնակվել այդ հասցեում, հետեւաբար՝ սեփականատեր չի կարող համարվել:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ Հովհաննես Մանուկյանը հայտնեց, որ կադաստրային գործում իրավունքների գրանցման միասնական մատյանում Եվա Գեւորգյանի անվամբ գրանցվել է հողամաս, 67,92 քմ բնակելի տուն՝ սեփականության իրավունքով, եւ 34,82 քմ բնակելի տուն՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով:

Այնուամենայնիվ, դատարանն անվավեր է ճանաչել Եվա Գեւորգյանի սեփականության իրավունքի գրանցման պետական գրանցումը: Սակայն դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վիճելի տանն ապրել է եւ ապրում է դուստրը՝ Արեւիկը: Նրա իրավունքների մասին որեւէ տող չկա:

Ե. Գեւորգյանը բողոքով դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան, ուր հակափաստարկների մեջ նշում է, որ տանը գրանցված աղջիկն ու որդեգրած որդին վարչական դատարանի վճռի արդյունքում հնարավոր է զրկվեն գույքի տիրապետումից ու օգտագործումից: Ավելին, բողոքաբերը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը դուրս է եկել հայցապահանջի սահմաններից, ամբողջությամբ անվավեր է ճանաչել բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը: Սա այն դեպքում, երբ նախկին ամուսինը դիմել էր ընդամենը 1/2-ի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել