Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԺԵՂԻ ՄՈՏ ՄԻՇՏ ԹՈ՞ՒՅԼՆ Է ՄԵՂԱՎՈՐ

Օգոստոս 02,2008 00:00

Համենայնդեպս՝ գործարար աշխարհում այդպես է

Պուշկինի 15 հասցեում է գտնվում սեփականության իրավունքով Արարատ Ծովյանին ու նրա ընկերոջը պատկանող 88 քմ ընդհանուր մակերեսով կենցաղսպասարկման օբյեկտը: Այդ տարածքում նա զբաղվել է ակնագործությամբ եւ ստացած գումարով պահել ընտանիքը: 2003-ին այդ օբյեկտը Հյուսիսային պողոտայի շինարարության համար՝ պետության կարիքների անվան տակ, դատական կարգով վերցվել է նրանցից՝ 8250-ական դոլար փոխհատուցմամբ: «Առավոտի» հետ զրույցում Ա. Ծովյանը նշեց, որ անարդարացի փոխհատուցման դեմ իրենց հետագա բողոքները դադարեցնելու համար փոխհամաձայնության են եկել, որ կենցաղսպասարկման օբյեկտներ կառուցելու համար իրենց հատկացվեն հողատարածքներ: Երեւանի քաղաքապետի 2003թ. դեկտեմբերի 1-ի թիվ 2320-Ա որոշմամբ, Պուշկինի փողոցի 15ա շենքին հարող տարածքում կենցաղսպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով 10 տարի ժամանակով վարձակալությամբ նրան տրամադրվել է 20 քմ մակերեսով հողամաս, որի վրա, քաղաքաշինական փաստաթղթերի համաձայն, իրականացվել են շինարարական աշխատանքներ: Ենթադրվում էր, որ դրանով այս անարդարությունը կվերականգնվի, սակայն իզուր՝ հենց այստեղից սկսվում է մեկ այլ ապօրինություն: Պարոն Ծովյանի խոսքերով. «Ինձ հատկացված հողամասի մոտ գտնվող, սակայն ինձ հատկացված տարածքի հետ ընդհանուր սահման չունեցող Պուշկինի 19 տան տարածքը շատ ավելի ուշ ձեռք է բերել «Ֆլեշ» ՍՊԸ-ն: Չգիտես ինչպես, իրեն իրավունք վերապահելով, 2005-ի մարտի 10-ին «Ֆլեշը» ուժային կարգով քանդել է մեր կառուցած օբյեկտը»: Նրա փոխանցմամբ, օբյեկտը քանդելուց հետո «Ֆլեշի» ղեկավարությունը, տնօրեն Յաշա Խաչատրյանի գլխավորությամբ, սկսել է իր հետ բանակցություններ վարել՝ փորձելով համոզել, որ չբողոքեն եւ հավաստիացրել են, որ ընկերությունը նույն տարածքում օբյեկտը կկառուցի, նույնիսկ դրա համար առաջարկել են պայմանագիր կնքել: Նույն խոստումները տվել է «Ֆլեշի» հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը, սակայն հետագայում հրաժարվել է տարածքը կառուցապատել եւ դրա դիմաց առաջարկել է 20 հազար ԱՄՆ դոլար: Երբ Ա. Ծովյանը հրաժարվել է գումարն ընդունել, պարոն Բեգլարյանը սպառնացել է, թե «ոչ մի բան էլ չենք տալու, գնացեք՝ ինչ ուզում եք արեք»: Հենց այդ տարածքում էլ այսօր վեր է խոյանում «Արարատ» բանկի շենքը: Այս գործն անցել է նաեւ դատական ատյաններով եւ արդեն 2-3 տարի է՝ խնդրին լուծում չի տրվել:

Դիմելով դատարան, Ա. Ծովյանը պահանջել էր «Ֆլեշին» պարտավորեցնել՝ քանդել իր տարածքում կառուցված անօրինական շինությունը եւ վերականգնել նախկին դրությունը, կամ այդ աշխատանքներն իր կողմից կատարվելու համար ընկերությունից բռնագանձել 4 միլիոն 828 հազար 577 դրամ: 2006-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճռով հայցը մերժվել է, վերաքննիչ բողոքով 2007-ին Ծովյանների հայցը՝ բավարարվել, իսկ Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ բեկանվել է վերաքննիչի վճիռը եւ ուղարկվել դատարան՝ այլ կազմով նոր քննության: Սակայն դատական բարեփոխումներից հետո՝ հունվարի 1-ից, այդ վեճը հետ է ուղարկվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Մի քանի ամիս է՝ վեճը դատարանի վարույթում է, սակայն դատավոր Ա. Մելքոնյանն արդեն քանիցս դատական նիստը հետաձգում է: Այժմ Ծովյանների ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում: Նա մեր թերթի միջոցով հուսահատ դիմում է նախագահ Սերժ Սարգսյանին. «Մենք պատրաստ ենք նույնիսկ վնասների փոխհատուցմամբ այլ վայրում համարժեք կառուցապատված տարածքի հատկացմանը, միայն թե կարողանանք աշխատել եւ մեր ընտանիքը պահել: Մեծարգո նախագահ, ձեզ ենք դիմում եւ հուսով ենք, որ մեր առջեւ ծառացած այս խնդիրը լուծում կստանա եւ կհամոզվենք, որ ուժեղի մոտ միշտ չէ, որ թույլն է մեղավոր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել