Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատը սեփականաշնորհե՞լ է

Օգոստոս 02,2008 00:00

Արարատցիների ներկայացմամբ, իրենց քաղաքապետը միայն իր շահի մասին է մտածում

«Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանն իրեն քաղաքի սեփականատեր է զգում ու մտքով ինչ անցնում՝ անում է: Քաղաքապետի պաշտոնն էլ իր սեփականության վկայականն է: Ամենափոքր օբյեկտներից մինչեւ հանրակացարան՝ սեփականաշնորհում է ու վաճառում իր ուզած մարդկանց»,- օրերս նման բողոքով «Առավոտին» էին դիմել Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ: Նրանք արձագանքելով մեր թերթի 22.07.2008թ. «Արարատը վաճառվում է» հրապարակմանը, քաղաքապետի կամայական գործունեության վերաբերյալ նոր փաստեր հայտնեցին:

Արարատցիների ներկայացմամբ, քաղաքապետ Աբրահամ Բաբայանը քաղաքի մի քանի մանկապարտեզի շենքեր օտարելուց եւ իրենով անելուց հետո, այժմ էլ աչք է դրել քաղաքի միակ հանրակացարանի շենքի վրա, որտեղ հիմնականում բնակվում են փախստականներ ու սոցիալապես անապահով արարատցիներ: Արարատցիների պատմելով, արդեն իսկ քաղաքապետը մոտ 10 ընտանիքի հրահանգել է հանրակացարանի առաջին հարկն ազատել՝ ողջ հարկաբաժնում սուպերմարկետ բացելու համար: Նշենք, որ հանրակացարանը գտնվում է քաղաքապետարանի հաշվեկշռում, ուստի քաղաքապետը կարող է շատ հեշտությամբ բնակիչներից ազատվել:

Այս պահին Արարատ քաղաքի Սպանդարյան եւ Խանջյան փողոցներում բարեկարգման ու սալիկապատման աշխատանքներ են իրականացվում, սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրների հավաստմամբ, շինաշխատանքները սկսելու համար, ինչպես որ կարգն է, որեւէ մրցույթ չի հայտարարվել ու այդ աշխատանքները կատարում են Ա. Բաբայանի նախընտրած ընկերությունները: Բարեկարգման համար նախատեսված սալիկներն էլ քաղաքապետը գնում է սեփական ընկերությունից. արարատցիների ներկայացմամբ՝ սալիկների արտադրամասը, որը գործում է քաղաքապետին պատկանող «Այգ» համալիրում, բացի քաղաքապետից, պատկանում է նաեւ փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանին:

Բնակիչների պատմելով, վերջերս էլ Ա. Բաբայանը մի քանի անգամ բարձրացրել է մանկապատանեկան արվեստի դպրոցի վարձը՝ 3000-ից դարձնելով 9000 դրամ, ինչի հետեւանքով հաճախող երեխաների թիվը մոտ 2 անգամ կրճատվել է: Բացի այդ, քաղաքապետը արվեստի դպրոցը տեղափոխել է քաղաքապետարանին կից գտնվող մշակույթի տուն եւ մի քանի խմբակներին ընդամենը մեկ սենյակ տրամադրել: Արարատցիների պատմելով՝ արվեստի դպրոցում կա ժողգործիքների բաժիններ, երգի ու պարի խմբակներ եւ մեկ սենյակում այդ բոլորի դասընթացները կազմակերպելը պարզապես անհնար է. «Նրա նպատակը մեկն է՝ ուզում է այս դպրոցն էլ լուծարել»:

Ուշագրավ է նաեւ, որ Ա. Բաբայանը, ավագանու համաձայնությամբ, իր ծառայողական «Մերսեդես-բենց» մակնիշի մեքենան էլ գնել է հարազատ որդուց:

Քաղաքապետ Ա. Բաբայանն անգամ Արարատի մանկապարտեզների սննդի ապահովման գործում էլ է հարցն ի շահ իրեն լուծել. մեր աղբյուրների փոխանցմամբ, մանկապարտեզների ղեկավարներին պարտադրել է մանուկների սնունդը, պայմանագրային կարգով, գնել իրեն պատկանող «Այգ» համալիրում գործող խանութից, որտեղ գներն այնքան էլ մատչելի չեն: Մինչդեռ մանկապարտեզների վարիչները կարող էին ավելի արդյունավետ տարբերակ ընտրել եւ սնունդը գնել մեծածախ առեւտրի կետերից:

Արարատցիները պատմեցին, որ տասներորդցիների ավարտական երեկոյի քեֆերը նույնպես քաղաքապետի ռեստորանում է անցկացվել, քանի որ Ա. Բաբայանն այդպես է հարմար գտել: Բնակիչները հավաստիացրին, որ իրենք ականատես են եղել, թե ինչպես են որոշ մարդիկ «կիսլատա» լցնելով՝ աստիճանաբար չորացրել Արարատի միակ զբոսայգու 30 տարվա ծառերը, որպեսզի դրանց տեղում քաղաքապետը սրճարան եւ զվարճանքի օբյեկտ կառուցի:

Նշենք, որ մեր առաջին հրապարակման մեջ մանրամասն անդրադարձել էինք Արարատի այգու ծառահատումներին: Մեր հարցին ի պատասխան, բնապահպանության նախարարությունից հայտնել էին, որ կուսումնասիրեն ու վերջնական պատասխան կտան: Օրերս նախարարությունից ասացին, որ դրանք սանիտարական հատումներ են: Մինչդեռ նկատենք, որ նախարարությունը նման եզրակացություն տվել է քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթի հիման վրա: Այսինքն՝ քաղաքապետարանը ինչ եզրակացություն հարմար է գտել, այն էլ գրել է:

Ծառերը միտումնավոր չորացնելու առնչությամբ էլ՝ նախարարության պատասխանատուներն ասացին. «Մենք մասնագետներ չունենք, որպեսզի պարզենք ծառերը չորացրե՞լ են, թե՞ ոչ: Դա հատուկ մասնագետների գործն է»: Արարատցիների խոսքերով. «Մեր քաղաքի մեծ մասն ընտրել է Սերժ Սարգսյանին, բայց արդեն փոշմանել ենք, որովհետեւ նման անօրինականությունները գնալով շատանում են, իսկ նախագահը տեր չի կանգնում իր կուսակից ընկերոջ արարքներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել