Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱՐԾՈՒՄ ԷՐ, ԹԵ ԿՈՒՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Օգոստոս 02,2008 00:00

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյա նի հերթական կանխատեսումները

Երեկ ընդդիմության հանրահավաքի սկսվելուց 6 ժամ առաջ իր կանխատեսումներով հայտնի ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Տեսակետ» ակումբում կանխատեսեց. «Միտինգը կավարտվի առանց որեւէ բնորոշիչ ունենալու»: Ըստ նրա՝ ասվելու են նույն խոսքերը. «Այսինքն՝ նույն ճզվզոցը, ոնց որ առաջներում եղել է»:

Անդրադարձավ իր նախորդ կանխատեսմանը, ըստ որի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պիտի հեռանար Հայաստանից, եւ ասաց. «Կարծում եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն քաղաքականությամբ չի զբաղվում: Պարզապես իր հոգու պարտքն է՝ քանի որ կան կալանավորներ, պետք է ինչ-որ ձեւով ազդեցություն ունենա այդ գործընթացներում»:

Նա իշխանության թուլությունը համարեց այն, որ «գոնե վկայի կարգավիճակով մինչեւ այսօր Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույց էլ տեղի չի ունեցել համապատասխան մարմինների կողմից»:

Իր ողջ ասուլիսում ՀՀԿ փոխնախագահը բազմաթիվ բացասական որակումներ տվեց Հայաստանի առաջին նախագահին՝ «Տեր-Պետրոսյանն այն մոլորյալներից է, ով կարծում էր, թե կուտի Հայաստանն ու իր հաղթական գավազանով առաջ կգնա»: Նաեւ հայտարարեց, թե նա վարձված է գերտերությունների կողմից, բայց երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ հատկապես ո՞ր գերտերությունների, նահանջեց. «Ամերիկյան ուժ է եւ ոչ թե ամերիկյան պետություն եւ Ֆրանսիայում տեղավորված առանձին լոժաներ»: Բայց հետո էլի նշեց, թե ամերիկյան այդ ուժի հետեւում պետությունն է կանգնած:

«Առավոտը» Գալուստ Սահակյանին հիշեցրեց, թե քանի դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ ինքը գովաբանում էր նրան: Իսկ հիմա քննադատում է նույն ուժգնությամբ, ինչպես ժամանակին գովաբանում էր: Հարցին, թե ե՞րբ էր ինքն ավելի անկեղծ՝ ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց. «Ես այսօր էլ, որպես մտածող, որպես քաղաքական գործիչ՝ նորից գովաբանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա գրագիտությունը, խոհունությունը: Բայց դա չի նշանակում, որ այն դեպքում, երբ գործողությունը տանում է արդեն կամ վտանգում է պետությանը՝ ես պիտի նորից գովաբանեմ: Որպես անհատականություն, որպես անձ, որպես մեր առաջին նախագահ, որին հավատացել է ժողովուրդը, բնականաբար… բայց պիտի ինքը պատվանդանից չիջներ: Եվ պատմության մեջ կմնար որպես առաջին նախագահ՝ իր ամբողջ թերություններով»:

Հ. Գ. Գալուստ Սահակյանը նշելով, թե ընդդիմություն չկա՝ մի կանխատեսում էլ արեց. «Կարծում եմ, այս ընթացքում բնական ճանապարհով կառաջանա նաեւ ընդդիմություն, որը, կարծում եմ, ավելի կառավա…. կառուցողական կլինի»: Վրիպակը շատ խորհրդանշական էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել