«Պոլիսը գիտի ամեն մեկիս՝ որտեղ ենք ապրում, եթե ուզենան՝ մի գիշերում բոլորիս կհանեն էստեղից»,- ասում է նրանցից մեկը
2007 թ. հոկտեմբերին Թուրքիայի ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Շուքրույ Էլեքդաղը Մեջլիսում հայտարարեց, որ «Հայաստանի 70 հազար քաղաքացիներ ապօրինի աշխատում են Թուրքիայում»: Ի պատասխան՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը ներկայացրեց հետեւյալ թվերը. «2007 թ. Հայաստանից Թուրքիա է մուտք գործել 53 հազար 108 մարդ, Թուրքիայից նույն տարում մեկնել է 53 հազար 359 հայաստանցի»: Նա նաեւ ասաց, որ 2007 թ. երկրից վտարվել է Թուրքիայում ապօրինի բնակվող 8 ՀՀ քաղաքացի: Թե որքանո՞վ են այս թվերն իրական՝ դժվար է ասել: Բայց Ստամբուլում մեր գտնվելու օրերին հանդիպեցինք բազմաթիվ հայերի, ովքեր տարիներ շարունակ անօրինական ապրում են այդ երկրում: Կային նաեւ արդեն Թուրքիայի քաղաքացիություն ստացած հայաստանցիներ:
Երեւան-Ստամբուլ ավտոբուսում գտնվողներից շատերը չեն էլ ընկալում, որ Հայաստանը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի: Նրանք Թուրքիա մտնելիս որեւէ խնդիր չեն ունենում: Սահմանին վճարում են 15 դոլարը, եւ Թուրքիան բացում է իր դռները հայաստանցիների առաջ: Վրացի սահմանապահների հետ ավելի դժվար է: Բագրատաշենի մաքսակետ հասնելուց առաջ վարորդներից մեկը՝ Ալին, ասաց. «Ում անձնագիրը նորմալ չի, թող 10 դոլար տա»: Չգիտեմ՝ քանի՞ մարդ այդպես վարվեց, բայց Ալին բավականին գումար հավաքեց վրացի սահմանապահներին տալու համար: «Իսկ ի՞նչ խնդիր կարող է լինել անձնագրի հետ կապված»,- հարցնում եմ ետեւի նստարանին նստած վանաձորցի տղամարդուն: «Նկարի մոտ ցելոֆանը լավ չի կպած կամ ճմրթված է»,- պատասխանեց նա: Ես ստուգեցի անձնագրիս թերթերը. ամեն ինչ նորմալ էր: Ալին անձնագրերը հավաքեց եւ փողի հետ տարավ անցակետ: Իհարկե, փողը նաեւ արագացնելու, երկար չսպասելու հնարավորություն է տալիս: Մեկ ժամ սպասելուց հետո անցանք վրացական սահմանը: Կեսգիշերին նորից վրացական սահմանում էինք, բայց մյուս կողմում արդեն թուրքական Արդվինն էր: Վրացիների մոտ դարձյալ սպասում ենք: Վրացական մաքսատան աշխատակցուհին ուղղակի քրքրում է անձնագրերը: Իմ անձնագիրն էլ շուռ ու մուռ տվեց ձեռքում, եղունգով ինչ-որ շարժումներ արեց, կնքեց ու ետ տվեց: Արդեն ավտոբուսում նկատեցի, որ անձնագրիս նկարի մոտ «ցելոֆանը» ցցվել է: Կողքի նստարանին նստած գյումրեցի կինը նկատելով տարակուսանքս, մի տեսակ չարախնդալով ասաց. «Դա արվեց, որպեսզի հետ գալուց նա իր տասը դոլարը կարողանա ստանալ»:
Գյումրեցի կինը ետեւի շարքում նստած վանաձորցի զույգին, որն առաջին անգամ էր գնում Ստամբուլ, «պատգամներ» էր տալիս, որ առեւտուր անելիս հանկարծ չխաբվեն. «Իրենք քեզ էնպես կշահեն, դու բան մը չես զգա»,- քմծիծաղեց կինը: «16 տարի գնում-գալիս եմ, տղա ջան»,- ասում էր նա ուշիմ վանաձորցուն: Ես մտքումս հաշվեցի՝ 1992 թվականից սկսած: Հենց այդ ժամանակվանից հայերը սկսեցին մեկնել Թուրքիա՝ ապրանք բերելու: «Հիմա ով ասես չի գալիս, է՜, ի՜նչ ժամանակներ էին: Ինձ կըսեին՝ «կոժի պրինցեսա»: «Կոժ» մենակ ես կբերեի, բոլորը գիտեին, եւ ուրիշները կուգային ինձնից կտանեին: Հիմա էդ մեծ խանութները մեզ խեղդեցին: Իրանք փող շատ ունեն ու մեծ թվով են բերում: Դրա համար էլ մեզ ձեռք չի տալիս»,- մի տեսակ ափսոսանքով ասում էր կինը: «Համլետը, որին ես եմ առաջին անգամ հետս բերել Ստամբուլ, հիմա դառել է եսիմ ինչ, այնպե՜ս է խոսում: Դրան հետո մի կողմ քաշեցի, ըսեցի՝ էդ մոռցե՞լ ես, չես հիշո՞ւմ, ամոթ չես ընե՞ր»: Եվ այսպիսի զրույցներ 36 ժամ շարունակ, ավտոբուսի տարբեր հատվածներում: Մարդիկ հանգիստ էին եւ չէին զգում ճանապարհի երկարությունը, սա իրենց առօրյան է:
Համլետը կնոջ հետ արդեն 8 տարի ապրում է Ստամբուլում: «Կոշիկի ֆաբրիկայում «կաբլուկ» եմ խփում»,- ասում է նա: Բեռնատարով Հայաստան հարազատներին ապրանք են ուղարկում, նրանք էլ այդ ապրանքը վաճառում են: Համլետն ասում է, որ որոշել է այս օգոստոսին վերադառնալ Հայաստան: Ես հավատացի նրան, բայց հաջորդ օրերին հայաստանցիների հետ հանդիպումներից հետո հասկացա, որ բոլորն են խոսում վերադառնալու մասին, բայց շարունակում են մնալ: «Պոլիսը գիտի ամեն մեկիս՝ որտեղ ենք ապրում, եթե ուզենան, մի գիշերում բոլորիս կհանեն էստեղից»,- պատասխանում է Համլետը, երբ հարցնում եմ, թե ի՞նչ վտանգներ կան այս երկրում ապօրինի գտնվողների համար: Ես չհասկացա, թե ինչու հենց «գիշեր» բառը շեշտեց Համլետը՝ վախն ուժեղացնելո՞ւ համար, թե՞ ոստիկաններ էին այցելել նրան գիշերը: Բայց մի քանի օր հետո, հանդիպելով 21 տարեկան մի երեւանցի տղայի, հասկացա, որ նրանց օրերն իսկապես լի են տագնապով: Տղան աշխատանքից գալիս է եւ մինչեւ առավոտ սենյակից դուրս չի գալիս: Ութ քառակուսի մետրանոց սենյակում ոչ մի հրապուրիչ բան չկա, մեր այնտեղ լինելու ժամանակ նույնիսկ հոսանք չկար: Միակ սփոփանքը հարեւան հայերն են՝ մայր ու որդի, դարձյալ երեւանցիներ:
«Մեր երկիրը թողել ենք, եկել էս անտերությունը»,- ասում է Համլետը: Հասկացա, որ արդարանալու համար էր ասում. նրան այդ մասին որեւէ բան չէի ասել: Այստեղի հայերն էլ Լոս Անջելեսի հայերի նման մի բարդույթ ունեն. անընդհատ փորձում են իրենց այդտեղ գտնվելն արդարացնել: Համլետը պատմում է, որ արբանյակով «Հ1» է նայում: Մեկ այլ հայաստանցու հարցնում եմ. «Երեխեքն այստեղ դպրոց գնո՞ւմ են»: Պատասխանում է. «Ի՞նչ դպրոց, դպրոց չկա: Թող երեխեքն էլ աշխատեն, էլի մի բան է, էլի փող է»:
Ստամբուլում շատ են ընտանիքներով հայերը, եւ նրանց երեխաները կրթություն չեն ստանում: Ցանկության դեպքում էլ նրանք հայկական դպրոցներ չեն կարող հաճախել, որովհետեւ թուրքական օրենքներն արգելում են երկրում ապօրինի գտնվողների երեխաներին դպրոց ընդունել: «Գումգափին նորեն բնակվեցավ հայերով, ո՞վ կմտածեր»,- ասում է պոլսահայ Գայանեն, ով մեզ ուղեկցում էր Ստամբուլի հայկական թաղամասեր եւ եկեղեցիներ այցելելիս: Անցած դարասկզբին Գումգափին հայաբնակ թաղամաս էր, եւ այսօր այն նորից հայաբնակ է դառնում, բայց այս անգամ՝ հայաստանցիներով: «Մենք դրսում վախենում էինք հայերեն խոսել, թուրքերեն էինք խոսում: Մի անգամ տրամվայի մեջ երկու կին բարձրաձայն հայերեն էին խոսում՝ հանգիստ, առանց ուշադրություն դարձնելու կողքիններին: Ես զգացի, թե մենք ինչ վախով ենք ապրել: Կամաց-կամաց մենք էլ սկսեցինք դրսերում հայերեն խոսել: Մենք՝ վախվորած սերունդս, ցեղասպանությունից հետո այստեղ մի կերպ հայ մնացածներս»,- ասում է Գայանեն: Երեւան վերադառնալուց հետո հիշեցի, որ Ստամբուլում ամեն օր գնում էինք Պատրիարքարանի փողոց, որտեղ հայեր էին ապրում: Ինքս էլ չէի հասկանում, թե ինչո՞ւ էինք քայլում այդ փողոցներով, հայաբնակ փողոցներով:
(շարունակելի)