Մայրաքաղաքի ամենածանրաբեռնված տրանսպորտային հանգույցներից մեկի՝ «Այրարատ» կինոթատրոնին հարակից ճանապարհային ուղետարի շինարարությունն ավարտված է:
Երեկ հանդիսավոր պայմաններում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի մասնակցությամբ, շահագործման հանձնվեց «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող՝ շուրջ 360 մետր ընդհանուր երկարությամբ ճանապարհային հանգույցը: Մայրաքաղաքի այս ամենալարված տրանսպորտային հատվածի շինարարությունը կատարվեց բավականին սեղմ ժամկետում՝ ընդամենը մեկ տարի եւ մեկ ամսում, ինչպես եւ խոստացել էր Երեւանի քաղաքապետը:
Մայրաքաղաքի Խորենացու փողոցից սկսվող եւ Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց ավարտվող նոր բազմամակարդակ հանգույց-ուղետարը կլուծի Երեւանի կենտրոնական 4 փողոցների տրանսպորտային անարգել երթեւեկության խնդիրը: Շնորհիվ ճանապարհային երկկողմանի երթեւեկելի ուղետարի, մայրաքաղաքի Արշակունյաց, Տիգրան Մեծի պողոտաներով եւ Խանջյան ու Ագաթանգեղոսի փողոցներով կապահովվի անընդմեջ երթեւեկություն: Բացի անցուղու տեսանելի հատվածից, շինարարության ընթացքում ամբողջապես փոխվել են նաեւ տարածքով անցնող բոլոր հաղորդուղիները, մաշված եւ քայքայված էլեկտրականության եւ կապի մալուխները, խմելու ջրի խողովակները եւ գազի մագիստրալները: Մայրաքաղաքի այս հատվածի երթեւեկության խնդիրը հնարավորինս կարճ ժամկետներում լուծելու համար, դեռեւս նախորդ տարվա հունիսին սկսված շինարարական աշխատանքներն ընթացել են խիստ լարված՝ երկհերթ, իսկ վերջին շրջանում նաեւ եռահերթ ժամանակացույցով: Կառուցապատումը չի դադարեցվել անգամ ձմռանը: Երեկ, ճանապարհային այս անցուղու բացման արարողության ժամանակ, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն ասաց, որ այդ բարդ ու պատասխանատու շինարարությունը իրականացվել է իսկապես երաշխավորված որակով՝ չհանդուրժելով որեւէ զիջում: Քաղաքապետի տեղեկացմամբ, շինարարական աշխատանքների ոչ պատշաճ ու բավարար մակարդակ ապահովելու համար, մինչեւ անգամ շինարարությունն իրականացնող նախկին կազմակերպության հետ դադարեցվել է պայմանագիրն ու հետագա աշխատանքների համար ընտրվել նոր, ավելի պատասխանատու կազմակերպություն: Ե. Զախարյանի խոսքերով. «Քաղաքաշինական այս ուշագրավ կառույցը մենք շահագործման ենք հանձնում մի կարեւոր ժամանակաշրջանում, երբ հասարակության վստահության ամրապնդումը, նրա ժամանակակից սոցիալ-կենցաղային վիճակի բարելավումը պետության եւ կառավարության առաջնային խնդիրներից են, երբ առանձնապես արժեւորվում է հետագա խաղաղ, շինարար, ստեղծագործ զարգացումը: Այն, ինչ աներեւակայելի էր հինգ տարի առաջ, այսօր արդեն ծրագրված եւ իրագործվող իրականություն է Երեւանում: Պետության կողմից հատկացվող միջոցները անցյալին գերազանցում են տասնյակ անգամ: Իսկ բնակչությանը պատճառած անհանգստությունները տարիների հետ բազմապատիկ հատուցվելու են՝ ստեղծված հարմարավետության եւ երթեւեկության ժամանակակից կարգավորման գործում բացվող նոր հնարավորությունների շնորհիվ՝ արդեն տասնամյակների եւ հարյուրամյակների համար»:
Նշենք, որ «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ կառուցված տրանսպորտային այս հանգույցի բուն ստորգետնյա հատվածի երկարությունը՝ 80, լայնությունը՝ 15 մետր է, իսկ ծրագրային արժեքը կազմել է 1 միլիարդ 845 միլիոն դրամ:
Ի դեպ, ճարտարապետների բնորոշմամբ, նոր ուղետարը ինժեներական չափորոշիչներով նման է դեռեւս խորհրդային տարիներին Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների հատման մասում կառուցված ստորգետնյա անցումին, որի շինարարությունը տեւել է 3 տարի:
Նշենք նաեւ, որ Սարալանջի մայրուղու, Գետառի նորակառույց արագընթաց ճանապարհի, Հերացու, Չարենցի, Կորյունի, Ալեք Մանուկյան, Նալբանդյան եւ Խանջյան փողոցների ճանապարհաշինական ծավալուն աշխատանքները եւս գտնվում են հանգուցային փուլում եւ այս տարվա սեպտեմբերի վերջին Երեւանի քաղաքապետարանը դրանք եւս կհանձնի շահագործման: Մայրաքաղաքի կենտրոնը տրանսպորտային կուտակումներից բեռնաթափելու համար կիրականացվի նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցման պետական խոշոր ու խիստ հրատապ մի ծրագիր: Ե. Զախարյանի ներկայացմամբ, առաջիկայում ավտոկայանատեղիներ կկառուցվեն Օպերայի, Շարլ Ազնավուրի, Շահումյանի եւ Մյասնիկյանի անվան հրապարակների, Երեւանի հեծանվահրապարակի տարածքների ստորգետնյա հատվածներում: Քաղաքապետի հավաստմամբ, նման առաջին ավտոկայանատեղիների կառուցումը կսկսվի արդեն այս տարվա սեպտեմբերից: