Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿԱՐԴԱԿԻ ՑՈՒՑԻՉ

Օգոստոս 02,2008 00:00

«Ավելի լավ կլիներ՝ Նաիրա Զոհրաբյանն իր պրոֆեսիոնալ գործունեության մեջ հաջողության հասներ եւ ոչ թե նման հայտարարություններ աներ»,- «Առավոտին» ասել էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր, «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, կոալիցիայի անդամների միջեւ այս հրապարակային բանավեճի առիթը դարձավ այն, որ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում Արծվիկ Մինասյանն ընթերցեց Շանթ Հարությունյանի դիմումը, եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քննադատեց, որ հրապարակվեց հանձնաժողովի անդամների հասցեին այդ «ոչ կոռեկտ ձեւակերպումներով հայտարարությունը»:

Արծվիկ Մինասյանը մեր թերթին նաեւ ասել էր. «Նաիրա Զոհրաբյանը չի պատկերացնում, թե ինքն ինչ հանձնաժողովում է, եւ հանձնաժողովի խնդիրը որն է: Այդ դիմումի հրապարակման նպատակն, առաջին հերթին, այն էր, որ կալանավորված անձը՝ գտնվելով անազատության մեջ, հնարավորություն ունենա իր խոսքը փոխանցել: Եվ պետք է ներկայացվի օբյեկտիվ տեղեկատվություն»: Նաիրա Զոհրաբյանն այս կապակցությամբ հայտնեց. «Արծվիկ Մինասյանն ինձ հետ զրույցում, անկեղծ ասած, այդ հրապարակման այլ պատճառ էր նշել: Ասել էր, որ հրապարակելով Շանթ Հարությունյանի այդ այսպես ասած՝ ուղերձը, նա պարզապես ցանկացել է ցույց տալ Շանթ Հարությունյանի մակարդակը: Այնպես որ՝ ես Արծվիկ Մինասյանին առաջարկում եմ կողմնորոշվել, թե ո՛ր դեպքում է ինքը ստում:

Սակայն հարկ չեմ համարում բանավեճի մեջ մտնել Արծվիկ Մինասյանի հետ: Դրանով չեմ ցանկանում նպաստել ինքնակայացման նրա համառ ու, իմ կարծիքով, անհաջող փորձերին»:

Հ. Գ. Կալանավորված պատգամավորների խափանման միջոցը փոխելու Արծվիկ Մինասյանի եւ Գուրգեն Արսենյանի դիմում-երաշխավորագրի առնչությամբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը գրավոր դիմել է Սամվել Նիկոյանին՝ պարզելու, թե պատգամավորներին երաշխավորելու հարցն արդյոք քննարկվե՞լ է հանձնաժողովում, թե՞ դա հանձնաժողովի այս երկու անդամների նախաձեռնությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել