Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ «ԳԵԼԹՈԶԸ»

Օգոստոս 02,2008 00:00

Երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ըստ «Ինտերֆաքսի», հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարության առանձնատանը եւ ընթացել է փակ դռների ետեւում: Ավելի ուշ նրանց են միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը:

Նախօրեին համանախագահները խորհրդակցություն էին անցկացրել, որից հետո Բեռնար Ֆասիեն հայտարարել էր, որ նախարարների հանդիպումից հետո միջնորդները կհրապարակեն կոմյունիկե, որում ամփոփված կլինեն հանդիպման արդյունքները: Էլմար Մամեդյարովը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ նախօրեին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ կարծիք էր հայտնել, թե «Հայաստանի նոր իշխանության համար օգտակար կլիներ կառուցողական դիրքորոշման դրսեւորումը»: «Ադրբեջանի դիրքերի հզորացման պայմաններում ժամանակի կորուստը շատ մեծ վնաս է հասցնում հայկական կողմին»,- ասել էր նա: Փիթեր Սեմնեբին, իր հերթին, նշել էր, որ «Ադրբեջանն ու Հայաստանը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորեն հակամարտությունը՝ հիմքում դնելով առկա հիմնարար սկզբունքները»:

Երեկ իսկ երկու նախարարների հանդիպմանն է անդրադարձել ադրբեջանցի հայտնի քաղաքագետ, անվտանգության հարցերով Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն, նշելով, թե «չարժե դրական արդյունքներ կամ առաջխաղացում ակնկալել այդ իրադարձությունից»: «Բազմամյա փորձն արդեն ցույց է տվել, որ նման հանդիպումները չեն հանգեցրել դիրքորոշումների մերձեցմանը, առավել եւս՝ հակամարտության կարգավորմանը: Բանն այն է, որ Ռուսաստանը շահագրգիռ չէ ղարաբաղյան հարցի կարգավորմամբ: Էական է եւ այն, որ Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն անցնում է Մոսկվայում. դա բանակցային գործընթացում դրական դերի իմիտացիայի փորձ է Կրեմլի կողմից»,- ըստ «Պանարմենիան.նետ»-ի, ասել է ադրբեջանցի քաղաքագետը: «Ես մեկ անգամ եւս կրկնում եմ, որ հենց Ռուսաստանն է Հայաստանի ձեռքերով գրավել ադրբեջանական տարածքների 20 տոկոսը, իսկ այժմ փորձում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր, որի համար էլ մշտապես անց են կացվում այս բանակցությունները ադրբեջանցի եւ հայ նախարարների մասնակցությամբ: Քանի դեռ չի փլուզվել այժմյան Ռուսաստանն իր կայսերական նկրտումներով, ղարաբաղյան կամ ԱՊՀ տարածքի այլ հակամարտությունների կարգավորման մեջ առաջընթաց չի լինի»,- հավելել է Գուլուզադեն: Երեկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախարարները դրական են գնահատել իրենց մոսկովյան հանդիպումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել