Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ» ՁԵՎԱՎՈՐՎԵՑ

Օգոստոս 02,2008 00:00

Երեկ այդ նախաձեռնությանը միացան Համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից 16 կուսակցություններ

\"\"Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները դեռ նախորդ հանրահավաքի ժամանակ՝ հուլիսի 4-ին էին հայտարարել, որ օգոստոսի 1-ին կայանալիք հանրահավաքը վճռորոշ է լինելու, եւ «այդ օրը ժողովուրդը հավաքվելու է իր վերջնական վճիռը հայտնելու արդեն ոչ թե քոչարյանասերժական ռեժիմին, այլ հենց Սերժ Սարգսյանի կառավարմանը»: Հանրահավաքի նախորդ օրն էլ՝ հուլիսի 31-ին, Շարժման կենտրոնը հայտարարել էր, որ «օգոստոսի 1-ի հանրահավաքը շրջադարձային նշանակություն կունենա Հայաստանի քաղաքական կյանքում», որովհետեւ այդ օրը հանդիսավոր պայմաններում Մատենադարանի հարթակում Շարժման հիմքը հանդիսացող կուսակցությունները ստորագրելու են «Հայ ազգային կոնգրեսի» ստեղծման մասին հռչակագիր, որը «կարեւոր հանգրվանային նշանակություն կունենա ազատության, իրավական պետության, սահմանադրական կարգի վերականգնման, ինչպես նաեւ երկիրը բռնակալական կապանքներից եւ ավազակապետական համակարգից ազատելու նպատակով մեր ժողովրդի ուժերը համախմբելու եւ գործը հաղթական ավարտին հասցնելու առումով»:

Երեկ այդ հռչակագիրը, որով փաստագրվում էր Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը, ստորագրեցին շարժման ակտիվ մասնակից թվով 16 կուսակցություններ՝ ի դեմս իրենց առաջնորդների: Վերջինը այդ հռչակագրի տակ ստորագրեց Համաժողովրդական շարժման առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

\"\"Իսկ մինչ այդ, դեռ օրվա առաջին կեսին, մարզերից ահազանգեր էին ստացվում, որ իշխանությունները, ինչպես միշտ, փորձում են կանխել մարզերից՝ Կոտայքից, Արագածոտնից, Արարատից Երեւան եկողների մուտքը: Ընդ որում, դա արվել է հնարավորինս սքողված կերպով. մարզերից դեպի Երեւան տանող մայրուղիներում ճանապարհային ոստիկանությունը մարդատար մեքենաները չի կանգնեցրել, որովհետեւ երթուղային տաքսիների վարորդների հետ նախապես է «մշակման» աշխատանք տարել: Այդպիսի ահազանգերից մեկի հետքերով Աշտարակ էին մեկնել «Հայկական ժամանակ» թերթի մեր գործընկերները: Աշտարակի ավտոկայանում լուսանկարներ անելիս քաղաքացիական հագուստով եւ ոստիկանության համազգեստով մարդիկ թերթի աշխատակից Գագիկին ուղղակի փողոցից առեւանգել եւ իրենց ոստիկանության Արագածոտնի մարզի ռեգիոնալ վարչության պետի տեղակալի՝ 014 ՈՍ 06 եւ Աշտարակի ոստիկանապետի տեղակալի՝ 013 ՈՍ 06 համարանիշի ծառայողական մեքենաներով տարել էին անհայտ ուղղությամբ: Ընդ որում, Գագիկի ետեւից ոստիկանության Աշտարակի բաժին մեկնած լրագրողներին ոստիկանության աշխատակիցները հավաստիացրել էին, թե իրենց մոտ նման անունով մարդու բերման չեն ենթարկել, եւ խորհուրդ էին տվել նրան փնտրել Արագածոտնի ռեգիոնալ վարչությունում: Մինչ մեր գործընկերները կհասնեին ռեգիոնալ վարչություն, Աշտարակի ոստիկանները Գագիկին ազատ էին արձակել:

\"\"ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի եւ իրենց սահմանադրական իրավունքի իրացման այս խոչընդոտների վերաբերյալ երեկ Համաժողովրդական շարժման կենտրոնը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է, որ դեռ հուլիսի 31-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր շրջաններից, որ ինչ-որ հրահանգով սահմանափակվել է դեպի Երեւան եկող երթուղային տրանսպորտի շարժը։ Որոշ տեղերում պարզապես փակվել են ավտոկայանները։ Նույն հրահանգն է տրվել նաեւ տաքսի ծառայություններին։ Երեւանում հասարակական տրանսպորտին հանձնարարված է դադարեցնել աշխատանքը ժամը 3-ից։ «Փաստորեն, ամեն անգամ, երբ Համաժողովրդական շարժումը հանրահավաք է անցկացնում, իշխանությունները դիմում են նույն ապօրինի միջոցառումներին: Սա Սահմանադրությամբ եւ մարդու հանրահայտ իրավունքների, մասնավորապես՝ ազատ տեղաշարժի, տեղեկություններ ստանալու ու տարածելու, ազատ հավաքների եւ այլ իրավունքների կոպտագույն խախտում է, դրա նախաձեռնողներն ու հեղինակները հանցանք են գործում։ Այսօրինակ հանցավոր գործողությունները վկայում են, որ իշխանությունները իրենք գիտակցում են, որ չունեն ժողովրդի աջակցությունը, եւ այնքան սարսափած են համաժողովրդական ընդվզման ալիքից, որ դիմում են ամեն անօրինականության՝ հանրահավաքներում մարդկանց քանակը նվազագույնի հասցնելու նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:

Իսկ Երեւանում, հանրահավաքից առաջ, ինչպես միշտ, ոստիկանությունը «զավթել էր» Ազատության հրապարակը՝ մարդկանց արգելելով անգամ հրապարակի տարածքում եղած սրճարաններ մտնել: Այդուհանդերձ, որ երեկվա հանրահավաքը անցկացնելու համար դրա նախաձեռնողներն ու ոստիկանության պաշտոնյաները այս անգամ շատ երկար չեն բանակցելու, ակնարկել էր ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը այսօր «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հետ զրույցում՝ վստահեցնելով, որ հանրահավաքի ժամանակ ոստիկանությունը բախումների չի գնալու: «Ինչպես տեսնում եք՝ չկա նման բան, չի եղել մյուս ցույցերի ժամանակ էլ, հիմա էլ, ինձ թվում է, որ խոհեմ կլինի ժողովուրդը, եւ մենք էլ կկարողանանք համագործակցել նորմալ»:

Մինչ հանրահավաքի մեկնարկը՝ դեռ մոտ մեկ ժամ առաջ, մարդիկ արդեն շարվել էին Կորյունի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի մայթերին՝ պարբերաբար վանկարկելով «Լեւո՛ն՝ նախագահ», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» եւ այլ կարգախոսներ: ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի եւ Շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի հերթական, բայց կարճ բանակցություններից հետո վերջինս հայտարարեց, որ հանրահավաքի մասնակիցներին թույլ է տրվում բարձրանալ դեպի Մատենադարան: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը ազդարարեց, իր ձեւակերպմամբ, «բեկումնային» հանրահավաքի մեկնարկը: «Արդեն որերորդ ամիսն է՝ մեր ժողովուրդը ցույց է տալիս իր անկոտրում կամքը, իր բռունցքվելու եւ ամենակարեւորը՝ պայքարելու ձգտումը: Պայքար, որը պսակվելու է հաղթանակով»: Նա հիշեցրեց շարժման՝ հուլիսի 4-ի հանրահավաքի պահանջները, որոնց թվում առաջինը բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումն էր: Արձանագրեց, որ ժողովրդի ճնշման տակ իշխանությունները «փոխանակ լիովին դադարեցնելու քաղաքական հետապնդումներն ու ազատելու քաղբանտարկյալներին, կիսաքայլեր են անում»՝ ընդամենը փոխելով շարժման ակտիվիստների խափանման միջոցը եւ ազատ արձակելով նրանցից մի քանիսին, այդ թվում՝ Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանին: Վերջինիս հանրահավաքի մասնակիցները առանձնակի ջերմությամբ ընդունեցին: «Սիրելի ժողովուրդ, ես խոնարհվում եմ ձեր կամքի, անկոտրում եւ ազատատենչ ոգու առջեւ: Հավատացեք, ոչ մի Եվրախորհրդի բանաձեւ, ոչ մի միջազգային կառույց չի կարող Հայաստանում վերականգնել սահմանադրական-ժողովրդավարական կարգերը, քաղաքացիական ազատությունները: Եվ պետք էլ չէ: Դա նախ եւ առաջ մեր գործն է, եւ դա պետք է անի մեր ժողովուրդը՝ դուք»,- հավաքվածներին դիմեց Ա. Բանուչյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով հայրենի եւ սփյուռքահայ այն մտավորականներին, քաղաքական այն գործիչներին, որոնք ջանքեր գործադրեցին եւ այսօր էլ ջանում են քաղբանտարկյալների ազատության համար: «Շատերն են հորդորել իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Եվ ես, որպես ՀՀ քաղաքացի, խնդրում եւ պահանջում եմ քաղաքական կամք դրսեւորել եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Մեկ քաղկալանավորի վրա գործ սարքելու համար տասնյակ, հարյուրավոր եւ հազարավոր մարդկանց են հալածում: Ինչպե՞ս կարող է լարված ու պրկված չլինել ժողովուրդը: Ուրեմն՝ ազատություն քաղբանտարկյալներին»,- այս հայտարարությունն անելու պահին Մատենադարանի հարթակում հայտնված մեկը, որը ներկայանալով որպես «օրգանի աշխատող», փորձեց Բանուչյանից խլել բարձրախոսն ու ելույթ ունենալ: «Թողեք, ժողովրդին ասեմ, որ պետք ա խնդրել, որ բաց թողնեն, ոչ թե պահանջել»,- բղավում էր, ինչպես հետո պարզվեց՝ ՀՀ ՆԳՆ պետավտոտեսչության նախկին աշխատակից, փոխգնդապետ Արթուր Շահվերդյանը: Հանրահավաքի կազմակերպիչներին մի կերպ հաջողվեց հարթակից իջեցնել ոստիկանության այս սադրիչին: Հաջորդը ելույթ ունեցավ ՀՀ ազգային անվտանգության պաշտոնաթող գնդապետ, քաղկալանավոր Գուրգեն Եղիազարյանը. «Ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ մի փաստի վրա՝ այսօր, իրոք, լավագույն տղերքը, անմեղ մարդիկ բանտերում են՝ այն բանի համար, որ չեն համաձայնվել ղարաբաղյան կլանի հետ»: Ապա անդրադարձավ բանտերում գտնվող շարժման ակտիվ գործիչներին առաջադրված մեղադրանքներին: Մասնավորապես, Մյասնիկ Մալխասյանի վերաբերյալ նա ասաց, որ «վերջինս՝ ԱԺ պատգամավոր, արցախյան հերոսամարտի մասնակից եւ հերոս, պետք է 55 սմ-անոց ձողով իշխանություն յուրացներ: Աղվանի եւ նրա խելքը ընդամենը այդքանն է: Հինգ ամիս կալանավորված է մեր ազնվագույն ընկերներից մեկը՝ Սմբատ Այվազյանը: Եվ գիտե՞ք ինչի համար: Պարզվում է, որ նա մեքենայից իջնելիս հրել է մի ոստիկանի: Եթե թվարկենք, թե ինչում են մեղադրում մեզ՝ մեկը մեկից ծիծաղելի կլինի: Այս ամենը կազմակերպված հանցագործություն է եւ մի նպատակ է հետապնդել՝ հնարավորինս երկար ժամանակով մեզ մեկուսացնել հասարակությունից»,- հայտարարեց Գ. Եղիազարյանը՝ ազատ արձակվածների անունից շնորհակալություն հայտնելով Հյուսիսային պողոտայի նստացուցավորներին:

Երեկվա հանրահավաքում ելույթ ունեցան նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Համաժողովրդական շարժման հանրահավաքում ելույթ ունեցավ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը, որը հանրահավաքի մասնակիցներին ողջունեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի անունից: Ա. Սարգսյանը կարճ խոսեց, ասելով, որ ինքը ավելի փորձառու եւ իր գործին հետամուտ քաղաքական գործչի, քան Լ. Տեր-Պետրոսյանն է, չի ճանաչում, իսկ «Հայ ազգային կոնգրեսի» ստեղծմամբ ամեն ինչ ասված է:

Հանրահավաքը երեկ էլ եզրափակեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա խոսեց մոտ մեկուկես ժամ: Նրա ելույթից առանձին հատվածներ կարդացեք «Առավոտի» 9-րդ էջում: Նախատեսված երթից առաջ խոսեց Լեւոն Զուրաբյանը, որը ներկայացրեց շարժման հետագա քայլերը: Նա ազդարարեց հանրահավաքների շարքի ընդմիջում մինչեւ սեպտեմբերի 5-ը, իսկ մինչ այդ Հյուսիսային պողոտայում ընթացող նստացույցը կշարունակվի եւս 5 շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել