Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ՄՈԼԱԳԱՐ Է ԿԱՄ ՍՐԻԿԱ

Օգոստոս 02,2008 00:00

\"\"Սրանք ամենամեղմ բնորոշումներն էին, որոնք լսեցի ՀՀԿ-ականներից Վազգեն Սարգսյանի հասցեին կեղտոտ հրապարակումների հեղինակ Արտյոմ Խաչատրյանի հասցեին:

Այս տարվա ապրիլից լույս է տեսնում «Ազգային գաղափար» ամսագիրը, որի հիմնադիրը «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» առեւտրային ընկերության տնօրեն Արտյոմ Խաչատրյանն է: «Առավոտը», որպես կանոն, չի անդրադառնում այլ ԶԼՄ-ների հրապարակումներին, սակայն այն, ինչ ամսագրի արդեն 3-րդ համարում հրապարակեց Արտյոմ Խաչատրյանը՝ այնքան արտառոց էր, որ հնարավոր չէ շրջանցել: Կարծում եմ, հետագա մեջբերումներն ապացույց են, որ ընտրել ենք ամենամեղմ բնորոշումը:

«Դիապաշտությունը որպես իրական գործոն հայ քաղաքականության մեջ» հոդվածում Արտյոմ Խաչատրյանը նշել է. «Զվարճալի էր դիտել, թե ինչպես էին երկու հակոտնյաներ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը, միաժամանակ եւ մեկը մյուսից անկախ, վերմակի նման իրենց վրա քաշում Վազգեն Սարգսյանի դիակը»: Ըստ նրա՝ «Ողբերգությունն այն է, որ քչերի խելքին փչեց հարց տալ. արժե՞ր արդյոք (եւ որքանո՞վ էր դա ընդհանրապես արդյունավետ քաղաքական տեսակետից) կուռքի աստիճան շնորհել մի անհատի, որը համընդհանուր զզվանքի ու նողկանքի առարկա էր եղել»: Արտյոմ Խաչատրյանը նաեւ դժգոհել էր. «Երեւանի բնակիչները հանգիստ են վերաբերում Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Դրաստամատ Կանայանի եւ այլ պատմական բակտերիաների անվամբ մայրաքաղաքի փողոցների եւ այլ հաստատությունների գոյության փաստին»: Ի դեպ, Դրոյին մեկ այլ հրապարակման մեջ նա անվանել է «գանգրենային ավանտյուրիստ»:

Հուլիսից «Ազգային գաղափարի» ինտերնետային երկլեզու կայքէջում սկսեց հրապարակվել «Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը» հոդվածաշարը, որը լեցուն է վիրավորանքներով ու զրպարտություններով: Բայց այս հոդվածաշարի հերոսները կենդանի մարդիկ են եւ ցանկության դեպքում կարող են պաշտպանել իրենց: Սակայն հուլիսի 16-ին այս շարքում հայտնվեց Վազգեն Սարգսյանը՝ հրապարակվեցին հատվածներ Արտյոմ Խաչատրյանի «Մտորումներ «Պազոլինի»-ից հետո» գրքից: Հեղինակն այստեղ նշում է, թե Վազգեն Սարգսյանը կրթություն չի ստացել, անտաղանդ պատմվածքներ էր գրում ու միջակ խելքի տեր մարդ էր. «Գործընկերների վկայությամբ՝ Սարգսյանը հոգեպես անհավասարակշիռ անձնավորություն էր, իրականացնում էր խելահեղ արարքներ»: Նա նաեւ պնդում է. «Վազգեն Սարգսյանը չի իրագործել ոչ մի զինվորական սխրանք, չի կատարել ոչ մի երեւելի գործ հաղթանակի համար: Սա ընդունում է ամեն ոք, ով ինչ-որ կապ ունի ղարաբաղյան կռվի հետ»: Որպես փաստ է մատուցվում. «Վազգեն Սարգսյանը ոչ մի կապ չունի ազգային բանակի կայացման հետ, այդ գործում նրան վերագրվող հայրական վաստակները ամբողջովին կեղծիք են»:

Նախագահական քարոզարշավի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ կազմակերպվող ցույցերի շնորհիվ էկրաններից չիջնող եւ իշխանամետ թերթերին հարցազրույցներ տվող Արտյոմ Խաչատրյանը Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի մասին գրում է. «Երկրի քրեական օրենսգրքում չկա որեւէ հոդված, որին հանցակից չէր նրա կեղտոտ ձեռքը: Այստեղ ե՛ւ գանձագողությունն է, ե՛ւ հարկային դաշտից դուրս ստվերային առեւտուրը, ե՛ւ, ինչպես ասում են ականատեսները՝ դիակապտությունն Ադրբեջանում պատերազմի տարիներին, ե՛ւ սովորական խուլիգանությունները, որ բազմիցս արել է նա հասարակության աչքի առջեւ, իսկ չար լեզուներն ասում են, որ անգամ սպանություններ կան նրա խղճի վրա, ավելի՛ն՝ առավել համարձակ չար լեզուներն անգամ հավաստիացնում են, որ Եռաբլուրում թաղվածների 20%-ը կյանքից հեռացել է նրա անմիջական աջակցությամբ»:

Այս ամենին զուգահեռ՝ Արտյոմ Խաչատրյանը շեշտում է, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «սպարապետի հետ համեմատած հիրավի հրեշտակներ են»: Իսկ հրապարակման խորագիրը մեջբերում է իբր հանրային կարծիքից. «Որքան շատ եմ ճանաչում Վազգենին, այնքան շատ եմ հարգում Սերժին»: «Ազգային գաղափար» ամսագրում հրապարակված հոդվածում Արտյոմ Խաչատրյանը կոչ է անում Սերժ Սարգսյանին դառնալ «մեռելասիրության առաջին թշնամին» եւ տարակուսում, թե ի՞նչն է հետ պահում Սարգսյանին արմատական քայլերից. «Դժվա՞ր է նրան դիակների վրա կրակել եւ դրանով իսկ վերջ տալ Տեր-Պետրոսյանին, որը նրա համար ամենամեծ վտանգն է ներկայացնում: Մանավանդ որ՝ նա կարող է համազգային հակադիապաշտական կամպանիա նախաձեռնել՝ միաժամանակ մնալով ստվերում… Անձամբ նրա համար դա չի կարող ունենալ վատ ավարտ, իսկ դա արդեն արժե, որ փորձի սկսել»: Ի դեպ, հեղինակը մտադիր է նաեւ «Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը» հոդվածաշարը տպագրել առանձին գրքույկով եւ «հեղեղել դրանով ողջ քաղաքը»: Ու հայտարարել է, թե նամակներ է ուղարկելու Հայաստանի բոլոր օլիգարխներին՝ առաջարկելով ֆինանսավորել գրքի հրատարակումը, խնդրելով նաեւ նշել հնարավոր մերժման պատճառները. «Այնուհետ կփորձեմ հանդիպել երկրի նախագահի հետ եւ նրան կներկայացնեմ իր «զինակիցների» նկատառումները»:

… Այս հրապարակումների մասին զրուցել ենք մի քանի հանրապետականների հետ: Սակայն հեղինակի մասին տպագրության համար անհնար որակումներ չտվեց միայն ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ըստ որի՝ «Սա մոլագար է կամ սրիկա: Չի կարելի Վազգենի հասցեին նման բաներ գրել, տրամաբանորեն անընդունելի է: Եվ ոչ միայն անընդունելի է մեզ համար, այլեւ շատ վիրավորական՝ իր բոլոր հետեւանքներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել