Երիտասարդ սունդուկյանցիները սատար ում են Վահե Շահվերդկյանին
Երեկ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի մի խումբ երիտասարդ արտիստներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահին ու վարչապետին: «Մայր թատրոնը հայտնվել է բամբասանքների կիզակետում, ու հեռուստաեթերներից շրջանառվող լուրերը ոչ մի կերպ չեն համապատասխանում իրականությանը: Ամեն ինչ սկիզբ առավ ՀՀ «մշակույթի» նախարար տիկին Հ. Պողոսյանի հրավիրած նիստից, որ կայացավ հենց Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նախարարը մի շարք մեղադրանքներ հնչեցնելով՝ փորձեց հիմնավորել Վ. Շահվերդյանին թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռացնելու անհրաժեշտությունը… Թատրոնի ապագայով «խիստ» մտահոգված մշակույթի նախարարը մեղադրանք հնչեցրեց այն մասին, թե Վ. Շահվերդյանից բացի, Մայր թատրոնում ոչ մի բեմադրիչ չի աշխատել եւ բոլորի առաջ թատրոնի դռները փակ են եղել: Ըստ նախարարի մեղադրանքի, թատրոնը չի դարձել ազատ բեմահարթակ:
Ինչո՞վ ազատ չի եղել, երբ Մայր թատրոնի բեմում բեմադրություններ են արել Ֆ. Դելեգը, Գ. Մկրտչյանը, Ա. Հովհաննիսյանը, Տ. Գասպարյանը, Հ. Ղազարյանը, Գ. Հարությունյանը, Ա. Մեհրաբյանը, Ա. Էլբակյանը, Խ. Աբրահամյանը, Ս. Շահվերդյանը, Ա. Մազմանյանը, Ժ. Նշանյանը: Իսկ ովքե՞ր են այն տաղանդավոր ռեժիսորները, որ մուտք չեն ունեցել Սունդուկյանի թատրոն հարցին նախարարը չկարողացավ պատասխանել:
Տիկին Հ. Պողոսյանը ցավագին շեփորում էր, որ թատրոնի հիմնական կորիզը շատ քիչ է զբաղված եղել ընթացիկ ներկայացումներում եւ նշում հետեւյալ անունները. Ն. Խերանյան, Ա. Մարության, Տ. Ներսիսյան եւ այլն: Նման թվարկումը անզուսպ ծիծաղ առաջացրեց դահլիճում: Այդ թյուր մեղադրանքը ի չիք կդառնար, եթե Հ. Պողոսյանը, որպես հանդիսատես, ավելի հաճախ այցելեր թատրոն: Տասներկու տարի առաջ, երբ Շահվերդյանը դարձավ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ղեկավար, այդ տարիների մի շարք երիտասարդ դերասաններ կայացան հենց շահվերդյանական բեմադրություններով: Այսօր հերթը մերն է: Մենք հպարտ ենք, որ աշխատում ենք նրա հետ, սովորում նրանից…
Մեծարգո նախագահ, մեծարգո վարչապետ, դուք բազմիցս հնչեցրել եք այն միտքը, թե վաղվա երկրի տերերը այսօրվա երիտասարդներն են: Մայր թատրոնի «բարեփոխումների» արդյունքում նախատեսվում է նաեւ ստեղծագործական կազմի կրճատում, որի պատճառով դուրս ենք մնալու մենք՝ երիտասարդներս: Այս պարագայում ինչպե՞ս ընկալել երիտասարդների ապագայի վերաբերյալ հնչեցվող Ձեր մտահոգությունները եւ կոչերը, թե՞ դրանք չեն վերաբերում մեր թատրոնում որոշակի քայլեր արած երիտասարդ արտիստներին:
Հնչեցվող մեղադրանքներն անհիմն են եւ ճղճիմ: Իսկ դերասաններին կրճատելը թատրոնի տնօրենի գործն է, ոչ թե գեղարվեստական ղեկավարինը: Սա հասկանալու համար ընդամենը պետք է ծանոթ լինել թատրոնի կառուցվածքին:
Թատրոնը քանդել կարելի է ընդամենը մեկ ստորագրությամբ, իսկ կառուցելու համար երկար տարիներ են պետք: Մի քանդեք թատրոնը…»,- ասված է երկրի ղեկավարներին ուղղված նամակում, որ տակ ստորագրել է 14 դերասան: