Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների բաժնի պետ Աշոտ Քալաշյանն իր դեմ հարուցված քրգործը համարում է շինծու:
Վերջերս Կարինե Խաչատրյանի բողոքի հիման վրա Շիրակի ոստիկանության մարզային քննչական բաժինը քրգործ հարուցեց ինչպես Աշոտ Քալաշյանի, այնպես էլ քաղաքապետարանի ապօրինի շինությունների եւ հողազավթումների բաժնի 3 այլ աշխատակիցների նկատմամբ, ըստ որի՝ «քաղաքապետարանի պաշտոնյան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նախնական հանցավոր համաձայնության գալով իր բաժնի այլ աշխատակիցներ՝ Ռուբիկ Թեւանյանի, Արթուր Պարունակյանի եւ Վարդան Զարիֆյանի հետ, հափշտակել ու 240.000 դրամով Թադեւոս Շիրվանյանին է վաճառել Սվետլանա Մովսիսյանի ընտանիքին (խոսքը Կարինե Խաչատրյանի սկեսրոջ մասին է- Ն. Ա.) պատկանող Գյումրիի Կ. Սարգսյան փողոցի թիվ 205/369 տնակը»: Կարինե Խաչատրյանի ներկայացմամբ, իրենց «սեւ օրերը» սկսվեցին այն պահից, երբ քաղաքապետարանն անօթեւան բնակիչներին առանց տեղյակ պահելու՝ Բալատոն դպրոցի մոտակայքում գտնվող 5/4 հողատարածքը, որտեղ տեղադրված էին ինչպես իր, այնպես էլ սկեսրոջ «դոմիկները», վաճառեց Ախուրյանի «Կոպշին» ՍՊԸ-ի արտադրության գծով փոխտնօրեն Սուրեն Թովմասյանին, տնակատերերին էլ պարտադրեց ազատել տարածքը: Ըստ Կարինե Խաչատրյանի, վերոհիշյալ տարածքը վաճառելիս քաղաքապետարանը «շուստրիություն» է արել ու այն «կլիենտին» ներկայացրել է որպես դատարկ տարածք՝ առանց տնակների: Ի դեպ, վերջինիս ձեռքի տակ կար սեփականատեր Սուրեն Թովմասյանին տրամադրված հողատարածքի հատակագիծը, որտեղ ակնհայտ երեւում է, որ տնակները հողատարածքի մեջ, իրոք, ներառված չեն եղել:
Նշենք, որ այդ փաստաթղթի տակ քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանը չի ստորագրել: «Մենք՝ տարածքի բոլոր տնակատերերս, դեռեւս 2006 թ. մայիս-հունիսին էինք դիմում ներկայացրել տարածքը սեփականաշնորհելու, սակայն քաղաքապետարանից պատասխանեցին, որ աճուրդով են վաճառելու: Մի անգամ աճուրդին մասնակցեցինք՝ հայտարարեցին, թե մեկ ամսով հետաձգում են, բայց 10 օր չանցած՝ տարածքը հրամցվեց Սուրեն Թովմասյանին: Մենք էլ չիմանալով, միամիտ նստած սպասում էինք, թե քաղաքապետարանը ե՞րբ է նորից բարեհաճելու աճուրդ կայացնել: Սակայն դրա փոխարեն իմ տնակները տեղահանեցին ու Կաթի գործարանի մոտակայք տեղափոխեցին: Նորահայտ սեփականատերը, ով պարտավորվել էր տեղափոխման, վերանորոգման ծախսերը հոգալ՝ հրաժարվեց: Տեղափոխման բոլոր վնասները՝ կտուրը վերանորոգել, նոր կոմունիկացիոն գծեր անցկացնել եւ այլն, մնաց ինձ վրա: Ինձ հսկայական ծախսերի մեջ գցեցին՝ խաբելով ու նույնիսկ խոստացած շինանյութերը չտալով: Ես որոշեցի հացադուլի նստել, սակայն քաղաքապետը սարսափելով իմ մտադրությունից՝ երկու տարվա վարձավճար տվեց՝ 480 000 դրամ: Բայց երբ հերթը հասավ սկեսրոջս տնակին՝ որոշեցին կեղտոտ խաղեր խաղալ, տեղափոխելու փոխարեն այն յուրացրին ու վաճառեցին»,- ասում է Կարինե Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ, քանի որ սկեսրոջ տնակը գտնվում էր իր տնակին կից, ուստիեւ իր տնակի տեղահանումից այն վնասվել ու բնակության համար ոչ պիտանի էր դարձել: Ուստիեւ սկեսրոջ վեց հոգանոց ընտանիքը ստիպված տուն էր վարձակալել: Կարինե Խաչատրյանը, ով սկեսրոջ ընտանիքի լիազորված անձն է, դատի էր տվել քաղաքապետարանին՝ պահանջելով սկեսրոջը պատկանող 205 տարածքի թիվ 369 տնակը քաղաքապետարանի միջոցների հաշվին բերել նախկին վիճակին:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ամբողջությամբ բավարարել էր հայցվորի պահանջը: Մեկ այլ վճռով էլ նույն դատարանը քաղաքապետարանին հարկադրել էր տնակը այլ տարածք տեղափոխել ու բնակության համար ստեղծել անհրաժեշտ բոլոր կոմունալ պայմանները: Մինչդեռ, ըստ Կարինե Խաչատրյանի, դատարանի վճիռը կատարելու փոխարեն, քաղաքապետարանի հողազավթումների բաժնի պետ Աշոտ Քալաշյանը «կլիենտ» է գտել ու ինքնագլուխ վաճառել է սկեսրոջ տնակը, որը եւ ապամոնտաժել են: «էս տարվա ապրիլի 15-ին մեզ կանչում են, թե՝ եկեք վեշերդ հավաքեք, տնակը տեղափոխելու ենք: Հերիք չէ մի քանի օր սպասում ենք ու տնակը չեն բերում, գնում եմ նպաստ ստանալու ու տեսնում եմ, որ տնակը չկա: Պարզվում է՝ Քալաշյանը վաճառել է, գնորդն էլ քանդել է: Դրա համար էլ դիմեցի դատախազություն»,- պատմեց Կարինե Խաչատրյանը: Աշոտ Քալաշյանն էլ երդվում է, որ տնակը վաճառվել է Կարինե Խաչատրյանի, նրա սկեսրոջ ու ամուսնու համաձայնությամբ, գնորդը 240 հազար դրամ է տվել, ինքն էլ իր բաժնի բոլոր աշխատակիցների ներկայությամբ փոխանցել է Կարինե Խաչատրյանի սկեսրոջը: «Ինչո՞ւ երկրորդ օրը միլիցիա չդիմեց, թե տնակս առեւանգել են ու անցավ քսան օր՝ նոր միայն միտքն ընկավ, որ իմ դեմ բողոքելու է: Իրոք չեմ կարող հասկանալ, թեեւ գիտեմ՝ քրգործն իմ անձի դեմ է ուղղված, դա բացարձակապես կապ չունի քաղաքապետարանի հետ:
Քրգործը ինձ վարկաբեկելու փորձ է, ո՞նց կարելի է քրգործ կազմել ու մյուս երեքինը կարճել: Ես այս գործում հարյուր տոկոսանոց մաքուր եմ, ափսոս, որ Կարինեն դարձավ գործիք, նրան օգտագործեցին իմ դեմ: Սա մեր իրավապահ մարմինների համար ծաղրանք է»,- ասում է քաղաքապետարանի պաշտոնյան: