Վրացական իշխանությունների կողմից Ջավախքում եւս ոտնահարվում են մարդու իրավունքները
Երեկ «Ուրբաթ» ակումբում Ջավախքում ստեղծված իրավիճակի առնչությամբ մանրամասներ ներկայացրին «Երկիր» միության համակարգող Ռոբերտ Թաթոյանը եւ «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ, այժմ Թբիլիսիի մեկուսարանում պահվող Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Ռ. Թաթոյանը հայտնեց, որ հուլիսի 23-ին փաստահավաք խմբով մեկնել են Ջավախք՝ տեղում իրավիճակը ուսումնասիրելու եւ արձանագրելու մարդու իրավունքների ոտնահարման փաստերը: Ըստ բանախոսի, հուլիսի 17-ին Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտակայքում տեղի ունեցած պայթյունից հետո ոստիկանությունը հալածանքների է ենթարկել «Միասնական Ջավախքի» ակտիվիստներին, ոստիկանները ավերել են դաշինքին պատկանող ռադիոյի շենքը, ապա հուլիսի 21-ին վրացական հատուկ ջոկատայինները ներխուժել են Վ. Չախալյանի տուն եւ ձերբակալել ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ անչափահաս եղբորը՝ Արմենին: Ձերբակալված մորը ժամեր անց բաց են թողել: Ըստ Ռ. Թաթոյանի, մինչ այդ հետապնդվել է մեկ այլ ակտիվիստ՝ Գուրգեն Շիրինյանը: Վերջինիս հարազատները՝ հայրը, հորաքույրն այժմ ապօրինի ձերբակալված են: Ոստիկանները ձերբակալությունը հիմնավորել են նրանց տնից հայտնաբերված զենք ու զինամթերքով:
«Երկիր» միության համակարգողն ասաց. «Ոստիկանության կողմից իրականացված բոլոր ձերբակալությունները ուղեկցվել են կոպիտ խախտումներով: Բերման ենթարկված անձանցից ոչ մեկը չի տեղեկացվել իր իրավունքների եւ կարգավիճակի մասին: Նրանցից շատերը ծեծի են ենթարկվել, հարցաքննության ժամանակ տված ցուցմունքները չեն արձանագրվել համապատասխան քննչական արձանագրություններում, ոչ մեկին ցույց չի տրվել խուզարկություն կատարելու մասին համապատասխան որոշումը: Այն իրականացվել է առանց ընթերակաների»: Ռ. Թաթոյանը հայտարարեց նաեւ. «Համոզված ենք, որ Չախալյանի ձերբակալությունը եւ դրան հաջորդած կալանքը բխում է քաղաքական դրդապատճառներից»: Ըստ նրա, վերջին դեպքերը վրացական իշխանությունների չկամության հետեւանք են. «Բողոքի ցանկացած դրսեւորում ճնշվում է բռնի ուժի գործադրմամբ»:
Բանախոսները հնչեցրին նաեւ իրենց կոչը վրաց իշխանություններին, այն է՝ անցկացնել արդար եւ անկողմնակալ հետաքննություն, ազատ արձակել Վահագն Չախալյանին եւ Գուրգեն Շիրինյանի ազգականներին, հետաքննել մարդու իրավունքների խախտման դեպքերը, իրականացնել ազգությամբ հայ երկու ոստիկանների՝ Արթուր Բերուջանյանի եւ Արմեն Գաբրիելյանի սպանության դեպքերի անաչառ հետաքննությունը եւ հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանից արտաքսված Վ. Չախալյանի դատավարությունն անցնի արդար: «Երկիր» միության համակարգողը կոչ արեց Վրաստանում գործող միջազգային կառույցներին եւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ բոլոր ձերբակալվածներին ճանաչել որպես քաղբանտարկյալ:
Իսկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանը տեղեկացրեց, որ իրենք դիմել են Վրաստանի պատկան մարմիններին, պահանջելով ստանձնել Վ. Չախալյանի եւ նրա ընտանիքի անդամների շահերի պաշտպանությունը. «Սակայն Վրաստանի արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ ներկայացված դիմումը հնարավոր չէ առայժմ բավարարել եւ վերջնական պատասխանը կլինի առաջիկայում»: Ս. Ոսկանյանը հայտնեց, որ Վրաստանում լինելու ժամանակ հանդիպել են լուրջ խոչընդոտների. «Կարծում ենք, որ Վրաստանում փորձում են սահմանափակել այս ինֆորմացիան, որ իրենց սահմաններից դուրս չգա եւ ղեկավարել այն ճանապարհը, որպեսզի որեւէ փաստաբան չկարողանա մասնակցել Չախալյանի եւ նրա ընտանիքի անդամների շահերի պաշտպանությանը»: Ըստ նրա, ոչ մի իրավաբանական կազմակերպություն հանձն չի առել ստանձնել Չախալյանի շահերի պաշտպանությունը, իսկ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պատասխանել են, որ իրենց լիազորությունների մեջ չի մտնում նման հարցերով զբաղվելը, հատկապես նախաքննության փուլում: «Առավոտի» հարցին, թե Վ. Չախալյանն ու նրա ընկերները իրենցից ի՞նչ վտանգ է ներկայացնում Վրաստանի իշխանության համար, Ռ. Թաթոյանն ասաց. «Նրանք լուրջ քաղաքական ուժ են երկրամասում, անկախ են եւ ընդդիմադիր»: