Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների գութը չշարժվեց

Օգոստոս 01,2008 00:00

Տեսնելով, որ իրենց խնդիրները կառավարության անդամներին բացարձակապես չեն հետաքրքրում, ցուցարարները փորձում են գոնե նրանց խիղճն արթնացնել:

Կառավարության շենքի առջեւ ամեն շաբաթ հարյուրավոր մարդիկ են ցույցի դուրս գալիս: Հանրապետության նախագահի, վարչապետի ու գրեթե բոլոր պաշտոնյաների դռները հերթով ծեծելուց հետո, այդ մարդկանց խնդիրներն այդպես էլ չեն լուծվում, իսկ դիմումներն էլ ամիսներով մնում են անպատասխան: Ավելին, եթե առաջ գոնե կառավարության շենքից ցուցարարներին երբեմն պաշտոնյաներ էին մոտենում ու բողոքները լսում, հիմա արդեն նրանց դժգոհություններն ու բողոքները ոչ մեկին չեն հետաքրքրում: Մարդիկ էլ ստիպված, պաշտոնյաների գութը շարժելու համար, ծայրահեղ միջոցների են դիմում՝ ինքնահրկիզվում են, հացադուլ են անում: Երեկ, բացի իրացման գոտու բնակիչներից ու Թեղուտի պաշտպանության խմբից, կառավարության շենքի առջեւ նաեւ մոտ մեկ տասնյակ զոհված զինվորների ծնողներ էին հավաքվել: Նրանցից մեկը պարանոցից հսկայական ցուցապաստառ էր կախել, որի վրա փակցրել էր Ղարաբաղում սպանված իր որդու՝ դիահերձարանում արված մերկ մարմնի սահմռկեցուցիչ լուսանկարները, ապացուցելու, որ որդին, հակառակ փորձաքննության, ոչ թե մահացել կամ ինքնասպանություն է գործել, այլ միտումնավոր սպանվել է: Այս տարվա մայիսի 15-ին էլ Մարտակերտում զոհված զինվոր Անդրանիկ Հայրապետյանի մայրն էլ հույս ուներ, որ իր որդու դիակի վրա եղած տասնյակ կապտուկների շնորհիվ կկարողանա մեր դատավորներին ու կառավարության անդամներին ապացուցել, որ իր որդին զոհվել է ոչ թե ինչպես իրեն են ասել՝ թշնամու գնդակից, այլ նրան սպանել են զորամասում:

Երեկ կառավարության շենքի առջեւ հավաքվել էին նաեւ պետական կարիքների զոհ դարձած ու անտուն մնացած մայրաքաղաքի տասնյակ բնակիչներ, որոնք սեփական բնակարանների ու հողատարածքների դիմաց պետությունից խղճուկ փոխհատուցում էին ստացել: Այն դեպքում, երբ, ասենք, Արամի փողոցում 1քմ-ի շուկայական արժեքը $1000 է, իրենց ընդամենը $150-200 են տվել ու ստիպել, որ պայմանագիր կնքեն, իսկ նրանք, ովքեր հրաժարվել են կնքել այդ պայմանագրերը՝ սեփական գույքի հետ միասին շատ դեպքերում անգամ բռնի վռնդել են իրենց բնակարաններից: Լալայանց 24 հասցեի նախկին բնակիչ Հայկ Միքայելյանը «Առավոտի» հետ զրույցում պատմում էր, թե ինչպես են իրեն, իր 12 տարեկան աղջկան եւ քրոջը ծեծելով փողոց շպրտել. «Քրոջս էնպես են ահաբեկել, որ հոգեկան խանգարում է ստացել ու մինչեւ հիմա տառապում ենք հիվանդանոցներում: Իսկ տան համար տված 2 կոպեկն էլ բժիշկներին ու դեղերի ենք տվել: Հիմա 11 հոգով, շատ ծանր պայմաններում ապրում ենք զոքանչիս 2 սենյականոց բնակարանում»:

Աբովյան 1/2-ի նախկին բնակիչ Գոհար Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ երբ իրեն ստիպել են պայմանագիր կնքել ու լքել բնակարանը, իսկ ինքը հրաժարվել է, Կենտրոն թաղապետարանի աշխատակից Արմեն Առաքելյանը սպառնացել է. «Ստորագրի, թե չէ՝ տղադ բանակից հետ չի գա»: 3 ժամից ավելի տեւած ցույցի ընթացքում բնակիչների բողոքներին ոչ մի պաշտոնյա չարձագանքեց: Այս հանգամանքն այնքան նյարդայնացրեց մարդկանց, որ նրանք սկսեցին սուլել ու անվայել խոսքեր ուղղել կառավարության անդամների հասցեին. «Թալեաթի հետնորդներ, Նեռի զավակներ, գողեր, դահիճներ»: Այս վիրավորանքներին արձագանքեցին միայն ոստիկանները, որոնք ակտիվիստներին ու զայրացածներին նույնքան զայրացած բացատրեցին, որ նրանք գոռալու, առավել եւս անվայել բառեր օգտագործելու իրավունք չունեն. «Ձեզ խելոք պահեք ու սսկվեք, թե չէ՝ էլ չենք նայի, թե էստեղ ով կա, ով չկա»: Տասնյակ ցուցապաստառներով ու ծաղիկներով կառավարության շենքի առջեւ հավաքվել էին նաեւ Թեղուտի պաշտպանության խմբի անդամները, որոնց խոսքերով, կառավարության անհիմն ու առանց բնապահպանական լիարժեք փորձաքննություն անցած ծրագրի հետեւանքով կործանվում է իրենց եւ իրենց երեխաների ապագան: Նրանց տեղեկացմամբ, իրենք պատրաստում են դատական հայց՝ բողոքարկելու Թեղուտի հանքավայրի շահագործման մասին կառավարության որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել