Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԿ-ն հանգիստ շունչ քաշեց

Օգոստոս 01,2008 00:00

Թուրքիայի Սահմանադրական դատարանը չի բավարարել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ) իշխող կուսակցության գործունեությունը կասեցնելու պահանջով ներկայացված հայցը: Այն դատարանի վարույթ էր ընդունվել հուլիսի 28-ին: ՍԴ 11 անդամներից 6-ը՝ կողմ, 5-ը դեմ է քվեարկել հայցի բավարարմանը: Իշխող կուսակցությունը փակելու որոշման կայացման համար, փաստորեն, չի բավարարել ընդամենը մեկ ձայն: Ըստ «Նոյան տապանի», ՍԴ նախագահ Հաշիմ Քըլըչն ասել է. «ԱԶԿ-ն չփակվեց, սակայն այս որոշումը շատ լուրջ նախազգուշացում է նրա համար»: ՍԴ-ն ընդունել է մեկ այլ որոշում, ըստ որի՝ ընթացիկ տարում կիսով չափ կկրճատվի ԱԶԿ-ին պետբյուջեից հատկացվելիք գումարը:

2008 թ. մարտին ՍԴ-ն ընդունել էր Թուրքիայի գլխավոր դատախազ Աբդուրրահման Յալչընքայայի՝ ԱԶԿ-ն փակելու պահանջով ներկայացրած հայցը: Գլխավոր դատախազն իր հայցադիմումում իշխող կուսակցությանը մեղադրում էր պետության աշխարհիկ կարգերին հակասող գործունեության մեջ: Դատախազի ներկայացրած հայցադիմումում պահանջվում էր նաեւ կասեցնել 71 գործիչների, այդ թվում` երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական գործունեությունը: Սակայն վերջինների գործունեության նկատմամբ քաղաքական արգելք կիրառելու որոշումը հնարավոր կլիներ կայացնել միայն կուսակցության գործունեությունը կասեցնելուց հետո:

Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ 3աշար Բույուքանըթը հրաժարվել է մեկնաբանել երկրի Սահմանադրական դատարանի որոշումը: Գեներալը, սակայն, ընդգծել է, որ բանակը շարունակելու է պաշտպանել հանրապետության աշխարհիկ սկզբունքները: «Թուրքիայի զինված ուժերի դիրքորոշումն անփոփոխ է, բանակը շարունակում է առաջնորդվել Աթաթուրքի հանրապետության եւ սահմանադրության սկզբունքներով»,- հայտարարել է Բույուքանըթը:

Բրիտանական «Գարդիան» օրաթերթի փոխանցմամբ, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով պատասխանատու Խավիեր Սոլանան ողջունել է իշխող կուսակցությունը չարգելելու մասին Թուրքիայի Սահմանադրական դատարանի՝ նախօրեին կայացրած որոշումը, հույս հայտնելով, որ այն թույլ կտա կայունություն ապահովել երկրում: «Թուրքիան դուրս է գալիս դժվար վիճակից, մենք հուսով ենք, որ դատարանի այդ վճիռը կնպաստի քաղաքական կայունության վերականգնմանը»,- Բրյուսելում ասել է Սոլանայի գրասենյակի մամուլի խոսնակը: Արեւմտյան հեղինակավոր պարբերականները նշում են, որ Սահմանադրական դատարանի որոշումը դրական ազդեցություն է գործելու շուկայի վրա եւ նպաստելու է Թուրքիայի նկատմամբ օտարերկրացի ներդրողների վստահության վերականգնմանը: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, թուրքական տարադրամը՝ լիրան, անմիջապես արժեւորվել է Սահմանադրական դատարանի որոշումից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել