Շանթ Հարությունյանի հայտարարությունը բանավեճի առիթ դարձավ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների համար:
«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանին զայրացրել էր, որ հանձնաժողովի վերջին նիստում ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն ընթերցեց Շանթ Հարությունյանի հետեւյալ դիմումը. «Դուք ո՞վ եք, որ որոշեք Շանթ Հարությունյանի ճակատագիրը: Դուք ո՞վ եք, որ որոշեք՝ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ քրեական: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, իմ ձայնի իրավունքով ձեզ՝ հանձնաժողովի բոլոր անդամներիդ, օրենքից դուրս եմ հայտարարում»: Նաիրա Զոհրաբյանն «Ա1+»-ին տված հարցազրույցում նշել էր. «Երբ ընդդիմությունն է հանձնաժողովի աշխատանքից դժգոհություն հայտնում, ինձ համար հասկանալի է, եւ ես դա կարող եմ ընդունել, բայց երբ իշխանական տարբեր թեւերից են բամփում հանձնաժողովի գլխին, դա ինձ համար առնվազն տարօրինակ է»: Եվ այս առնչությամբ Դավիթ Հարությունյանի գնահատականներին հակահարված տալուց հետո՝ նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավորից էր դժգոհել, թե ինչու նա ընթերցեց հանձնաժողովի անդամների հասցեին այս ոչ կոռեկտ ձեւակերպումներով հայտարարությունը. «Եվ եթե հանձնաժողովի անդամն է թույլ տալիս, որ հանձնաժողովը վերածեն զավեշտի, կներեք, բայց ես, որպես հանձնաժողովի անդամ, արդեն լուրջ մտածելու բան ունեմ»: Թղթակցի հարցին՝ եթե Արծվիկ Մինասյանը չփոխանցեր անազատության մեջ գտնվող մարդու ուղերձը, արդյոք չէ՞ր ստացվի, որ հանձնաժողովն առնվազն օբյեկտիվ չի, եւ մեկուսարաններ այցելած պատգամավորներն ամբողջ ճշմարտությունը չեն փոխանցում հանձնաժողովի մյուս անդամներին եւ հասարակությանը՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանել էր. «Հանձնաժողովը օբյեկտիվ կլինի, երբ զբաղվի տվյալ մարդկանց խնդիրներով, ոչ թե նրանց անձնական նամակները, գրական ստեղծագործությունները փոխանցելով, այլ զբաղվի այն հարցերով, թե որքանո՞վ է օբյեկտիվ նրանց կալանավորումը, ապացուցողական բազան սխա՞լ է, թե՞ ճիշտ՝ այն, ինչ անում ենք հանձնաժողովի առանձին անդամներ՝ առանց դրանից քաղաքական եւ այլ բնույթի շոուներ սարքելու»:
Արծվիկ Մինասյանը մեր հարցին, թե ընդունո՞ւմ է իր գործընկերոջ կշտամբանքը՝ պատասխանեց. «Իհարկե, չեմ ընդունում, քանի որ, ինձ թվում է՝ Նաիրա Զոհրաբյանը չի պատկերացնում, թե ինքն ինչ հանձնաժողովում է, եւ հանձնաժողովի խնդիրը որն է: Այդ դիմումի հրապարակման նպատակն, առաջին հերթին, այն էր, որ կալանավորված անձը՝ գտնվելով անազատության մեջ, հնարավորություն ունենա իր խոսքը փոխանցել: Եվ պետք է ներկայացվի օբյեկտիվ տեղեկատվություն: Երկրորդը՝ Նաիրա Զոհրաբյանն ակնհայտորեն չի էլ տիրապետում կոռեկտության սահմաններին, երբ նման հայտարարություն է անում: Եվ վերջապես՝ 3-րդ հանգամանքը. գտնում եմ, որ ավելի լավ կլիներ՝ Նաիրա Զոհրաբյանն իր պրոֆեսիոնալ գործունեության մեջ հաջողության հասներ եւ ոչ թե նման հայտարարություններ աներ»: