«Առավոտի» հարցազրույցը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ
– Պարոն Աբրահամյան, շատերի համար անսպասելի էր օրենսդիր գործունեությամբ զբաղվելու ձեր անակնկալ ցանկությունը: Ի վերջո, ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը որոշել առաջադրվել պատգամավորության թեկնածու:
– Չեմ բացառում, որ ոմանք կարող է եւ տարակուսում են: Իրականում նման հարց կարող է ծագել միայն այն շրջանակներում, որտեղ ինձ լավ չեն ճանաչում: Իմ գործունեության ընթացքում ես երբեք պաշտոնի խնդիր չեմ դրել. եղել եմ այնտեղ, որտեղ ճիշտ եւ նպատակահարմար է գտել իմ քաղաքական թիմը: Ծանոթ եք իմ անցած ուղուն. եղել եմ քաղաքապետ, մարզպետ, նախարար, փոխվարչապետ եւ ամենուր առաջնորդվել եմ սկզբունքով, որ անլուծելի խնդիրներ չկան. ցանկացած պրոբլեմ լուծելի է, եթե կա կամք, աշխատելու հմտություն եւ, որ շատ կարեւոր է՝ նվիրում այն գործին, ինչով զբաղվում ես: Թեպետ 95 թվականին ես եղել եմ ԱԺ պատգամավոր, ինչը զուգահեռել եմ Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, այնուհետեւ քաղաքապետի պաշտոնի հետ, այդուհանդերձ, ներկայիս խորհրդարանում տեսնում եմ ինձ համար աշխատանքի նոր դաշտ, նոր խնդիրներ եւ նոր հարցադրումներ, որոնք լուծում են պահանջում: Այո, անկեղծորեն պիտի ասեմ, որ ուզում եմ իմ փորձն ու հմտությունները օգտակար դարձնել Հայաստանի օրենսդիր մարմնի առավել արդյունավետ գործունեության համար: Այլ ենթատեքստեր ու դրդապատճառներ փնտրելու կարիք չկա:
– Դեռ մինչեւ ձեր պաշտոնական առաջադրումը արդեն իսկ շրջանառվում էին լուրեր, որ դուք, բնականաբար, շարքային պատգամավոր չեք լինելու, այլ հավակնում եք առավելագույնին՝ ԱԺ նախագահի պաշտոնին։ Այդուհանդերձ, նման լուրերը դուք երբեւէ չեք մեկնաբանել:
– Երբեւէ չեմ անդրադարձել նման լուրերին, քանզի նման հարցերը Հանրապետական կուսակցության քաղաքական որոշման տիրույթում են, ուստի այս պահին ես կոռեկտ չեմ համարում այդ մասին խոսել: Մեր կուսակցության հաջողությունների եւ հաղթանակի գրավականը միշտ եղել է թիմային կուռ ռազմավարությունը, ուր որոշումները կայացվել են ոչ թե անձնական, այլ կուսակցական եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Կուսակցությունը որոշել է թիվ 17 ընտրատարածքում առաջադրել իմ թեկնածությունը, ձեր հաջորդ հարցադրումը կուսակցության քաղաքական որոշման խնդիր է, եւ ես, բնականաբար, կլինեմ այնտեղ, որտեղ կորոշի Հանրապետական կուսակցությունը: Ընդհանրապես, վերջին շրջանում այս խնդրի շուրջ մամուլում այնպիսի բազմաժանր վարկածներ շրջանառվեցին, որ կհերիքեր առասպելաբանության մի ամբողջ ժողովածուի համար։ Ուղղակի խորհուրդ կտայի վարկածների պեղումներով չզբաղվել. օգոստոսի 24-ին եւ ԱԺ աշնանային նստաշրջանին առանձնապես շատ ժամանակ չի մնացել:
– Պրն Աբրահամյան, այդուհանդերձ, մամուլը նաեւ պարբերաբար անդրադառնում է ՀՀԿ-ի ներսում առկա տարաձայնություններին՝ կանխատեսելով ՀՀԿ-ի տրոհում:
– Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ 95 թվականից, եւ, որքան հիշում եմ, նմանօրինակ «կանխատեսումներ» միշտ էլ եղել են, քանզի ցանկացած քաղաքական ընդդիմախոսի համար ուժեղ եւ ամուր Հանրապետականի հնարավոր պառակտումը, հասկանալի է, ցանկալի կլիներ: Մինչդեռ կյանքը ցույց է տվել այդ կարգի կանխատեսումների ողջ սնանկությունը: Այնպես որ, ձեզ եւս խորհուրդ կտամ առանձնապես լուրջ չվերաբերվել ՀՀԿ-ի տրոհման, տարբեր թեւերի ու բեւեռների մասին շրջանառվող լուրերին: Բնականաբար, ուժեղ եւ կայացած կուսակցությունները, ուժեղ եւ կայացած գործիչները միշտ էլ առանձնակի ուշադրության թիրախ են դառնում: Նման դեպքերում ես միշտ հիշում եմ ամերիկացի մի գրողի խոսքը՝ «Ուզում ես խուսափել քննադատությունից՝ ոչինչ մի խոսիր, ոչինչ մի արա եւ ընդհանրապես՝ եղիր «ոչինչ»:
– Թիվ 17 ընտրատարածքում արդեն մեկնարկել է քարոզարշավը: Ինչպիսի՞ն է լինելու պատգամավորության թեկնածու Հովիկ Աբրահամյանի քարոզչական մարտավարությունը:
– Ինձանից կախված ամեն հնարավորը անելու եմ թիվ 17 ընտրատարածքում ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար: Ինձ համար իսկապես կարեւոր է, որ ընտրություններն անցնեն արդար եւ խաղաղ, եւ վստահեցնում եմ՝ որեւէ պատճառ չեմ տեսնում, որ ընտրությունները այդպիսին չլինեն: Հիմա էլ, օգտվելով առիթից, դիմում եմ բոլոր կազմակերպություններին, նաեւ՝ միջազգային, որոնք իրավասու են իրականացնել դիտորդական առաքելություն՝ այդ ընտրություններին հետեւելու առաջարկով:
Իմ ողջ գործունեության ընթացքում ես երբեք չեմ կտրվել իմ փոքր հայրենիքից, մեր տարածաշրջանի բնակիչների հոգսը եղել է իմ հոգսը, նրանց հաջողությունը եղել է իմ հաջողությունը: Ես միշտ հասանելի եմ եղել նրանց համար, անկախ նրանից՝ եղել եմ քաղաքապե՞տ, մարզպե՞տ, նախարա՞ր, թե՞ փոխվարչապետ: Եղել եմ համերկրացի եւ ոչ թե պարզապես պաշտոնյա: Վստահ եմ, ինձ ճանաչում են որպես գործի մարդ, եւ պատահական չէ, որ իմ նախընտրական կարգախոսն է՝ «Իրական գործ»: Քարոզարշավի այս մեկ ամսում չէ, որ ընտրողը պետք է ինձ ճանաչի: Անկեղծ ասած, քարոզարշավը ինձ համար լրացուցիչ առիթ է իմ համերկրացիներին կրկին հանդիպելու, նրանց հետ անկեղծ զրուցելու, լսելու նրանց խնդիրները եւ, իհարկե, ներկայացնելու երկրի նախագահի ղեկավարությամբ իրականացվող բարեփոխումները: Այնպես որ, ինչ-որ հատուկ քարոզչության կարիք չեմ տեսնում: