Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՃԱԿԸ ԼՐՋԱՑԵԼ Է

Հուլիս 31,2008 00:00

\"\"Ներսի ակտիվությունից է կախված դրսի հետեւողականությունը

«Կոալիցիան մարտի 1-ից հետո ստեղծվեց հապճեպ եւ այն ժամանակ դժվար թե որեւէ մեկին խորը հարցեր էին հետաքրքրում: Բնական է, որ այս հանգամանքն ինչ-որ ձեւով պիտի իրեն ցույց տա: Պիտի ի հայտ գային ինչ-որ խնդիրներ, հատկապես, եթե նկատի ունենանք, որ կոալիցիայի մաս կազմող կուսակցություններում իշխանություն դառնալու առումով մոտեցումները միանշանակ չէին»,- այսպես է բացատրում քաղաքագետ Մանվել Սարգսյանը ՀՀԿ-ՀՅԴ ներկոալիցիոն «փոխհրաձգությունը»:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իր կուսակցությանը չեն բավարարում Հայաստանում բարեփոխումների տեմպերը: Վերստին ընդդիմադիր կեցվածք որդեգրած ՀՅԴ-ին ՀՀԿ-ն՝ ի դեմս Արմեն Աշոտյանի, ցույց տվեց իր տեղը: Աշոտյանը ասաց, որ նախագահական ընտրություններում պարտվելուց հետո ՀՅԴ-ն ավելի ճիշտ կվարվեր, եթե մնար ընդդիմադիր դաշտում: Ի՞նչ շահեր այսօր կարող են լինել կոալիցիայում եւ ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ այդ կառույցի ապագայի վրա: Այս համատեքստում քաղաքագետը նկատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու՝ Սերժ Սարգսյանի քայլերն էլ, անգամ եթե դրանք զուտ PR նպատակ են հետապնդում, ՀՅԴ-ի ներսում ճգնաժամ են ստեղծում:

Այնուհանդերձ, հենց իշխող ճամբարում հնարավոր վերադասավորումները մեր զրուցակիցը պայմանավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնով. «Ես կարծում եմ՝ տեսնելով շարժման նորից կոնսոլիդացումը, իշխանությունները, բնականաբար, պետք է ինչ-որ քայլեր անեն քաղաքական դաշտը վերաձեւելու: Ինչ-որ ուժեր կստեղծեն, այդ կերպ փորձելով ընդդիմադիր դաշտը մի քանի մասի բաժանել: Ես կարծում եմ՝ հիմնական նպատակը կարող է դա լինել, որ ՀՅԴ-ն ընդդիմություն դառնա, քանի որ «մարտի 1-ի» փոսից դուրս գալու համար իշխանությունները պետք է ավելի հակված լինեին միաբեւեռ ուժ ստեղծելու: «Մարտի 1»-ն իշխանությունների համար շատ ավելի լուրջ հետեւանքներ կարող է ունենալ, քան շատերին թվում է»: Երրորդ բեւեռ ստեղծելու մասին մնացյալ խոսակցությունները քաղաքագետը «սուտ բաներ» է համարում: Նրա համոզմամբ, անգամ Ռոբերտ Քոչարյանը հիմա չի կարող «դուրս գալ եւ ընդդիմություն խաղալ»: Վերհիշելով «Ժառանգություն» կուսակցության համագումարում մարտի 1-ի դեպքերի առիթով ԱԺ-ին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքները, Մանվել Սարգսյանը դրանք որակում է «հեռուն գնացող» զարգացումներ ու չի բացառում, որ առաջինը հենց ԱԺ-ն փլուզվի:

Մեր զրուցակիցը չի կիսում այն կարծիքը, որ պայքարի երկարատեւ եւ քաղաքակիրթ ճանապարհն ընտրելով՝ ընդդիմությունը մի օր կարող է կանգնել կոտրած տաշտակի առջեւ: Ավելին, նա գտնում է, որ ժամանակն աշխատում է ընդդիմության օգտին եւ դա շատ լավ հասկանում են ընդդիմության շարքերում: «Որեւէ մեղադրանք չի առաջադրվել ծանր հանցագործություն կատարելու համար: Նշանակում է, որ ձերբակալված 100-ից ավելի մարդիկ անմիջական որեւէ կապ չունեն կատարված հանցագործությունների հետ: Սա մի բան է, որը ամիսներ առաջ այդքան չէր գիտակցվում ոչ հասարակության, ոչ էլ միջազգային հանրության շրջանակներում: Այսօր սա արդեն պարզ ու հստակ է: Հիմա մի այլ ալիք է սկսվել եւ դա վկայում են քաղբանտարկյալների, քաղբանտարկյալների կոմիտեի, անհատների հայտարարությունները. եթե կալանքի տակ գտնվող մարդիկ պատասխանատու չեն, ուրեմն մյուսներն են պատասխանատու: Արդեն ընդդիմադիր կողմն է մեղադրանքներ բարձրացնում եւ պահանջում իշխանական ճամբարի պատասխանատվությունը: Սա քաղաքական իրավիճակի լուրջ փոփոխություն է: Ըստ երեւույթին, ընդդիմությունը հենց սրա հետ է հույսեր կապում»,- ասում է պարոն Սարգսյանը:

Ասվածի համատեքստում եւ անցած շաբաթ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումի մերժման արդյունքում, քաղաքագետը ճգնաժամ է կանխատեսում նաեւ իրավական համակարգում: «Մինչեւ հիմա հանրահավաքներ թույլ չէին տալիս. կյանքն ապացուցեց, որ իշխանությունը ուժ չունի եւ ինչ-որ պահից ստիպված է համակերպվել: Վաղը կարող է ավելի մեծ երթեր լինեն: Ինչքա՞ն ժամանակ կարող են պաշտոնյաների դեմ քրեական գործերի դիմումները չընդունվել: Այս նոր իրավիճակում արդեն հարցերը հստակ են դրվում. Սերժ Սարգսյանն է մեղադրվում ծանր հանցագործության մեջ, մինչդեռ մինչ այժմ Ռոբերտ Քոչարյանն էր: Արդեն ավելի լուրջ է իրավիճակը»,- փաստում է մեր զրուցակիցը, նկատի ունենալով նաեւ Հայաստանի շուրջ Հայաստանից դուրս ստեղծվող իրավիճակը՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ, որքան էլ տարօրինակ է, նույնիսկ Ռուսաստանի կողմից դիրքորոշումների հստակեցումը եւ կոշտացումը: Մանվել Սարգսյանը գտնում է, որ Հայաստանի նկատմամբ նախնական անտարբերությունը խնդիրներ է առաջացրել նաեւ միջազգային կառույցների ներսում, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում, որը պատասխանատվություն ունի իր անդամներ առջեւ: ՌԴ-ն մտավախություն ունի կորցնել հայ հասարակության վստահությունը՝ ինչքան էլ վայելի իշխանության հավատարմությունը: Իսկ գերտերությունների հետեւողականության մակարդակը մեր զրուցակիցը մեծապես պայմանավորում է հայ հասարակության ակտիվությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031