Լրահոս
Օրվա լրահոսը

Էջմիածնի երաժշտականը քանդվում է

Հուլիս 31,2008 00:00

\"\"Դպրոցի տնօրենը SOS է հնչեցնում

Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1945թ.: Այն մինչ օրս տվել է 2000 շրջանավարտ: Այս դպրոցի սանն է եղել նաեւ ճանաչված օպերային երգչուհի Անահիտ Մխիթարյանը: «Առավոտի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Սերգեյ Բեգլարյանն ասաց, որ մինչեւ անկախությունը յուրաքանչյուր խմբակում 20-30 աշակերտ է եղել, այժմ հետաքրքրությունը պակասել է եւ բոլոր բաժինները միասին ունենում են 50-60 աշակերտ: Նրա խոսքերով, ժողգործիքների դասարանները վերացել են՝ դիմողներ չկան: «Դեֆիցիտ» կա նաեւ փողային նվագարանների «գծով». գործում է միայն 11 հոգանոց դուդուկի դասարանը: Փոխարենը «մոդա» է դաշնամուրի գնալը. աշակերտների ամենամեծ խմբաքանակը հենց այս դասարանում է: Ս. Բեգլարյանը գոհունակությամբ նշեց, որ այս տարվանից սկսած, ժողգործիքների խմբակում սաները պետ

պատվերով են սովորելու: Բայց կարծես թե դա էլ դիմորդներին չի հրապուրել՝ մինչ օրս չեն դիմել: Դրական տեղաշարժ չի գրանցվում հատկապես թառի, քամանչայի դասարաններում, իսկ քանոնի դասարանում ընդամենը երկու հոգի է սովորում: Տնօրենի կարծիքով, ազգային գործիքների նկատմամբ անտարբերությունը նկատվում է հանրապետության ողջ տարածքում: Ըստ նրա, պատճառը հակումն է սինթեզատորի ու այլ էլեկտրոնային գործիքների հանդեպ, որոնք էլ խնջույքների հիմնական «ծաղկեցնողներն» են: «Էլեկտրոնային գործիքները ջախջախեցին ժողգործիքներին եւ հաճախումները նվազեցին: Բոլորը ձգտում են սինթեզատոր նվագել կամ մշակույթի պալատներում երգի-պարի հաճախել, նվագարանների նկատմամբ հետաքրքրություն բացարձակ չկա»,- ասաց պարոն Բեգլարյանը: Երաժշտական դպրոցների թուլացման մեկ այլ պատճառ էլ համարեց մշակույթի նախարարության հաշվեկշռից երաժշտական դպրոցների՝ համայնքների ենթակայության անցնելը:

«Երաժշտական դպրոցի ուսուցիչը շատ քիչ է աշխատավարձ ստանում՝ մեկ դրույքի համար 25 հազար դրամ, տնօրենն էլ՝ 35 հազար: Իսկ խորհրդային տարիներին քաղաքում երաժշտական դպրոցի դասատուին մատով էին ցույց տալիս, թե՝ տեսեք, այս մարդը երաժշտական դպրոցում է աշխատում, շատ մեծ հարգանք ու պատիվ ունեին: Հիմա նույնիսկ չեն էլ ճանաչում, ասում են՝ դասատու է, էլի»,- նեղսրտեց Ս. Բեգլարյանը: Նշենք, որ ուսման վարձը դաշնամուրի բաժնում 5000 դրամ է, այլ խմբերում՝ 4000: Տնօրենը նշեց, որ գործիքների պակաս չունեն, դրանց մի մասը արդեն հնացած է, վատն են իրենց դպրոցի շենքային պայմանները:

Շենքը կառուցվել է 1970թ. եւ արդեն 40 տարի չի վերանորոգվել, պատուհաններին գրեթե ապակիներ չկան, որոշներն ուղղակի ցելոֆանապատ են, խիստ մաշված է նաեւ կահույքը: Պատերը խոնավ են, գաջը՝ տեղ-տեղ թափված: «Ջեռուցում ընդհանրապես գոյություն չունի, վառելանյութով ենք դասասենյակները տաքացնում: Ցրտի պատճառով ամբողջ հունվարին դաս չենք պարապում, ձմռան ամիսներին դպրոցը սոլյարկայի հոտի ու ծխի մեջ կորչում է: Շատ դեպքեր են եղել՝ այդ հոտից ու ծխից երեխաները վատացել են, զանգել ենք ծնողներին, որ գան տուն տանեն: Որ հիմա հիշում եմ, թե այս ձմեռ նորից սոլյարկա պիտի վառենք, քիչ է մնում դիմում գրեմ՝ աշխատանքից դուրս գամ»,- ասաց Ս. Բեգլարյանը: Ըստ տնօրենի, երեք տարի առաջ շինանյութի գները դեռ «աստղաբաշխականի» չէին հասել, իրենց հաշվարկներով շենքի վերանորոգումը կարժենար 130 մլն դրամ, այժմ դրա կրկնակին հազիվ բավարարի:

Այս առնչությամբ Էջմիածնի փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ դեռեւս 2-3 տարի առաջ շենքի վերանորոգումը ընդգրկվել է Սոցներդրումների հիմնադրամի ծրագրում, քաղաքապետարանն էլ իր հասանելիք գումարի 10%-ը ժամանակին հատկացրել է: Այս տարի ժողով է եղել, կազմվել է ժամանակացույց, սակայն, ըստ քաղաքապետի, Սոցներդրումների հիմնադրամը մինչ օրս տեղից չի շարժվում, որ աշխատանքները սկսվեն: «Մենք պատրաստ ենք նույնիսկ մեր տրամադրած 10%-ին հավելյալ գումար էլ վճարել, միայն թե շենքը վերանորոգվի»,- ավելացրեց Կ. Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031