Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուսուցիչը նվիրական գործ է եւ դժբախտություն»

Հուլիս 31,2008 00:00

Սփյուռքահայ ուսուցիչների խնդիրներին է անդրադարձել

Համահայկական կրթական երրորդ համաժողովը:

ԿԳ նախարարությունում հրավիրված երեկվա ասուլիսի թեման օրերս Ծաղկաձորում անցկացված Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովն էր, որի արդյունքներն ամփոփեցին ԿԳ նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Հրաչ Թադեւոսյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Ջուլիետա Շիլամիրյանը եւ Տորոնտոյի հայկական կրթօջախի հոգաբարձուների խորհրդի անդամ Մարգար Շարաբխանյանը:

Հ. Թադեւոսյանի փոխանցմամբ, ի տարբերություն նախորդ խորհրդաժողովների, այս անգամ թե՛ մասնակիցների թիվը, թե՛ աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է. «Խորհրդաժողովին մասնակցած 31 երկրների 150 ներկայացուցիչները համախումբ կերպով քննարկեցին Հայաստանում եւ Սփյուռքում առկա հիմնական խնդիրները: Կարեւորվել է Սփյուռքում հայերենի՝ որպես երկրորդ լեզվի ուսուցումը, նկատի ունենալով, որ հայ երեխաների մեծ մասը չի հաճախում հայկական դպրոց եւ չի տիրապետում մայրենիին: Բարձրացված մյուս թեմաները վերաբերում էին արտերկրում գործող հայկական ամենօրյա դպրոցներում հայագիտական առարկաների ծրագրամեթոդական հիմնահարցերին… Ուրախալի է, որ ՀՀ կառավարությունը լուրջ քայլեր է կատարում՝ 2009 թվից սկսած, կկարողանանք հիմնական վերադասավորումներ կատարել ամեն տարի Հայաստանում կազմակերպվող սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման մասով»:

Մարգար Շարաբխանյանն էլ հավելեց. «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը Սփյուռքում կենսական հարց է դարձել… Սփյուռքում հայ ուսուցիչ լինելը նվիրական մասնագիտություն է ու նաեւ դժբախտություն. նրանք հայաստանցի ուսուցիչների համեմատ քիչ են վճարվում»:

Ջուլիետա Շիլամիրյանն էլ փաստեց, որ եթե նախորդ երկու խորհրդաժողովների ժամանակ մասնակիցները չգիտեին, թե Հայաստանից կոնկրետ ինչ են ուզում, այս անգամ ամեն ինչ հստակ էր, բարձրացված խնդիրներն էլ կառուցողական էին: Խորհրդաժողովի մասնակիցների համոզմամբ, պետք է ընդարձակել սփյուռքահայ ուսուցիչների պատրաստման ու վերապատրաստման գործընթացը ՀՀ ուսումնական հաստատություններում, մասնավորապես՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ինչպես նաեւ յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքի վերահսկողության ու գնահատման նպատակով մշակել վերապատրաստման գործընթացի արդյունքները ստուգող, գնահատող չափորոշիչներ ու կանոնակարգ:

Ըստ բանախոսների, հարկավոր է նաեւ ստեղծել համապատասխան կայքէջ, որտեղ էլ կտեղադրվեն սփյուռքահայ կրթօջախների հասցեներն ու նրանց մասին այլ տեղեկություններ: Խորհրդաժողովի մասնակիցները Ծաղկաձորում ընդունել են մի բանաձեւ՝ հայեցի կրթության սահմանների ընդարձակման ու հայոց լեզուն ուսումնասիրող սերնդի քաջալերման մասին: Բանաձեւում ներկայացված առաջարկություններն ի կատար ածելու նպատակով խորհրդաժողովի մասնակիցները ԿԳ նախարարությանն ու համապատասխան մարմիններին առաջարկել են մշակել ծրագիր՝ նշելով կոնկրետ պատասխանատուներին ու կատարման ժամկետները, ինչպես նաեւ համահայկական չորրորդ համաժողովին ներկայացնել կատարված աշխատանքների արդյունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031