Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ, ՄՐՋՈ՞ՒՐԸ ՄՏԱՆ

Հուլիս 31,2008 00:00

\"\"Բնակիչները, ազատվելով «Յոժիկի» ստրկությունից, մտավախություն ունեն, որ հիմա էլ կընկնեն «Դուետի» լծի տակ:

Երեւանի Թումանյան փողոցի առաջին անցումի թիվ 13 բնակելի շենքի նկուղային եւ նկուղին հաջորդող առաջին հարկում այժմ բուռն շինարարություն է ընթանում: Շենքի բնակիչները «Առավոտին» դժգոհել էին, որ նոր տերերն օբյեկտը վերանորոգելուց հետո մտադրություն ունեն այն կրկին, «Յոժիկի» նման, գիշերային ակումբ դարձնել, կամ բար-սրճարան, որը աղմուկի տեսակետից նույնն է: Տեղում շինարարները մեզ հայտնեցին, որ իրենք տեղեկություն չունեն, թե օբյեկտը ինչի՞ է ծառայելու: Քիչ անց հայտնվեցին երկու երիտասարդ՝ ներկայանալով որպես օբյեկտի սեփականատիրոջ ներկայացուցիչներ: Նրանք ասացին, որ օբյեկտի սեփականատեր Յուրան հանրապետությունում չէ, Երեւանում լինելու դեպքում կտա բոլոր հարցերի սպառիչ պատասխանը: Նկատենք, որ երկու երիտասարդներն ամեն կերպ ջանում էին ապացուցել, որ բնակիչների դժգոհությունն իրականությանը չի համապատասխանում, քանի որ վերանորոգվող տարածքը բար-սրճարան է լինելու: Տղաներից մեկը նույնիսկ զարմացավ. «Ինչի՞ են հիմա բողոքում, ամբողջ պադվալը ջուր էր լցված, խողովակները փոխեցինք, սարքեցինք, բողոքը շնորհակալության ձե՞ւ է»:

Հիշեցնենք, որ այս տարածքը՝ իր նախկին վարձակալ-տերերով հանդերձ, արդեն դատական վեճերի մեջ ընկել է՝ շենքի բնակիչների տարրական իրավունքները ոտնահարելու պատճառով: Ըստ որի՝ 2004 թվականին շենքի մի խումբ բնակիչներ հայց էին ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, ապա հայցը հասցրել վերաքննիչ դատարան՝ պահանջելով 2003 թ. հունիս ամսից իրենց շենքի նկուղային հարկում գործող «Յոժիկ» ՍՊԸ գործունեությունը դադարեցնել: Մեջբերենք ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատաքննությամբ կայացրած վճռի որոշ դրույթներ. «Բարի (խոսքը սրճարանի մասին է՝ բարության հետ դա կապ չունի- Գ. Մ.) հաճախորդները մուտք են գործում կցակառույցի տակ պատրաստված աստիճաններով, որի հետեւանքով շենքի առջեւի մայթը զրկվել է գազոնից, իսկ հետիոտնը՝ հանգիստ քայլելու հնարավորությունից: Հաճախորդների մեքենաների աղմուկը, հեռախոսային խոսակցությունները, գինովցած այցելուների աղմուկը, վեճերը խանգարում են իրենց հանգիստը: Բարից եկող թմբուկների ձայնի հետեւանքով բնակարաններում ստեղծվում է վիբրացիա, որը վտանգավոր է իրենց առողջության համար»: Ավելին՝ բնակիչների դիմումի համաձայն, պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության աշխատակիցները ժամը 24-ից մինչեւ 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգման արդյունքում արձանագրել էին, որ «Յոժիկ» ՍՊԸ բարից Թումանյան 13 թիվ 3 բնակարանում ձայնի համարժեք մակարդակը 6 դեցիբելով գերազանցում է «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի եւ հասարակական շենքերում եւ բնակելի կառուցապատման տարածքներում» սանիտարական նորմերի թույլատրելի սահմանը: Նույն վճռի դրույթներից տեղեկանում ենք նաեւ, որ 2003 թ. մայիսին Երեւանի Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանն անձամբ է «Յոժիկ» ընկերությանը տվել ժամը 24-ից հետո աշխատելու թիվ 019 թույլտվությունը եւ ոգելից խմիչքների ու ծխախոտի վաճառքի թիվ 351 թույլտվությունը, ապա՝ հաշվի առնելով բնակիչների դժգոհությունը եւ հարուցված դատական գործը՝ Կենտրոնի թաղապետարանը կասեցնում է թույլատրած որոշումը՝ մինչեւ խնդրի լուծումը: Մի խոսքով՝ վերաքննիչ դատարանը բնակիչների բողոքին մասնակի լուծում է տալիս՝ բար-սրճարանի գործունեությունը սահմանափակելով մինչեւ ժամը 24-ը:

Ըստ էության, այժմ բնակիչների մտավախությունը գրեթե նույնն է՝ արդյո՞ք «Յոժիկին» փոխարինած նոր տերն իրենց հետ չի վարվի նույնպես: Հուլիսի 18-ին «Առավոտին» հաջողվեց զրուցել օբյեկտի սեփականատեր Յուրա Մկրտումյանի հետ, որը ներկայացավ որպես Երեւանի Կենտրոն թաղամասում գործող «Դուետ» բար-սրճարանների ցանցի սեփականատեր: Խնդրի առնչությամբ նա ասաց. «Ես այդ բողոքող մարդուն հասկանում եմ, ու չեմ էլ մեղադրում: Բնական է՝ պետք է անհանգստանան, թե ինչի՞ է ծառայելու իմ բար-սրճարանը: Ես քաջ գիտակցում եմ, որ երկար չի կարող շարունակվել մի գործունեություն, որը խանգարում է ինչ-որ մեկին: Մինչեւ վերջ կարող եմ համագործակցել դժգոհող հարեւանների հետ եւ բոլոր ջանքերը կգործադրեմ, որ դժգոհությունները վերանան: Իմ անհանգստությունն այն է, որ իմ հարեւանն այժմ անհանգիստ է»: Երբ խնդրեցինք ներկայացնել, թե պայմանագրերում ի՞նչ երաշխիքներ կան, որ բար-սրճարանը չի խոչընդոտի մարդկանց հանգիստն ու գիշերային ակումբի չի վերածվի, Յու. Մկրտումյանը հրաժարվեց պայմանագրերն ու սեփականաշնորհման գրքույկը ցույց տալ՝ պատճառաբանելով, որ դրանք բանկում են: Իսկ երբ մեր այցի ժամանակ ցանկանում էինք լուսանկարել ապագա բար-սրճարանի մի քանի փոքրիկ սենյակները, վերոնշյալ երկու երիտասարդները կտրուկ ընդդիմացան: Սեփականատիրոջից հետաքրքրվեցինք՝ մի՞թե մեծ սրահներից բացի, այդ «գողտրիկ» սենյակներում էլ են հաճախորդները սուրճ խմելու: «Այդ սենյակներում լինելու են կինոսրահներ՝ հեռուստացույց եւ DVD»,- պատասխանեց Յու. Մկրտումյանը:

Հ. Գ. Երբ զրուցում էինք սեփականատիրոջ եւ նրա ներկայացուցիչների հետ, վերջիններս ասում էին. «Եթե մենք էլ մեր շենքերի պրոբլեմներն ասենք, կգրե՞ք»: Իհարկե, կգրենք, եթե խախտվում են մարդկանց իրավունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել