Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» տուգանվեց 300 միլիոն դրամով

Հուլիս 31,2008 00:00

Ընկերությունը ոչ մի գնով չի ցանկանում կատարել հանձնաժողովի որոշումը եւ պրովայդերներին մատչելի ու որակյալ կապ տրամադրել:

Արդեն մի քանի ամիս է, ինչ «ԱրմենՏելի» եւ ինտերնետ կապի ծառայություններ մատուցող պրովայդերների վեճն այդպես էլ չի լուծվում: Բանն այն է, որ «ԱրմենՏելը» միտումնավոր կերպով, չարաշահելով շուկայում ունեցած մենաշնորհային դիրքը, իր բաշխիչ ցանցը «Հայ-լայն» կամ համանման ծառայություն մատուցելու համար հրաժարվում է վարձակալությամբ տրամադրել պրովայդերներին:

Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հունիսի 18-ի նիստում որոշվել էր խնդիրը կարգավորելու համար «ԱրմենՏելին» տրամադրել 15 օր ժամանակ, իսկ սահմանված ժամկետի ավարտին պրովայդերներն արդեն պետք է ունենային բաշխիչ ցանցի միջոցով ծառայություն մատուցելու հնարավորություն: Բայց քանի որ «ԱրմենՏելը» 15 օրվա ընթացքում խնդրի կարգավորման ուղղությամբ ոչ մի կոնկրետ քայլ չի արել, երեկ հանձնաժողովն ընկերությանը տուգանեց 300 միլիոն դրամով: Բացի այդ, հանձնաժողովը պարտավորեցրեց «ԱրմենՏելին»՝ 30 օրվա ընթացքում վերացնել խախտումը եւ կատարել հանձնաժողովի որոշումը:

Ուշագրավ է այն, որ հանձնաժողովի նախորդ նիստերի ընթացքում «ԱրմենՏելի» ներկայացուցիչները պատրաստակամություն էին հայտնել իրենց տեխնիկական հնարավորությունների սահմանում բավարարել պրովայդերների պահանջը, իսկ երեկվա նիստում պարզվեց, որ «ԱրմենՏելի» պատրաստակամությունից հետք անգամ չի մնացել ու դեռ ավելին՝ ընկերության իրավաբան Դավիթ Սանդուխչյանի արդարացումը հանձնաժողովի անդամների մոտ միայն զարմանք հարուցեց: Հանձնաժողովի անդամներից մեկի հարցին, թե վերջապես «Հայ-լայն» կապը տրամադրելո՞ւ եք պրովայդերներին՝ 3-րդ անձանց վաճառելու նպատակով, թե՞ ոչ, Դ. Սանդուխչյանը պատասխանեց. «Դա մեր ընկերության ապրանքանիշը կրող ապրանք է եւ վաճառքի ենթակա չէ: «Հայ-լայնը» մտավոր սեփականության իրավունքով պատկանում է «ԱրմենՏելին»: Իրավաբանի այս դիրքորոշմանն ի պատասխան, հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն ասաց. «Շատ պատասխանատու հայտարարություն եք անում, բայց ասեմ, որ դա ձեր ինտելեկտուալ սեփականությունը չէ, քանի որ այն ամբողջ աշխարհում տարածված ծառայություն է»: Պարոն Շահնազարյանը իրավաբանին հիշեցրեց նաեւ, որ բաշխիչ ցանցը պրովայդերներին տրամադրելու վերաբերյալ հուշագիրը ինքնակամ ստորագրել են հենց «ԱրմենՏելի» ներկայացուցիչները. «Եթե դա ձեր մտավոր սեփականությունն էր, ապա ո՞ւմ էր պետք ժամանակի վրա խաղալը: Ինչո՞ւ էիք ստորագրում մի հուշագիր, որ ինքներդ էլ պիտի խախտեիք»:

Դ. Սանդուխչյանը համաձայն չէր հանձնաժողովի անդամների այն մտքին, թե «Հայ-լայնը» ամենաորակյալ ու մատչելի կապն է, եւ սպառողների մեծամասնությունը գերադասում է օգտվել հենց այս կապից. «Հայ-լայնը» անփոխարինելի չէ: Այսօր կան պրովայդերներ, որ նույնիսկ «Հայ-լայնին» արագությամբ գերազանցող ու մատչելի կապ են տրամադրում»: Սակայն պարոն Սանդուխչյանը հրաժարվեց հանձնաժողովի անդամներին տրամադրել տեղեկություններ այն մասին, թե քանի բաժանորդ է օգտվում այս ծառայությունից՝ պատճառաբանելով, որ դա գաղտնիք է եւ սպառողական շուկայի մասին տեղեկություններն իրենք բարձրաձայն չեն հայտարարում:

Երեկ հանձնաժողովն անդրադարձավ նաեւ գազի սուբսիդիայի վերացումից հետո ավտոգազալցման շուկայում արձանագրված գների բարձրացման փաստին, որի առնչությամբ վարույթ էր հարուցվել այս տարվա մայիսի 4-ին:

Ա. Շահնազարյանի տեղեկացմամբ, գազալցակայանների մեծ մասը միաժամանակ բարձրացրել են գազալիցքավորման գները՝ 130 դրամից դարձնելով 200 դրամ: Սակայն հանձնաժողովի հարուցած վարույթից հետո, 5-6 օրվա ընթացքում 187 տնտեսվարողներ իջեցրել են գազի գինը: Ներկայումս այն վաճառվում է 115-ից 160 դրամով: Հաշվի առնելով այս կտրուկ գնանկումը, հանձնաժողովը խախտման համար տուգանք չի նշանակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել