Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՉ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՄ, ՈՉ ԷԼ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

Հուլիս 31,2008 00:00

\"\"«Առավոտի» հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը, որը պատրաստվում է առաջադրվել Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում:

– Դեռեւս նախագահական ընտրություններից առաջ, երբ դուք աշխատում էիք Սերժ Սարգսյանի շտաբում, Էջմիածնում լուրեր էին շրջանառվում, թե համագործակցում եք նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հետ: Այժմ դուք ո՞ր ճամբարից եք՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր:

– Ես ոչ մեկի հետ էլ չեմ համագործակցում եւ ինձ համարում եմ ժողովրդի ճամբարից: Երկու կողմում էլ իմ ժողովուրդն է եւ ցանկացած պարագայում համոզված եմ եղել, որ ղեկավարները պիտի նստեն եւ միմյանց հետ երկխոսեն: Պիտի գիտակցենք, որ մեջտեղում ժողովուրդն է: Կոնկրետ ես եղել եմ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում եւ այս ու այն կողմ անցնելու հարց չի եղել: Բացի այդ, ես ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Քաղաքականության մեջ եմ այնքանով, որքան իմ պաշտոնն է թույլ տալիս:

– Աշնանը սպասվող Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում ամենայն հավանականությամբ կառաջադրվի նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը, ըստ լուրերի, իշխանության թեկնածուն է լինելու: Այսինքն՝ իշխանությունների մոտ դուք արդեն ընդդիմադրի համբա՞վ եք ձեռք բերել:

– Ես Հակոբ Հակոբյանի փոխարեն չեմ կարող պատասխանել՝ ինքն իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն: Ես կողմնակից եմ ցանկացած առողջ մտածելակերպի, առողջ մարդկանց հետ շփվելուն: Իր հետ շփվել եմ դեռ պատգամավոր եղած ժամանակ, հիմա էլ մեր համայնքի բնակիչն է: Այստեղ կապ չունի, թե ով ում է սատարում, կարեւորն այն է, թե ժողովուրդն ում է ընտրելու: Ընտրողն իր քվեն տալիս է արածի կամ չարածի համար, ոչ թե այս կամ այն մարդու կողմնակիցը լինելու: Մենք քաղաքական դիվիդենդներ հավաքելու խնդիր չունենք, ունենք միայն կատարված աշխատանք, որը բաց գրքի պես դրված է բոլորի աչքի առջեւ: Իսկ թե մեր թիմին կամ ինձ իշխանություններն ինչ համբավ են տալիս՝ չեմ կարող պատասխանել, իրենց հարցրեք:

– Ձեր հոր՝ Մանվել Գրիգորյանի քաղաքական դիրքորոշումն ինչքանո՞վ է անդրադառնում ձեր կարիերայի վրա:

– Ես միայն մի բան կարող եմ ասել, որ հայրս միշտ ժողովրդի կողքին է եղել. սկսած 1989-ից մինչ օրս եւ այս ու այն կողմ անցնելու խնդիր չի եղել: Ինձ թվում է՝ փետրվարից հետո բոլորի կյանքում էլ ինչ-որ բան փոխվեց, ես էլ մասնիկն եմ այդ ժողովրդի: Ինչպե՞ս կարող են այս քաղաքական գործընթացները մարդու վրա լավ կամ վատ ազդեցություն չունենալ: Ինչպես աշխատել եմ, այնպես էլ շարունակում եմ աշխատել, ցանկացած պաշտոնյայի հետ ինչպես շփվել եմ՝ այնպես էլ շփվում եմ: Իմ աշխատանքը սկսվում եւ ավարտվում է քաղաքապետարանում, ժամանակ էլ չեմ ունենում իմ առօրյայով զբաղվելու:

– Արդեն ակնհայտ է, որ Էջմիածնի քաղաքապետի թեկնածուներից մեկը դուք եք լինելու: Ինչո՞ւ որոշեցիք քաղաքապետ դառնալ:

– Իմ առջեւ նման խնդիր չկա դրված: Հարցը թիմային աշխատանքն է եւ այս 3 տարիների ընթացքում ամբողջ աշխատանքները թիմով ենք արել: Եթե կա թիմ՝ պիտի լինի նաեւ թիմի որոշումը եւ դրա հետ պետք է համաձայն լինի թիմի հավաքարարից մինչեւ քաղաքապետ: Մեզանից ոչ մեկը թիմից առանձնանալու եւ առանձին որոշում կայացնելու խնդիր իր առջեւ չի դրել: Հիմա առօրյա աշխատանքներով ենք զբաղված: Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է եւ չի բացառվում, որ թեկնածուն հենց ես լինեմ:

– Այս օրերին Էջմիածնում բարեգործություններ են արվում, քաղաքը բարեկարգվում է եւ այդ բոլոր աշխատանքները ձեզ է վերագրվում: Դուք ձեր քարոզարշավն արդեն սկսե՞լ եք:

– Այդ լուրերը նոր չեն շրջանառվում, դրանք գալիս են դեռեւս իմ ուսանողական տարիներից: Ցանկացած հարցում, որ ես ներկա լինեմ՝ անկախ նրանից, դրան կխառնվե՞մ, թե՞ ոչ, միեւնույն է, իմ անունը շոշափվում է: Հայրս Արցախի հերոս է, բոլորը ճանաչում են, լավ խոսակցություն լինի, թե վատ, եթե ներկա եմ լինում՝ առաջինն իմ անունն են տալիս: Շփվողներն ինձ գիտեն, չշփվողներն էլ ինչ ուզում են՝ թող խոսեն, ես իմ հորից չեմ կարող հրաժարվել, ուրախ եւ հպարտ եմ, որ գեներալի որդի եմ: Բացասական խոսակցություններ էլ կան, եթե աշխատանք է արվում, բնական է՝ լավ էլ կխոսեն, վատ էլ: Իսկ թե ինչու է բացասականն ավելի շատ՝ չեմ կարող ասել, այդ կարծիքը ժողովուրդն է ձեւավորում: Այս տարի քաղաքապետարանը որոշել էր Էջմիածնի տոն կազմակերպել, բայց դա համընկավ ընտրությունների հետ: Որպեսզի Էջմիածինցիների մոտ չառաջանա այն միտքը, թե դրանով իմ գովազդի հարցն եմ լուծում՝ որոշեցինք այս տարի չանել եւ տեղափոխել հաջորդ տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել