Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԸ ԴԵՌ ՉԻ ՔԱՐՈԶՈՒՄ

Հուլիս 31,2008 00:00

Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանին խնդրեցինք անդրադառնալ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանի մեղադրանքներին, որոնց հասցեատերն ակնհայտորեն գործող համայնքապետն էր: Հիշեցնենք, որ ասուլիսում պրն Արիստակեսյանը մասնավորապես ասել էր, թե Արաբկիրի համայնքապետի սեպտեմբերի 7-ի ընտրությանն ընդառաջ՝ վարչական ռեսուրսն արդեն օգտագործվում է. «Որոշ թեկնածուներ հրավիրում են համատիրությունների ղեկավարների, որոնց հետ 4 տարի չեն հանդիպել կամ նրանց բարձրաձայնած հարցերին 4 տարի շարունակ լուծում չեն տվել»: Հովհաննես Շահինյանն ի պատասխան ասաց. «Հավաստիացնում եմ, որ որեւէ համատիրության ղեկավար իմ կողմից չի հրավիրվել նախընտրական աշխատանքների մեջ ներգրավվելու համար: Մեր աշխատանքն իրենց հետ ամենօրյա է եւ որեւէ առնչություն չի կարող ունենալ ընտրությունների հետ»: Նշեց, թե համատիրությունները համայնքապետին չեն ենթարկվում՝ իրենք միայն կարող են ուսումնասիրություններ ու վերահսկողություն իրականացնել: Հովհաննես Շահինյանը նաեւ պնդեց, թե ինքն այս պահին քարոզչական աշխատանքներ չի կատարում. «Նույնիսկ նախընտրական շտաբներ ձեւավորված չեն: Եվ որեւիցե համատիրության ղեկավարի կամ դպրոցի ղեկավարի՝ որպես թեկնածու չեմ դիմելու ու չեմ ներգրավելու քարոզչական աշխատանքների մեջ: Կոլեկտիվների առջեւ խնդիրներ, պահանջներ չեմ դնելու: Քարոզարշավի ժամանակ հանդիպելու եմ համայնքի բնակիչների հետ, քանի որ իմ գործառույթները ներհամայնքային բնույթի են: Եվ չեմ քաղաքականացնելու այս ընտրությունները: 15 օրն ինձ բավական է՝ մեկ օրվա ընթացքում հանդիպումներ կունենամ 5-ական բակերում: Սա է լինելու մեր ողջ ռազմավարությունը առաջիկա ընտրությունների քարոզարշավում: Հավելեմ նաեւ, որ այդ շրջանում իմ հաշվին գնալու եմ արձակուրդ»: Մովսես Արիստակեսյանը նաեւ ասել էր. «Արաբկիրն աղբանոցի է վերածվել, կանաչազրկված համայնք է: Յուրաքանչյուր կանաչ տարածքում առեւտրի օբյեկտ է, որտեղից եկամուտները գնում են ոչ թե համայնքի բյուջե, այլ հայտնի տեղեր»: Թաղապետն այս առնչությամբ ասաց, թե իրենց ստացած ժառանգությունը հաշվի առնելով՝ կան փոփոխություններ. «Ունենք դրական տեղաշարժեր, առաջընթաց, եւ այս ամենի մասին կարող ենք ներկայացնել փաստեր»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել