Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ականին Վրաստանում ապաստան են տվել

Հուլիս 31,2008 00:00

Գործարար Վոլոդյա Հովհաննիսյանը հետապնդվում է քաղաքական գործունեության համար

Մարտի 1-ի դեպքերից հետո, ինչպես քաղաքական շատ այլ գործիչներ, ընդհատակում էր գտնվում նաեւ ՀՀՇ անդամ, գործարար եւ «Այգսերվիս» ՍՊԸ-ի փայատեր ու տնօրեն Վոլոդյա Հովհաննիսյանը: Վերջինս ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձն ու Շենգավիթ համայնքում նրա ենթաշտաբի պետը, իսկ հիմա հայրենի իշխանությունների կողմից հետապնդվում է փետրվարյան ընտրություններից հետո Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց անող մարդկանց տաքությամբ ապահովելու նպատակով գազատաքացուցիչներ տեղադրելու համար: Այդ վարկածը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ ինքը՝ Վ. Հովհաննիսյանը, որը մարտյան դեպքերից հետո ՀՀ իշխանությունների հետապնդումներից թաքնվում էր մեր հարեւան պետությունում՝ Վրաստանում, եւ արդեն հուլիսի 22-ին այդ երկրի իշխանությունների կողմից ստացել է քաղաքական ապաստան:

Վ. Հովհաննիսյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Այն պահից սկսած, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, իմ գործունեությունը տնտեսական տեռորի թիրախ է դարձել: Պատճառն այն է, որ ես, հանդիսանալով «Այգսերվիս» ՍՊԸ-ի փայատեր եւ տնօրեն, համարձակություն եմ ունեցել զբաղվել գործարարությամբ՝ լինելով ՀՀՇ անդամ, որ պաշտպանել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ակտիվորեն ներգրավվել եմ նրա ընտրարշավում, իսկ հետո, հարյուր հազարավոր այլ պատվախնդիր ՀՀ քաղաքացիների նման, չեմ հաշտվել խայտառակ ընտրությունների կեղծված արդյունքների հետ: Մարտի մեկի սպանդից հետո խուզարկություններ են կատարվել իմ տանը եւ «Այգսերվիսի» տարածքում: Ես գտնվում եմ ոչ պաշտոնական հետախուզման մեջ, ստիպված դարձել եմ քաղաքական վտարանդի, եւ ակնհայտ է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կձերբակալվեմ: Դրան զուգահեռ, չորս ամսից ավելի ձգձգվող հարկային ստուգումները, փաստորեն, կազմալուծել եւ սնանկացման եզրին են հասցրել «Այգսերվիսը»: Ստեղծված պայմաններում ինձ՝ անկախ, ազատ եւ ժողովրդավար Հայաստանի ու Արցախի ջատագովիս, ոչինչ չի մնում, բացի ներողություն խնդրելուց մեր բազմաթիվ հաճախորդներից եւ հայտարարելուց, որ մենք դադարեցնում ենք մեր տնտեսական գործունեությունը՝ սպասելով օրենքի գերիշխանության վերականգնմանը երկրում: Իսկ պայքարից՝ հանուն իմ երազած Հայաստանի, չեմ հրաժարվում եւ դրա համար կանեմ ամեն հնարավորը»:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում Վ. Հովհաննիսյանը, որը Վրաստան է մեկնել մարտի 6-ին, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչի՞ց է ենթադրում, որ ինքը ոչ պաշտոնական հետախուզման մեջ է, փաստեց. «Ես տեղյակ էի, որ գլխավոր դատախազությունում ինչ-որ «սեւ ցուցակ» ունեն, որում ես կամ: Հետագա զարգացումները, որոնց մասին ես հայտարարել եմ, դա հաստատեցին»: Վ. Հովհաննիսյանը ենթադրում է, թե բացի այդ գազի վառարանները տեղադրելուց, հայրենի իշխանություններն իրեն էլ ինչո՞ւմ կարող են մեղադրել. «Գուցե, իրենց (իշխանություններին) թվում է, որ ես ինչ-որ կապ ունեմ հանրահավաքների ֆինանսավորման հետ: Բնականաբար, ես ինչ-որ գումարներ, մասնավորապես՝ սննդի համար, ծախսել եմ իմ եւ ընկերներիս վրա, իհարկե՝ Լ. Տեր-Պետրոսյանին աջակցել եմ ընտրությունների ժամանակ, բայց արդյոք դա քրեական հանցագործությո՞ւն է: Մեկ էլ, իրենք կարող է չեն հիշում, բայց ես հիշեցնեմ՝ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդկանց մի քանի արկղ ջուր եմ տարել մեր մեքենայով: Գուցե դա էլ ավելացնեն իմ «հանցանքների» ցուցակում: Ես երբեւէ անօրինական գործողություն չեմ արել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել