Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԱՄԵՆԸ ՊԱՏՄԵԼ ԵՄ, ԹԵ ԻՆՉ ԵՄ ՏԵՍԵԼ ՄԱՐՏԻ 1-ԻՆ

Հուլիս 31,2008 00:00

Ալեքսանդր Արզումանյանի հետ իր գաղտնալսված հեռախոսազրույցի մասին ասում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Սուրեն Սիրունյանը:

– «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում իրարամերժ տեղեկություններ հրապարակվեցին, թե որտեղ եք Դուք ձերբակալվել: Հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը փոխանցեց Ձեր ասածը, թե կալանավորվել եք Թբիլիսիում ապրիլի 8-ին՝ վրացի ոստիկանների կողմից: Իսկ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը պնդեց, թե բերման եք ենթարկվել «Բագրատաշենի անցակետից, բայց՝ հայկական տարածքից»:

– Եթե քննչական խմբի ղեկավարը չի հաստատում այն փաստը, որ ձերբակալվել եմ ապրիլի 8-ին՝ Թբիլիսիում, ուրեմն ստացվում է՝ ես հետ էի գալիս Հայաստան: Բայց իմ անձնագիրն իրենց մոտ է, թող այն տպեն մամուլում, եւ պարզ կդառնա՝ ե՞ս եմ ստում, թե՞ ով: Ես սահման եմ անցել ու իմ անձնագրի մեջ դրոշմված է, թե երբ եմ այն անցել՝ ապրիլի 9-ին: Այս փաստն անհերքելի է: Նորից հաստատում եմ, որ ինձ ապրիլի 8-ին ձերբակալել են Վրաստանի մայրաքաղաքում: Ապրիլի 9-ի առավոտյան ինձ տեղափոխել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն, գիշերել եմ Նոր Նորքի ոստիկանությունում: 30 ժամ պահվել եմ ապօրինի՝ առանց սանկցիայի: Իսկ ապրիլի 10-ին ինձ նոր տարել են դատախազություն եւ կալանավորել 13.00-ին:

– Քննչական խմբի ղեկավարը հանձնաժողովի նիստում նաեւ հայտարարեց, թե Դուք փախուստի մեջ եք գտնվել: Սակայն Ձեր նկատմամբ պաշտոնական հետախուզում հայտարարված եղե՞լ է: Ձեր անունը կարծես երբեք չի նշվել 4 հետախուզվողների շարքում:

– Եթե անգամ իմ նկատմամբ պաշտոնապես հետախուզում հայտարարված լիներ, եթե մեր տուն ուղարկված լիներ ծանուցագիր՝ քննչական խմբի ղեկավարի այս հայտարարություններից հետեւում է, թե ինքս եմ վերադարձել Հայաստան, որ օգնեմ քննությանը ու չեմ թաքնվել:

– Հրապարակված իրարամերժ տվյալներից մեկն էլ վերաբերում էր Ձեզ փաստաբանի տրամադրմանը: Հանձնաժողովի անդամներին ասել էիք, թե փաստաբան չեք ունեցել, թեեւ պահանջել եք: Իսկ քննչական խմբի ղեկավարը նշեց, թե Սիրունյանն ինքն է հրաժարվել պաշտպանից:

– Ապրիլի 10-ին, երբ ինձ բերեցին Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, վստահ լինելով, որ ես ո՛չ որեւէ անկարգության մասնակից եմ, ո՛չ էլ կազմակերպիչ՝ ինքս եմ հրաժարվել փաստաբանից: Սակայն հանձնաժողովի անդամներին իմ պատմածը վերաբերել է մայիսի 3-ին կատարվածին, երբ ինձ տարել էին Հատուկ քննչական ծառայություն, ու առանց իմ փաստաբանի ներկայության՝ մի բարձրաստիճան ոստիկան ցանկանում էր զրուցել ինձ հետ: Նա Երեւանի ոստիկանության բաժիններից մեկի ղեկավարն է:

– Քննչական խմբի ղեկավարն ընդհատեց Արծվիկ Մինասյանին, երբ նա վերապատմում էր Ալեքսանդր Արզումանյանի հետ Ձեր հեռախոսազրույցը՝ նախազգուշացնելով, թե նախաքննության գաղտնիք է բացահայտում: Այդ ի՞նչ եք խոսել, որ այդ զրույցի գաղտնալսումը հիմք է դարձել մեղադրանքի համար:

– Ո՛չ մի գաղտնիք չկա այդ զրույցի մեջ: Ես խոսել եմ իմ նախկին կուսակցական ղեկավարի հետ (հիշեցնենք, որ Ալեքսանդր Արզումանյանը տեւական ժամանակ ՀՀՇ վարչության նախագահն էր.- Ա. Ի.), քանի որ նա անհանգստացած էր այն ամենի կապակցությամբ, ինչ կատարվում էր Մյասնիկյանի արձանի մոտ: Բոլորն էլ անհանգստացած էին՝ երեխաս էր զանգում ու լաց լինում, կինս էր խնդրում, թե այդտեղ կրակում են՝ այդ տարածքից դուրս եկեք, տանկեր են մտնում քաղաք: Եվ ես ու ընկերս որոշեցինք, որ Մյասնիկյանի արձանի մոտից հեռանանք: Այդ ընթացքում ինչ տեսել եմ ճանապարհին՝ պատմել եմ Ալեքսանդր Արզումանյանին. ասել եմ՝ ժողովուրդը սա է արել, խանութներ են թալանել, մեքենաներ են վառել: Եթե պրն Արզումանյանն ինձ որեւէ հանձնարարություն տված լիներ՝ որեւէ բան անելու, ես նրան այդ զրույցի ընթացքում պիտի ասած լինեի՝ վառեցինք, գողացանք, ջարդեցինք: Բայց ես պրն Արզումանյանին պատմել եմ այն, ինչ տեսել եմ Ձկան խանութի մոտից մինչեւ Սարյան փողոց քայլելու ընթացքում:

Երկրորդ գաղտնալսումը, որ դրվել է մեղադրանքի հիմքում՝ արվել է ավելի վաղ, փետրվարի 21-ին: Փաստորեն՝ այդ ժամանակ, երբ դեռ ազդարարված չէին ընտրությունների վերջնական արդյունքները՝ քննչական խումբն արդեն իսկ գաղտնալսել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսազանգերը: Նա այդ օրը զանգել էր ինձ եւ հարցրել, թե Ազատության հրապարակում ինչքա՞ն ժողովուրդ կա, ի՞նչ է կատարվում: Ես էլ պրն Արզումանյանին ասել եմ բառացիորեն հետեւյալը՝ լիքը ժողովուրդ է հավաքված, մարդիկ տարբեր կողմերից ինքնաբուխ գալիս են հրապարակ՝ պլակատներով, դրոշակներով: Նաեւ պատմել եմ, որ ժողովուրդը շատ վրդովված է, բորբոքված, քանի որ ոստիկանները ջղայնացնում են՝ մեքենայից անընդհատ հայտարարում են, թե ձեր միտինգն անօրինական է: Եվ ասել եմ, որ մարդիկ ուզում են ոստիկանության մեքենան շուռ տալ, բայց մենք ընկերներով շրջապատել, պահում ենք մեքենան, որ շուռ չտան:

– Դուք հանձնաժողովի անդամներին հայտնել էիք, թե սա վրեժխնդրություն է Վանո Սիրադեղյանի նկատմամբ՝ ձեզ բանտում են պահում միայն այն պատճառով, որ 1992-1998-ին ղեկավարել եք նրա թիկնազորը: Բայց ի՞նչ կապ ունի «մարտի 1»-ի գործի հետ Վանո Սիրադեղյանը:

– Կարդում եմ Վանո Սիրադեղյանի վարորդի՝ Վարդան Ղավալբաբունցի այս գործով մեղադրական եզրակացությունը. «Երեւան քաղաքի բնակիչ Վարդան Ղավալբաբունցը հանդիսանալով ՀՀ ՆԳ նախկին նախարար, ներկայումս ծանր հանցագործությունների կատարման համար հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի վարորդը…»: Այստեղ ի՞նչ կապ ունի, որ Վարդանը 14 տարի առաջ աշխատել է Վանո Սիրադեղյանի հետ: Դրանից հետո Վարդանը հարյուր հոգու հետ է աշխատել: Բացի այդ՝ քննչական խումբն իր վրա մեծ լիազորություններ է վերցրել՝ Վանո Սիրադեղյանի դեմ մեղադրանքները դատարանում դեռ չհաստատված, դատաքննությունը չավարտված՝ նշում են, թե նա կատարել է ծանր հանցագործություններ: Եթե այս ամենն իրոք կապ չունի Վանո Սիրադեղյանի հետ՝ այս մարդու մեղադրական եզրակացությունում նրա անունը կարող էր ընդհանրապես չլինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել