Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՐՏՈՆՅԱ՞Լ ԵՆ

Հուլիս 31,2008 00:00

Մարտի 1-ին առնվազն 8 մարդու մահացու վնասվածքներ հասցրած ոստիկանները առայժմ ձերբակալված էլ չեն

Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից 4-5 ամիս անց միայն ՀՀ գլխավոր դատախազությունը ստիպված եղավ պաշտոնապես խոստովանել, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ եւ հրազեն է կիրառել, ավելին՝ ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հայտարարության, պարզվել է այդ ոստիկանների ինքնությունը, նաեւ այն, թե նրանք կոնկրետ որ ստորաբաժանումների աշխատակիցներ են: Բայց ահա այդ ոստիկանները, որոնց անունները չեն նշվում, եւ որոնց գործողությունների արդյունքում մարդիկ են զոհվել, ի տարբերություն 5 ամիս անազատության մեջ գտնվող ընդդիմության ներկայացուցիչների, ո՛չ ձերբակալված են, ո՛չ էլ նրանց նկատմամբ որեւէ խափանման միջոց է կիրառվել: «Հրազեն կիրառելը դեռեւս չի նշանակում հանցագործություն կատարել»,- հայտարարել է Վ. Հարությունյանը՝ չբացառելով, որ հրազենի կիրառումը, եթե կատարվում է հանցագործությունը կանխելու կամ այլ օրինաչափ նպատակով, բնականաբար, քրեորեն պատժելի չէ: Այդուամենայնիվ, քննչական խմբի ղեկավարը չի բացառել նաեւ, որ տեղի է ունեցել զենքի ոչ օրինաչափ կիրառում: Ոստիկանների կալանավորման հարցում շատ «նրբանկատ» մոտեցում ցուցաբերող քննչական խմբի ղեկավարը միայն հավաստիացրել է, որ այդ մասով կատարվում է քննություն: Փաստ է, որ քննչական խումբը դեռ չի պարզել, թե «Մարտի 1»-ի զոհերը հատկապես ի՞նչ զենքից կրակելու արդյունքում են մահացել: Նրանց հայտնի է միայն, որ երկու զոհվածների վնասվածքները թափանցող են, եւ գնդակները չեն պահպանվել, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ ինչ զենքից է կրակված:

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի զոհերի թիվը տասն է, որոնցից 3-ն են, ըստ պաշտոնական աղբյուրի, զոհվել ոստիկանության կողմից «չերյոմուխա» անունով հայտնի «KC 23» հատուկ միջոցի կիրառման՝ «չերյոմուխա-ռիկոշետի» արդյունքում, ընդ որում՝ երկուսը՝ 23-ամյա Տիգրան Խաչատրյանը եւ 34-ամյա Արմեն Ֆարմանյանը, ստացել են գանգի՝ «գանգուղեղային բաց-կույր», իսկ 28-ամյա Գոռ Քլոյանը՝ ձախ աճուկային շրջանում բեկորային վնասվածքներ: Մյուս 7 զոհերի թվում այնպիսի թափանցող վնասվածքներ, որոնց մասին շեշտել էր քննչական խմբի ղեկավարը՝ արդարանալով, թե այդ վնասվածքի պատճառով գնդակները չեն պահպանվել, ուստի՝ հնարավոր չէ պարզել, թե ինչ զենքից է կրակված, ստացել են երկու հոգի. 28-ամյա Գրիգոր Գեւորգյանը, որը ստացել է գանգի հրազենային միջանցիկ վնասվածք, եւ ոստիկանության ներքին զորքերի թիվ N զորամասի զինծառայող, 19-ամյա Տիգրան Աբգարյանը՝ «պարանոցի միջանցիկ հրազենային-գնդակային վնասվածք, որն ուղեկցվել է պայթյունային բարդացումով, պարանոցային 6-րդ եւ 7-րդ ողերի թափանցող կոտրվածքներ»:

Կա էլի մի զոհ՝ 29-ամյա Սամվել Հարությունյանը, որը Մաշտոցի եւ Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա ստացել է «գանգուղեղային բաց-թափանցող վնասվածք, գանգի կոտրվածք», բայց նրա դեպքում, ինչպես տեսնում եք, բացակայում է «հրազենային վնասվածք» բնորոշումը: Զոհվածների թվում երկրորդ զինծառայողը ոստիկանության զորքերի վաշտի հրամանատար, 31-ամյա Համլետ Թադեւոսյանն է, որն ստացել էր «բեկորային վնասվածք՝ վերջին եւ ստորին վերջույթների շրջանում»: Մյուս երեք զոհերը հստակորեն ստացել են հրազենային վնասվածքներ, եւ հայտնի է, թե հատկապես ի՞նչ տրամաչափի գնդակներ են հանվել նրանց մարմիններից. Դավիթ Պետրոսյան՝   «հրազենային վնասվածք, կրծքավանդակի աջ  կեսի հետին մակերեսին, մարմնից հանվել է  1 գնդակ (9 մմ,  ռիկոշետ)», Հովհաննես Հովհաննիսյան՝ «հրազենային վնասվածք, կրծքավանդակի ձախ կեսի առջեւի մակերեսին, մարմնից հանվել է 1 գնդակ (5.45 մմ )», եւ Զաքար Հովհաննիսյան՝  «հրազենային վնասվածք, որովայնի շրջանում,  մարմնից հանվել է 1 գնդակ (9 մմ)»: Գոնե այս երեքի դեպքում մասնագետներին պետք է որ հայտնի լինի, թե նրանց վրա ոստիկանները հատկապես ի՞նչ տեսակի զենքից կարող էին կրակած լինել: Մեր տեղեկություններով, մասնավորապես 9 մմ տրամաչափի փամփուշտներ կրակվում են հիմնականում «Մակարով», «Բերետա», «Բրաունինգ», «Սվիթ&Վենսեն» տեսակի ատրճանակներից: Հայրենի իրավապահներին, ինչպես հայտնի է, հիմնականում ամրակցված են լինում «Մակարով» տեսակի հաշվեցուցակային ատրճանակներ: 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ, ըստ մեր աղբյուրների, կրակվում են հիմնականում «AK 74» տիպի կամ դրա բազայի վրա ստեղծված տարբեր մոդիֆիկացիայի կարճեցված փողով ավտոմատներից: Այդ տրամաչափի փամփուշտ կրակում է նաեւ «սովետից» հայտնի «ՊՊՍեչկինա» տիպի ատրճանակը, որով, որպես հաշվեցուցակային զենք, հիմնականում զինված են լինում բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ոստիկանապետերը եւ զինվորական սպաները կամ անգամ դատախազները:

Ասել կուզենք, թե՝ ըստ այդմ էլ, հեշտ է պարզել, թե բացի «չերյոմուխայից»՝ ոստիկաններն ուրիշ ի՞նչ հրազենով են մարդկանց սպանել, ո՞ւմ են այդ զենքերն ամրակցված եղել եւ ո՞վ է նրանց հրաման տվել կրակել: Դա այնքան հեշտ է անել եւ ավելի պակաս ջանքեր է պահանջում, քան՝ քաղկալանավորների վրա քրգործեր «թխելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել