Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խնամիաբարեկամական համալսարան-2

Հուլիս 30,2008 00:00

\"\"«Առավոտի» «Խնամիաբարեկամական պետական համալսարան» (21.05.2008) հոդվածում տեղեկացրել էինք, որ ԵՊՀ-ում

աշխատում են ընտանիքներով, այստեղ ոմանց աշխատանքից ազատում են թոշակի անցնելու պատրվակով:

Որոշ ուսանող աշխատակիցներ էլ աշխատանքը հարմարեցնում են իրենց անձնական գրաֆիկին, ինչպես ավագ դիսպետչեր Նառա Գրիգորյանը, որը նոր է ընդունվել բանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինը եւ, ըստ ԵՊՀ դասախոսների, իրենց շատ կոլեգաներից գնահատական է շորթում՝ փոխարենը չնշանակելով նրանց «բացակաները»: ԵՊՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը դեռ այն ժամանակ ասել էր, թե այս ամենի մեջ ոչ մի արտառոց բան չի տեսնում եւ 3,500-4000 աշխատող ունեցող բուհում իրենք չեն կարող իմանալ, թե ով ում բարեկամն է: Նա նաեւ նշել էր, որ կրճատվողներն էլ ուսումնաօժանդակ անձնակազմի ներկայացուցիչներն են:

ԵՊՀ որոշ աշխատակիցներ, սակայն, այլ կարծիքի են: Նրանք «Առավոտին» հայտնեցին, որ քիմիական ֆակուլտետում աշխատում են Օլեգ Քամալյանը, նրա կինը՝ Հասմիկը, եւ դուստրը՝ Անին, փոխդեկան Ռոբերտ Մկրտչյանը եւ նրա քրոջ աղջիկը: Այժմ նույն ֆակուլտետի մեկ այլ աշխատակից՝ Օֆելյան գնում է թոշակի, ու նրա փոխարեն աշխատելու է թոռան կինը՝ Լուսինեն: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախկին դեկան, այժմ ամբիոնի վարիչ Էդիկ Զոհրաբյանն ու հարսն էլ են միասին աշխատում, եւ այս ցանկը կարելի է շարունակել: ԵՊՀ աշխատակիցները դժգոհելով գիտական լավագույն կադրերի կրճատումից, փաստեցին, որ, օրինակ, գիտքարտուղարության մի աշխատակից՝ Լյոլյա Զաքոյանը, վաղուց 80-ն անց է, բայց շարունակում է աշխատել: Վերջերս միավորված աշխարհագրական ու երկրաբանական ֆակուլտետների դեկան է ընտրվել երկրաբանականի 28 տարվա դեկան, 69 տարին լրացած Մարատ Գրիգորյանը, ինչ է թե՝ «յուրային» է: Հիշեցնենք, որ ԵՊՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը նախորդ հրապարակման մեջ դժգոհել էր, թե փոխանակ արհկոմին դիմելու, դժգոհ ԵՊՀ-ականները թերթերին են դիմում: ԵՊՀ աշխատակիցներն այս առիթով «Առավոտին» փոխանցեցին, որ իրենց արհկոմի նախագահ Արմեն Ավետիսյանը երբեք էլ չի կարող պաշտպանել իրենց շահերը, որովհետեւ նրա միակ գործը ամանորի շեմին տոնածառի տոմսեր բաժանելն է: Բուհի իրավաբանական վարչության պետի (այս վարչությունն ունի մեկ աշխատող, այն էլ պետ) մասին էլ համալսարանականներն ասացին, որ նա օրենքը պաշտպանելու փոխարեն զբաղված է ռեկտորին օրենքից պաշտպանելով, ինչի համար շռայլորեն փոխհատուցում է ստանում, պետական աշխատաժամանակի հաշվին նա սովորում է տնտեսագիտական ֆակուլտետում, ստանում լիարժեք աշխատավարձ, դեռ մի բան էլ ավելի՝ նրա ուսման վարձը՝ 250 հազարը, ամբողջովին զեղչվում է, բնականաբար՝ համալսարանի հաշվին: Նախորդ նյութում անդրադարձել էինք ֆիզկուլտ ամբիոնի դասախոս Սարգիս Սանթրոսյանի ու նրա զավակների՝ նույն բուհում աշխատելուն եւ նախընտրական շրջանում այս եռյակի գործունեությանը՝ հօգուտ ՀՀԿ-ի լիդերի: Նշենք, որ այսօր էլ՝ ընդունելության քննությունների ժամանակ, հայրը շտաբի պետ է, որդիներն էլ տեղավորվել են պահակային ծառայությունում, այսինքն՝ վերահսկելու են ԵՊՀ շքամուտքերն ու ետնախորշերը:

Հ. Գ. Պատրաստ ենք տպագրել նաեւ ԵՊՀ ղեկավարության տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել