Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրինական շինությունը քանդում են

Հուլիս 30,2008 00:00

Հայաստանյան դատավորներն իրենց անօրինական վճիռներով ՀՀ քաղաքացիներին դրդում են դիմել Եվրոդատարան:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք, այդ թվում արդարադատության ոլորտում է բարեփոխումներ նախաձեռնել՝ ՀՀ քաղաքացիներին ապացուցելու, որ իր նախագահության օրոք Հայաստանը կդառնա եվրաընտանիքին արժանի երկիր: Սակայն այսօր բազմաթիվ քաղաքացիներ, դժգոհ լինելով հայաստանյան դատավորների կայացրած վճիռներից, դրանք բողոքարկում են Եվրոդատարանում:

Սա խոսում է այն մասին, որ մեր արդարադատության համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի: Որքան էլ մեր երկրում օրենքները կատարյալ լինեն, այնուամենայնիվ, դատավորները գտնում են ելքեր դրանք շրջանցելու կամ իրենց «ուզած» մարդու օգտին վճիռը կայացնելու:

«Առավոտի» հետ զրույցում քաղաքացի Վահան Տեր-Հովակիմյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչպես է վերաքննիչ դատարանի դատավոր Նոյեմ Հովսեփյանը օրենքը խախտելով որոշում կայացրել: Ա. Գրիգորյանի պատմելով՝ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը բավարարել է Արմեն Տեր-Հովակիմյանի հայցն ընդդեմ Վահան Տեր-Հովակիմյանի եւ կայացրած վճռով Վահան Տեր-Հովակիմյանին պարտավորեցրել քանդել Ջրաշատի 54/1 հասցեում գտնվող ինքնակամ կառույցը եւ տարածքը բերել նախկին տեսքի:

Սակայն դատարանը իր վճռում այդպես էլ չի կոնկրետացրել, թե այդ հատվածում որ կառույցը պետք է քանդվի: Երբ ԴԱՀԿ ծառայությունը սկսում է գործի անցնել, չի հասկանում, թե որ կառույցը պետք է քանդի, ուստի դիմում է դատարան՝ պարզաբանելու, թե ինչ պետք է քանդի: Դատարանն էլ դատական ակտ է կազմում եւ պարզաբանում, որ ինքը նկատի է ունեցել ձեղնահարկը: Նշենք, որ այս ակտի տակ, բացի Ն. Հովսեփյանից, ստորագրել է եւս 2 դատավոր՝ նախագահող Արմեն Թումանյանը եւ Տիգրան Սահակյանը: Դատավորների պարզաբանումից հետո ԴԱՀԿ-ն ձեղնահարկը քանդում է: Ըստ օրենքի, վճռի պահանջներն ի կատար ածելուց հետո վարույթը պետք է կարճվեր: Սակայն կարճելու փոխարեն, մոտ մեկ տարի հետո հարկադիր կատարողը, չգիտես ինչի հիման վրա, պարզաբանման պահանջով նորից դիմում է ներկայացնում դատարան, ինչի իրավունքը չուներ: Փաստորեն, ձեղնահարկը քանդելուց հետո ԴԱՀԿ-ի ախորժակը բացվում է եւ 2-րդ անգամ պարզաբանում է խնդրում նույն հարցով, թե ո՞ր ինքնակամ կառույցը պիտի քանդվի: Այս անգամ էլ վերաքննիչ դատարանը, Նոյեմ Հովսեփյանի նախագահությամբ, տեղի ունեցած դատական ակտով որոշում է քանդել տալ Ջրաշատ 54/1 տան 2-րդ հարկը, որը, սակայն, դեռեւս 1989 թվականին օրինականացված է եւ ունի շինթույլտվության բոլոր փաստաթղթերը:

«Այսինքն՝ դատավորը նախկինում կայացրած իր իսկ ստորագրած որոշմանը հակասում է: Հերիք չէ՝ Ն. Հովսեփյանը անօրինական քայլ է կատարել եւ նախորդ որոշմանը հակասող նոր որոշում կայացրել, դեռ մի բան էլ օրինական կառույցն է քանդել տալիս»,- ասաց Վ. Տեր-Հովակիմյանի փաստաբանը: Պարոն Գրիգորյանը դատավոր Նոյեմ Հովսեփյանի նման արարքն անօրինական է համարում, քանի որ մենք մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան վավերացրել ենք, եւ դրա 6-րդ հոդվածը շատ պարզ ասում է, որ եթե որեւէ վեճ վերջնական եւ պարտադիր որեւէ վճռով արդեն իսկ լուծված է, ապա ոչ ոք չի կարող այդ վճիռը կասկածի տակ դնել, իսկ Ն. Հովսեփյանը ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները՝ էական վնաս պատճառելով քաղաքացուն:

Ա. Գրիգորյանի ներկայացմամբ՝ սա միակ դեպքը չէ, երբ, դատարանները անհիմն որոշումներ են կայացնում: Մեր հարցին, թե արդյո՞ք դրա պատճառը դատական համակարգի ոչ պրոֆեսիոնալիզմն է կամ կոռուպցիան, պարոն Գրիգորյանն ասաց. «Դե կոռուպցիան դժվար է ապացուցել, քանի որ պետք է ուղղակի «գործի վրա բռնել»: Սակայն, եթե անգամ ոչ պրոֆեսիոնալներին այնպիսի փաստաթղթեր եւ փաստարկներ ենք ներկայացնում, որով դատավորը պետք է արդար որոշում կայացնի ու չի անում՝ ուրեմն մի բան այն չէ»:

Ըստ Ա. Գրիգորյանի, այս գործով իրենք դիմելու են Եվրոդատարան, դիմելու գործընթացում էլ են լինում խախտումներ, քանի որ, ըստ օրենքի, եթե դիմում են Եվրոդատարան, վճռի կատարումը պետք է կասեցվի, իսկ մեր դատավորները, ինչ է թե՝ իրենց կայացրած վճիռը ի կատար ածվի, աբսուրդի հասնող պատճառաբանություններ են բերում. «Բա մինչեւ հասնի Եվրոդատարան, մինչեւ հերթը հասնի այդ դատարանում, բա էդ մարդիկ (նկատի ունի նրանց՝ հօգուտ ում վճիռը կայացվել է- Ն. Բ.) ի՞նչ անեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել