Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԻԶՆԵՍՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՆ՝ ՉՄՈՒԾԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Հուլիս 30,2008 00:00

\"\"Տասնյակ սուպերմարկետներ տարիներ շարունակ թաքցրել են իրենց եկամուտները՝ ՀԴՄ-ի կտրոնների փոխարեն գնորդներին տրամադրելով իրենց խանութների ներքին շրջանառության կտրոնները:

Մայրաքաղաքի 23 սուպերմարկետների դրամարկղերի ելքն ու մուտքը մոտ մեկ ամիս գիշեր-ցերեկ վերահսկելուց հետո, Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտեցին, որ այդ խանութները տարիներ շարունակ թաքցրել են իրենց իրական շրջանառությունը եւ միլիոնների հասնող եկամուտներից պետական բյուջե են մուծել խղճուկ գումարներ: Թերեւս հարկային տեսուչներն առանց 24-ժամյա հերթապահության էլ կարող էին ընդամենը այդ խանութների ներկայացրած հաշվետվությունները ստուգել եւ պարզել, որ, ասենք, «Սթարի», «ՍԱՍ»-ի կամ «Հայաստանի» նման խոշոր սուպերմարկետները 300-400 հազար դրամի առեւտուր ունենում են ոչ թե մեկ օրվա, այլ մեկ ժամվա մեջ: Որոշ խանութներում էլ օրական 7 միլիոն դրամի շրջանառության փոխարեն հարկայինին ընդամենը 500-600 հազար դրամի հաշվետվություն են ներկայացրել: Որպեսզի գործարարները հարկայինի գործունեությանը թերահավատորեն չվերաբերվեն ու ստուգումներին «մատների արանքով չնայեն», հարկայինն այս անգամ կտրուկ քայլերի է գնացել: Նախօրեին ստուգման ենթարկված 23 սուպերմարկետներից 9-ի՝ «Հայաստան» առեւտրի կենտրոնի 1-ին հարկաբաժնի, «Արբատ», «Պարմա», «Սալեքս Գրիգ», «Զովք», «Բակալեա», «Հայր եւ որդի Արամյաններ», «Դավիթ–90» եւ «Փունջ» սուպերմարկետների գործունեությունը 5-10 օրով դադարեցվեց: Չնայած ստուգման ենթարկված բոլոր խանութներում էլ, հարկայինի տեղեկացմամբ, խոշոր խախտումներ են հայտնաբերվել, սակայն առայժմ փակվել են միայն վերոնշյալ խանութները, քանի որ «բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգման ընթացքում» հաստատվել է, որ դրանցում հաշվիչ դրամարկղային կտրոնի չկիրառելու դեպք կրկնվել է 1 տարվա ընթացքում 2-րդ կամ 3-րդ անգամ: Նշված խանութներից դուրս են բերվել շուտ փչացող սննդամթերքը, որից հետո հարկայինի վերահսկողության վարչության աշխատակիցները կապարակնքել են խանութների մուտքերը:

Սակայն, ինչպես երեւում է, տասնյակ սուպերմարկետների սեփականատերեր վստահ են, որ հարկայինի խիստ գործելաոճը ձեւական է, եւ բաժնի պետերին ու տեսուչներին նախկինի պես «լավություն» կամ «մաղարիչ» անելով՝ հնարավոր է հարցը լուծել: Բանն այն է, որ այսօր, երբ դեռ պարզ չէ, թե իրենց գործունեության դադարեցման հետեւանքով սուպերմարկետների տերերը ինչ չափի եկամուտներ կկորցնեն ու ընդհանրապես ինչպես դուրս կգան այս ամենի տակից, այլ խոշոր խանութներ այսօր էլ խախտելով «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքը, շարունակում են աշխատել նախկին գործելաոճով: Մասնավորապես, բոլոր առեւտրի կետերում պարտավոր են գնած ապրանքի դիմաց գնորդին ՀԴՄ-ի կտրոն տրամադրել, որի վրա պետք է հայերեն նշված լինի չեկի հերթական համարը, կազմակերպության անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը եւ այլ տեղեկություններ: Տասնյակ խանութներում այսօր գնած ապրանքի հետ գնորդին տրվում են կտրոններ ու տպավորություն է ստեղծվում, որ տվյալ խանութը հարկայինից ոչինչ չի թաքցնում եւ աշխատում է օրինական դաշտում: Ըստ էության, մեզ տրամադրվող թերթիկները ՀԴՄ-ի կտրոնների հետ ոչ մի կապ չունեն, քանի որ դրանք բացառապես ռուսերեն են եւ բացի տվյալ խանութի հասցեից ու գնած ապրանքների ցուցակից, այլ տեղեկություններ չեն պարունակում: Այսինքն, խանութների տերերը «աչքակապություն» անելով, գնորդներին տրամադրում են մի կտրոն, որը, ըստ էության, ձեւական բնույթ է կրում, քանի որ այն ցույց է տալիս միայն տվյալ խանութի ներքին շրջանառությունը եւ հարկայինի համար այն տեսանելի չէ: Օրինակ, երեկ «ՍԱՍ» եւ «Սթար» սուպերմարկետներից կատարած գնումների դիմաց մեզ տրամադրված կտրոնը ռուսերեն էր եւ պարունակում էր միայն տեղեկություններ գնած ապրանքների եւ դրանց գնի վերաբերյալ, իսկ հարկ վճարողի հաշվառման կամ վճարած գումարը հաստատող ՀԴՄ կտրոնի վերաբերյալ ռուսերեն թերթիկում ոչինչ նշված չէ: Այսպիսի խանութներում հարկայինի կնքած ՀԴՄ-ները ժամերով ու երբեմն էլ օրերով մնում են անգործ ու աշխատում են միայն այն ժամանակ, երբ հարկ է լինում միլիոնների առեւտրի դիմաց հարկայինին ցույց տալ, որ իրենք օրվա մեջ ընդամենը 2-3 հարյուր հազար դրամի շրջանառություն են ունեցել:

Նկատենք նաեւ, որ մայրաքաղաքում ճանաչում ունեցող մի շարք սուպերմարկետներ խուսափում են անկանխիկ կամ, այլ կերպ ասած, պլաստիկ քարտերով առեւտուր անել, քանի որ այս կերպ արդեն, ուզած թե չուզած, այդ գումարները հարկայինի համար տեսանելի են դառնում: Որպես կանոն, շատ խանութներում չկան զարգացած երկրների համար պարզապես անհրաժեշտ անկանխիկ սպասարկումն իրականացնող մեքենաներ կամ դրանք շատ հաճախ չեն աշխատում: Ակնհայտ է, որ մեր գործարարներից շատերը պատրաստ չեն հարկային դաշտում աշխատել եւ իրենց շահույթը մի քանի անգամ պակասեցնել ու չի բացառվում, որ եթե ոչ հարկայինի դրդմամբ, ապա սեփական նախաձեռնությամբ սուպերմարկետներում հարկայինի «ռեյդից» հետո շատ առեւտրի կետեր ստիպված կլինեն փակվել: Երեկ հարկայինից «Առավոտին» տեղեկացրին, որ փակված խանութների շարքը շուտով կհամալրվի եւս մեկով, քանի որ օգոստոսի 4-8-ը կկասեցվի նաեւ Ամիրյան 13 հասցեում գործող «Սթար» սուպերմարկետի գործունեությունը: Հարկայինից տեղեկացանք նաեւ, որ այս անգամ բախտը ժպտացել է միայն «ՍԱՍ»-ին, քանի որ այդ խանութում տարվա կտրվածքով ընդամենը մեկ անգամ է խախտում հայտնաբերվել: «ՍԱՍ»-ի բախտը բերել է նաեւ մեկ այլ հարցում, քանի որ «Սթարի» փակման «առիթով» նույն Ամիրյան փողոցում գործող «ՍԱՍ»-ը մի քանի օրվա ընթացքում կկրկնապատկի իր առեւտրի ծավալները: Շահելու նաեւ Բաղրամյանի «ՍԱՍ»-ը՝ «Պարմայի» եւ «Հայաստանի»՝ փակված լինելու պարագայում: Հետաքրիքիր է, որ անգամ այդ 9 փակված խանութներում իրենց օպերատիվ աշխատանքների ժամանակ շարունակել են խուսափել ՀԴՄ կտրոններ տրամադրել: Սակայն նշենք, որ խանութների նման աշխատաոճը նորություն չէ, արդեն մի քանի տարի է, ինչ դրանք գնորդներին տրամադրում են ՀԴՄ-ի կեղծ կտրոններ, թաքցնում են իրենց իրական եկամուտներն ու հարկեր գրեթե չեն մուծում, իսկ հարկային տեսուչներից որեւէ մեկը այդ խանութներից առեւտուր անելիս այդ խոշոր խախտումը չի նկատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել