Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԴԱՎՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Հուլիս 30,2008 00:00

«Լեւոն Տեր-Պետրոսյանը միակ մարդն է, որի շուրջ այդքան շատ դավաճանության պիտակներ են տրվել, եւ միակ մարդն է, որի դավաճանական որեւէ քայլ այդպես էլ ապացուցված չի եղել: Մեծ մարդկանց շուրջ մեծ բամբասանքներ են պտտվում, փոքր մարդկանց շուրջ՝ մանր բամբասանքներ: Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ մարդ է եւ շատ կարեւոր գործ է անում: Եթե չենք կարողանում օգնել, կարելի է նաեւ չխոչընդոտել, բայց եթե խոչընդոտներն էլ փոքր լինեն, դրանք էլ գուցե հաղթահարելիս Համաժողովրդական շարժումն ավելի ամրանա». սա ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի պատասխանն էր Հայկ Բաբուխանյանին, ով երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց իր ղեկավարած ՍԻՄ, ՀՔԴՄ, ԱԻՄ, ՀԱԱԿ, ՀՄԿԿ, ՀԴԿ կուսակցությունների քաղաքական կոնսուլտացիաների մասին եւ ասաց, որ իրենք հավակնում են հայաստանյան քաղաքական դաշտում դառնալ երկրորդ ուժը՝ «հայրենասիրական ընդդիմություն»: Վերջինների գերնպատակը լինելու է «ազգադավների» դեմ պայքարը՝ ի դեմս ՀՀ առաջին նախագահի եւ Համաժողովրդական շարժման: Իր ընդդիմախոսին խորհուրդ տալով զերծ մնալ պիտակավորումներից՝ Արա Սահակյանը նկատեց. «Դուրս եկավ, որ տրիկոտաժի գործարանի դիրեկտոր Խոսրով Հարությունյանը հայրենասեր է, իսկ պատմաբան, բանասեր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ազգադա՞վ»: Բանավեճը սահուն տեղափոխվեց ՀՀՇ-ի իշխանության տարիները եւ դրանից առաջ. «Երբեք մի կասկածեք, որ դատախազությունը հանցագործությունների փաստեր ունենար եւ մեզ հանգիստ թողներ»,- ասաց Արա Սահակյանը: «Դրա համար՝ դատախազությունը վատ է աշխատում»,- հակադարձեց Հայկ Բաբուխանյանը:

Ինչ վերաբերում է մերօրյա իրադարձություններին, բանավիճող կողմերը համակարծիք էին, որ լրջագույն իրավիճակ է ստեղծված ԼՂՀ հարցի շուրջ, եւ «Մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովը իրավասու չէ իր առաքելութ- յունն իրականացնել: Հարցերի դիտարկումը, սակայն, այլ տեսանկյունից էր: Հայկ Բաբուխանյանի կարծիքով, այն, որ այսօր վտանգված է ԼՂՀ անկախությունը, նույնպես առաջին նախագահի մեղքն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել