Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստանալը քիչ է

Հուլիս 30,2008 00:00

Հայաստանի իշխանությունները, այդ թվում՝ երկրի նախագահը, արտահայտել են ԵԽԽՎ թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները ամբողջությամբ կատարելու քաղաքական կամք, սակայն այդ խոստումներին պետք է հաջորդեն հստակ եւ կոնկրետ միջոցառումներ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը՝ ամփոփելով անցած շաբաթ ՀՀ կատարած երկօրյա այցի արդյունքները: ԵԽ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ դե Պուչը հատկապես կարեւորել է մարտի 1-2-ի իրադարձությունների անկախ հետաքննությունը եւ դրանց կապակցությամբ կալանավորված անձանց ազատ արձակումը:

«Պետք է հստակ լինի, որ այդ իրադարձությունների կապակցությամբ մարդկանց ազատազրկումը՝ բացառությամբ նրանց, ովքեր բռնությամբ զուգորդված լուրջ հանցագործություններ են կատարել, անընդունելի է Վեհաժողովի համար, հետեւաբար, ես իշխանություններին հորդորում եմ գործադրել իրենց հասանելի բոլոր միջոցները՝ այդ անձանց հնարավորինս շուտ ազատ արձակելու համար»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահը: Հետընտրական իրադարձությունների անկախ հետաքննության առնչությամբ Լուիս Մարիա դե Պուչը շեշտել է, թե «հստակ է, որ առանց ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին պարոն Տեր-Պետրոսյանին սատարող ընդդիմության մասնակցության, հանձնաժողովի գործունեությունը եւ եզրակացությունները չեն համապատասխանի Վեհաժողովի պահանջած՝ անկողմնակալության եւ հավաստիության չափանիշներին»: Հետեւաբար, համաձայն Եվրախորհրդի հաղորդագրության, «Վեհաժողովի նախագահը ամբողջությամբ սատարում է մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի առաջարկները՝ մարտի 1-2-ի իրադարձություններին առնչվող փաստերի վերհանման նպատակով ստեղծել հավասարության եւ կոնսենսուսի վրա հիմնված ու միջազգային փորձագետների ընդգրկող առանձին հանձնաժողով»:

Լուիս Մարիա դե Պուչը շեշտել է նաեւ, որ «Հայաստանի իշխանությունները չպետք է սպասեն մինչեւ հունվար՝ վերոհիշյալ ուղղություններով շոշափելի արդյունքների հասնելու համար: Կարեւոր է, որպեսզի իշխանությունները ձեռք բերված եւ անշրջելի առաջընթացի վերաբերյալ հստակ ուղերձ հղեն Վեհաժողովին մինչեւ Մոնիտորինգի հանձնաժողովի սեպտեմբերյան նիստը, այլապես առկա է հետեւանքների վտանգ Վեհաժողովի աշնանային նստաշրջանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել