Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպերներն» անպատի՞ժ կմնան

Հուլիս 30,2008 00:00

Նրանք փորձում էին զենքով դատարան մտնել

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր միանգամից չորս դատաքննություն, որոնցից մեկը՝ Մուրադ Բոջոլյանի, մյուս երեքը՝ «Մարտի 1»-ի գործերով: Ինչպես «Մարտի 1»-ի գործով մյուս դատավարությունների օրերին, երեկ էլ ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազորները փորձել էին դատարանի շենք մտնել, որտեղ նրանք սովորաբար մասնակցում են այդ դատավարություններին՝ թերեւս, օպերատիվ տեղեկություններ հավաքելու նիստերի դահլիճում գտնվող անձանց վերաբերյալ: Երեկ էլ «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Վարդգես Գասպարի դատաքննության ժամանակ լրագրողները դատարանի շենքում աղմուկի ձայն լսելով՝ դուրս էին եկել միջանցք եւ երկրորդ հարկում ականատես էին եղել արդարադատության նախարարության դատական դեպարտամենտի կարգադրիչների եւ քաղաքացիական հագուստով երկու երիտասարդների միջեւ սկսված լեզվակռվին (երիտասարդներից մեկի կողքին ատրճանակ էր ամրակցված): Վիճաբանությունը կողմերի միջեւ տեւեց 10-15 րոպե:

Բանից պարզվեց, որ կարգադրիչները թույլ չէին տալիս Կենտրոնի բաժնի «քրեականի» օպերներին՝ Լեւոն Թորոյանին եւ Կարեն Պետրոսյանին, որոնք այդ պահին ունեին «Մակարով» տեսակի հաշվեցուցակային զենքեր, դատական նիստերի դահլիճ մտնել: Կարգադրիչներն իրենց իրավասության շրջանակներում էին գործում եւ վկայակոչում էին դատական դեպարտամենտի նախագահ Հովհաննես Մանուկյանի կայացրած թիվ «Ն» որոշումն առ այն, որ «արգելվում է դեպարտամենտի կենտրոնական մարմնի եւ առանձնացված ստորաբաժանումների վարչական շենքեր հրազեն ներս բերելը: Հրազենները հանձնվում են կենտրոնական պահակակետ՝ այդ նպատակով կահավորված համապատասխան պահարաններում պահելու համար: Զենքի եւ զինամթերքի հանձնումը գրանցվում է դրա համար նախատեսված մատյանում, որի համար տրվում է սահմանված նմուշի կտրոն»: «Օպերները», սակայն, «դիմադրելուց» զատ՝ նաեւ կարգադրիչներին սպառնում էին, թե՝ «ախպեր, ինչի՞ ես պրոբլեմներ ստեղծում, սենց մտել ենք՝ սենց էլ պտի մտնենք»: Դատարանի կարգադրիչների պատասխանատու Արթուր Փիլոսյանն էլ շարունակում էր պնդել, որ կարգը բոլորի համար է, եւ որ ոստիկանները պարտավոր են իրենց մոտ եղած զենքը հանձնել հերթապահ մաս: «Մենք ձեզ զենք չունենք հանձնելու»,- առարկում էին ոստիկանները: Երկար տեւած բանավեճի արդյունքում կարգադրիչները փորձեցին ոլորել օրենքին չենթարկվող ոստիկանների ձեռքերը, բայց բանը դրան չհասավ. նրանց հաջողվեց ընդամենը հրմշտելով դատարանի շենքից դուրս բերել կարգազանց «օպերներին», որոնք շարունակեցին սպառնալ կարգադրիչներին՝ «դուք ձեր հալը հլը կտենաք»: «Առավոտի» տեղեկություններով, դատարանի կարգադրիչների պատասխանատուն համապատասխան զեկուցագրով դիմելու էր ՀՀ արդարադատության նախարարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել