Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ Ո՞Վ ԵՔ, ՈՐ ՈՐՈՇԵՔ՝ ԵՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱ՞Լ ԵՄ

Հուլիս 30,2008 00:00

«Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներին այս հարցն է ուղղել «մարտի 1»-ի գործով կալանավորյալը:

Մարտի 1-2-ին տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում հանձնաժողովի անդամները պատմեցին հուլիսի 25-ին քրեակատարողական հիմնարկներ այցելությունների եւ «Մարտի 1»-ի գործով կալանավորվածների հետ իրենց հանդիպումների մասին: Հանձնաժողովին դարձյալ հյուրընկալված ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը պարզաբանումներ ներկայացրեց այդ գործերի վերաբերյալ:

Սուրեն Սիրունյանի մասին

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Սուրեն Սիրունյանը, ըստ ԱԺ հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանի՝ հայտնել է, որ կալանավորվել է Թբիլիսիում՝ ապրիլի 8-ին. «Կալանավորումն իրականացրել է վրացական կողմը»: Քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն այս կապակցությամբ ասաց. «Սուրեն Սիրունյանը չգիտեմ ինչի հիման վրա է հայտարարել, որ իրեն Թբիլիսիում են կալանավորել: Դա ինձ համար նորություն էր՝ այն իմաստով, որ նա բերման է ենթարկվել Բագրատաշենի անցակետից, բայց՝ հայկական տարածքից»: Նա նաեւ սուտ անվանեց Սիրունյանի պնդումը, որ իրեն չի տրամադրվել փաստաբան՝ պնդելով, թե ինքն է հրաժարվել պաշտպանից:

Սուրեն Սիրունյանը ԱԺ հանձնաժողովի անդամներին պատմել էր, որ ձերբակալվելուց հետո իր հետ է հանդիպել ոստիկանության մի բարձրաստիճան սպա եւ այսպիսի հարցեր տվել, թե արդյոք Խաչատուր Սուքիասյանը փող բաժանե՞լ է եւ ո՞ւմ, զենք եղե՞լ է հանրահավաքների ժամանակ:

Արծվիկ Մինասյանը վերապատմում էր Սուրեն Սիրունյանի ասածները, թե իրեն մեղադրանք են առաջադրել, ըստ էության, միայն 2 հեռախոսազրույցների գաղտնալսումների հիման վրա՝ մասնավորապես Ալեքսանդր Արզումանյանի հետ զրույցի համար, երբ նրան հարցրել է, թե իրեն արդյոք հետաքրքի՞ր է՝ ինչ է կատարվում: Բայց այստեղ Վահագն Հարությունյանն ընդհատեց պատգամավորին՝ նախազգուշացնելով, թե նա նախաքննության գաղտնիք է բացահայտում: Մինչդեռ որքան հայտնի է՝ հանձնաժողովի անդամներն այս գործով որեւէ կարգավիճակ չունեն ու ստորագրություն չեն տվել տվյալները չբացահայտելու մասին: Այսուհանդերձ՝ Արծվիկ Մինասյանը զգուշացումից հետո այլեւս չպատմեց այդ հեռախոսազրույցների բովանդակությունը, ու պարզ չդարձավ, թե Սիրունյանին ինչի՞ համար են մեղադրում: Վերջինս վստահ է, որ իրեն բանտում են պահում միայն այն պատճառով, որ 1992-1998-ին ղեկավարել է Վանո Սիրադեղյանի թիկնազորը:

Շանթ Հարությունյանի մասին

ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները հանդիպել են նաեւ Շանթ Հարությունյանին: Այս հանդիպման մասին էլի Արծվիկ Մինասյանը տեղեկություններ հաղորդեց ու կարդաց նրա հայտարարությունը. «Դիմում եմ «Մարտի 1-ի» գործով հանձնաժողովի անդամներին եւ հայտարարում՝ դուք ո՞վ եք, որ որոշեք Շանթ Հարությունյանի ճակատագիրը: Դուք ո՞վ եք, որ որոշեք՝ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյա՞լ է, թե՞ քրեական: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, իմ ձայնի իրավունքով ձեզ՝ հանձնաժողովի բոլոր անդամներիդ, օրենքից դուրս եմ հայտարարում»: Այս դիմումի մեջ, ըստ Արծվիկ Մինասյանի, նաեւ մի «ոչ վայելուչ» բառ է եղել, որը զրույցից հետո Շանթ Հարությունյանը ջնջել է. «Եվ ասաց, թե այս հանդիպումը ցույց տվեց, որ ես այս մասով, համենայնդեպս, ճիշտ չեմ»: Հանձնաժողովում Միավորված աշխատանքային կուսակցությունը ներկայացնող Գուրգեն Արսենյանը, որը պարզվեց՝ Շանթ Հարությունյանին համարում է իր վաղեմի ընկերը՝ ասաց, թե հարգում է նրա դիրքորոշումը. «Նա ասում է, թե իրավունք չունենք փորձենք խառնվել իր կյանքի ընթացքին: Իմ տեսակետն է, թե մենք էլ իրավունք չունենք չխառնվել, քանի նա մեր հասարակության այն անդամներից է, որի անցած ճանապարհը բոլորիս աչքի առաջ է եղել: Եվ իր կողմից արտահայտված ինչ-որ մտքեր, որոնք կարող են ասված լինել հուզական տրամադրության ներքո՝ չի փոխելու իմ վճռականությունը հասնելու նրան, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ փոխվի խափանման միջոցը»:

Մուշեղ Սաղաթելյանի մասին

Հանձնաժողովում «Ազգային համաձայնություն» կուսակցությունը ներկայացնող Արամ Հարությունյանն էլ բացահայտեց, որ Մուշեղ Սաղաթելյանն իր վաղեմի ընկերն է: Նրա հետ հանդիպման առնչությամբ պատմեց, թե առողջական խնդիրներ ունի՝ «նյարդային վիճակի, սթրեսի հետ կապված»: Ըստ Արամ Հարությունյանի՝ Մուշեղ Սաղաթելյանը բանտում Նարեկացի եւ Լեո է կարդում: Նա եւ Սամվել Նիկոյանը վկայեցին, թե Մուշեղ Սաղաթելյանը ենթարկվել է բռնարարքների, որոնց հետքերը մինչ այժմ տեսանելի են՝ ոտքերն այտուցված են, ծոծրակը՝ կապտած: «Իրեն մեղավոր չի ճանաչում, գտնում է, որ գործը շինծու է, եւ այն մարդիկ, որոնց նկատմամբ ինքն իբր բռնություն է գործադրել՝ իրականում չկան»,- պատմեց Արամ Հարությունյանը:

Ըստ Վահագն Հարությունյանի՝ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ որեւէ բռնություն չի կիրառվել բերման ենթարկելիս: Փոխարենն ինքն է բերման ենթարկող 7 ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառել՝ դիմադրություն ցույց տվել, «որին հակազդելու նպատակով կիրառվել է ֆիզիկական ուժ՝ հարկադրանքի միջոց; Սակայն, կրկնում եմ, դա չի նշանակում, որ նրան ծեծի են ենթարկել: Նույն բերման ենթարկող ոստիկանները Մուշեղ Սաղաթելյանի հետ առերեսման ժամանակ չեն բացառել, որ արդեն բերման ենթարկելու ժամանակ Մուշեղ Սաղաթելյանն ունեցել է վնասվածքներ, որոնք ստացել է դեռեւս Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի ընթացքում»: Քննչական խմբի ղեկավարը նաեւ հայտնեց, որ Մուշեղ Սաղաթելյանը 3-րդ առերեսումից հետո հրաժարվել է քննչական գործողությունների մասնակցել:

 Հ. Գ. Սուրեն Սիրունյանի պարզաբանումները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել