Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԷԼԻ ԱՐԳԵԼԵՑ

Հուլիս 30,2008 00:00

\"\"Համաժողովրդական շարժումը նախատեսել է օգոստոսի 1-6-ը Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ հանրահավաք ու երթեր անցկացնել:

 

Երեւանի քաղաքապետարանը շարունակում է արգելել Համաժողովրդական շարժման կենտրոնի նախաձեռնած հանրահավաքներն ու երթերը: Որպես կանոն, այդ արգելքները պատճառաբանվում են ՀՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության «հերթապահ» եզրակացություններո

վ՝ առ այն, որ այդ զանգվածային հրապարակային միջոցառումների ժամանակ կարող են անկարգություններ լինել:

Հուլիսի 26-ին եւ 28-ին քաղաքապետարանը ճիշտ նույն հիմքով մերժել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի՝ հուլիսի 24-ին եւ 25-ին Երեւանի քաղաքապետարան ներկայացրած իրազեկումները՝ համապատասխանաբար օգոստոսի 2-ին եւ 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին՝ արգելելով երթերով ավարտվող հանրահավաքներ անցկացնել Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում: Ինչպես բոլոր նախորդ դեպքերում, այս անգամ էլ քաղաքապետարանը Շարժմանն առաջարկել է հանրահավաքներն անցկացնել «Հրազդան» մարզադաշտի հարավային տրիբունայի հարեւանությամբ գտնվող կամ «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքում:

Քաղաքապետարանի կայքէջում տեղադրված հաղորդագրությունների համաձայն, մասնավորապես հուլիսի 25-ին ներկայացված իրազեկումը քաղաքապետարանում քննարկվել է կազմակերպիչների ներկայացուցչի բացակայությամբ, թեեւ, պաշտոնական աղբյուրի մատուցմամբ, այդ ներկայացուցիչը՝ Արտակ Զեյնալյանը, ծանուցվել է իրազեկումների քննարկումների օրվա եւ ժամի մասին: Արտակ Զեյնալյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ քաղաքապետարանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում, երբ հայտարարում է, թե իրեն պատշաճ կարգով տեղեկացրել է իրազեկման քննարկման օրվա եւ ժամի մասին: «Քաղաքապետարանը թող ցո՛ւյց տա այն ապացույցը, որ ինձ ծանուցել են սպասվող քննարկման մասին: Եթե ես ծանուցված լինեի, քննարկմանն անպայման ներկա կլինեի»,- հայտարարեց Ա. Զեյնալյանը՝ ցույց տալով միայն երեկ ստացած ծրարը: Իսկ այդ ծրարի վրա եղած դրոշմակնիքներից եւ գրառումներից ակնհայտ դարձավ, որ ծանուցումը փոստում ընդունվել է միայն հուլիսի 29-ին, ինչը, ըստ Ա. Զեյնալյանի, նշանակում է, որ նա հուլիսի 28-ին էլ այդ ծանուցումը ստանալ չէր կարող: «Այսինքն՝ ես պատշաճ կերպով ծանուցված չեմ եղել, թող իրե՛նք ապացուցեն, որ ես 72 ժամում ստացել եմ այդ ծանուցումն ու քննարկմանը չեմ ներկայացել»,- պնդում էր հանրահավաքների կազմակերպիչների ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է օգոստոսի 2-ի զանգվածային հրապարակային միջոցառման վերաբերյալ քննարկմանը վերաբերող քաղաքապետարանի ծանուցմանը, ապա Ա. Զեյնալյանի ասելով, ինչը նաեւ ապացուցվեց դարձյալ ծանուցվող ծրարների վրա եղած դրոշմակնիքներով, այդ ծանուցումը, որով տեղեկացվում էր, որ օգոստոսի 2-ի զանգվածային հրապարակային միջոցառման իրազեկումը քննարկվելու է հուլիսի 26-ին, ինքը ստացել է միայն հուլիսի 28-ին: Այս ամենից Ա. Զեյնալյանը եզրակացրեց, որ քաղաքապետարանի որոշումները, ինչպես միշտ, հեռու են իրավաչափ լինելուց:

«Հանրահավաք եւ երթ անցկացնելու մեր իրազեկումների մերժումը ես գնահատում եմ որպես հերթական ապօրինություն, որի վերաբերյալ առաջիկայում Համաժողովրդական շարժման կենտրոնը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ եւ գնահատականներով»,- հայտարարեց Ա. Զեյնալյանը՝ հավելելով, որ իրենք այդ բոլոր որոշումները մտադիր են վիճարկել հայաստանյան, եթե անհրաժեշտ լինի՝ նաեւ Եվրոպական դատարաններում: Քաղաքապետարանի «արգելման» որոշումներում ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ-ի եզրակացությունների վկայակոչումը Շարժման ներկայացուցիչը որակեց որպես «քոռ կոպեկի արժեք չունեցող», իսկ քաղաքապետարանի կողմից դրանց վրա հղում կատարելը՝ «ընդամենը մեր միջոցառումներն արգելելու պատրվակ»՝ արձանագրելով ինչպես նախորդ հանրահավաքների եւ երթի՝ առանց միջադեպերի անցկացման փաստը, այնպես էլ հիշեցնելով, որ օգոստոսի 1-ի հանրահավաքի իրազեկման քննարկման ժամանակ քաղաքապետարանը իրեն փաստացի անօրինական գործարք էր առաջարկել՝ Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում հանրահավաք անցկացնելու դիմաց՝ երթ չանցկացնելու խոստում: «Այսինքն՝ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ-ի հայտնի եզրակացությունները կան, բայց դրանք կարելի է նաեւ հաշվի չառնել ինչ-որ պայմանով»,- ընդգծեց Ա. Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը արգելել է նաեւ օգոստոսի 1-ին Մատենադարանին հարող տարածքում կամ Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքն ու երթը, որոնք, սակայն, Համաժողովրդական շարժման կենտրոնի հավաստիացմամբ՝ կայանալու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել