Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկական արվեստագետն ընդդիմադիր է»

Հուլիս 29,2008 00:00

Սա է նկարիչ Վահրամ Հարությունյանի քրեդոն

\"\"Վերջերս Պեկինում բացված Կերպարվեստի համաշխարհային երրորդ բիենալեին Հայաստանը ներկայացված էր չորս արվեստագետների (Արեւիկ Պետրոսյան, Վահրամ Հարությունյան, Կարեն Աղամյան, Սուրեն Սաֆարյան) մեկական ստեղծագործությունով: Մասնակցել են 300-ից ավելի նկարիչներ՝ տարբեր երկրներից: \"\"

«Առավոտը» զրույցի հրավիրեց նկարիչ Վահրամ Հարությունյանին: Նրա արվեստի մասին մասնագետների կողմից հնչած գնահատականները հաճախ հակասական են, երբեմն էլ՝ քաղաքականացված: Վ. Հարությունյան նկարչին մասնագետներից ոմանք համարում են ռեալիստ, մյուսներն էլ հավաստիացնում են, թե նկարիչը շարունակում է փնտրել ինչ-որ մի հավերժական բան, որը կարող է պատկանել միայն իրեն, եւ դա անում է ռիսկով, չվախենալով կրկնվելուց եւ նույնիսկ սահմանափակ ընկալվելուց: Նրա էլեգանտ ձեռագիրը արարում է հատկապես մարմնի պլաստիկ իրավիճակներ: Ինքը՝ նկարիչը, համակարծիք չէ իրեն ռեալիստ համարողներին. «Աշխարհը փոփոխությունների է ենթարկվում յուրաքանչյուր վայրկյան, պարզապես շատերը դա չեն տեսնում… Լավն ու վատն էլ հարաբերական է, օրինակ՝ ժամանակին Ռոդենի կողմից պետպատվերով արված Բալզակի քանդակը սվիններով ընդունեցին ակադեմիայի դասախոսները, նրանք նույնիսկ իրենց սաներին հորդորեցին քանդակը ջարդուփշուր անել: Բայց այսօր ողջ Փարիզն է հպարտանում այդ ստեղծագործությամբ»: Իսկ թե ինչու են իր նկարներում գերիշխում էրոտիզմով լեցուն կանայք, Վ. Հարությունյանը դա ավելի քան նորմալ է համարում. «Ցանկացած նկարիչ պետք է իր գործերում հնարավորինս շատ պատկերի կանանց եւ, ինչու չէ, հենց էրոտիկ վիճակներում…»:

«Առավոտի» այն դիտարկմանը, թե չնայած հայաստանյան մասնավոր պատկերասրահների ու ցուցասրահների առկայությանը՝ կերպարվեստում բիզնեսի դաշտը չի կայանում, նկարիչը պատասխանեց. «Նախ երկիրը պետք է լինի կայուն, գալերեաներ հիմնողներն էլ լինեն այդ գործի ոչ միայն գիտակներ, այլեւ նվիրյալներ: Հենց նման մարդկանց է պետք հնարավորություն տալ բացելու սրահներ, աջակցել գումարով (նկատի ունի վարկ տրամադրելը- Ս. Դ.): Երեւանյան գալերեաներից շատերը հաճախ «խաղեր են տալիս», օրինակ՝ տերերը, հասկանալի պատճառով, ջանքեր են թափում, որ գնորդը նկարչին չհանդիպի, չշփվի, չմտերմանա: Շատ անգամ նկարիչը չի էլ իմանում, թե ինչ գնով է վաճառվել իր գործը, թեեւ նախապես կնքվում է պայմանագիր…»:

Մեր զրուցակիցը համամիտ չէ տարածված այն մտքին, թե արվեստագետը պետք է զբաղվի միայն իր գործով՝ հեռու մնալով քաղաքականությունից: Նրա համոզմամբ, եթե արվեստի մարդը ընդդիմադիր չէ, ապա նա իր գործում էլ կայացած չէ. «Հակառակ դեպքում՝ արվեստագետը, ուզած-չուզած, պետք է ենթարկվի քարացած «օրենքներին», որն արվեստի դեպքում ենթադրում է միջակություն: Միշտ էլ եղել են արվեստագետներ, որոնք կառչելով իշխանական կերակրատաշտից, իրենց էությունից բխող «մշակույթով» են ապահովել դաշտը, մինչդեռ արվեստագետը էներգիա է ստանում ի վերուստ …Այն արվեստագետն է ուժեղ, որը վերարտադրում է ի վերուստ ստացած էներգիան՝ ընդդիմադիր, հեռուն գնացող մտքերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031