Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՈԹ ԼԱՅՆ» ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ՝ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ

Հուլիս 29,2008 00:00

\"\"ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության քարտուղար Նուբար Չալըմյանի մեկնաբանությունները՝ հայ եւ չին Սփյուռքի վերաբերյալ:

«Առավոտի» «Երկակի մոտեցում՝ սփյուռքահայերի հանդեպ» (24.07.08) հրապարակման մեջ շվեդահայ գիտնական Արամայիս Միրզախանյանը հայտարարել էր, որ առայսօր Հայաստանում չունեն Սփյուռքի ճշգրիտ բացատրությունը, ու ՀՀ իշխանությունների համար Սփյուռքը ընդամենը «դրսի» մեծահարուստներն են: Ա. Միրզախանյանը նաեւ դժգոհել էր, որ ժամանակին Կարլեն Դալլաքյանի օրոք ԳԱԱ-ին կից Սփյուռքի ուսումնասիրությունների բաժին կար, բայց մինչեւ հիմա հայտնի չէ, թե այն ինչ ուսումնասիրություններ է կատարել:

Հրապարակումից հետո ստացանք ԵՊՀ մի ջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության քարտուղար Նուբար Չալըմյանի արձագանքը: Նա հայտնեց, որ ինքը որպես ավագ գիտաշխատող եւ բաժանմունքի վարիչ, 1985-91թթ. աշխատել է ԳԱԱ-ին կից սփյուռքահայ համայնքների պատմության եւ մշակույթի բաժնում եւ զբաղվել կոնկրետ Մերձավոր ու Միջին Արեւելքի հայ համայնքով, իսկ իր ուսումնասիրությունների արդյունքն էլ «Լիբանանի հայ համայնքը՝ երկրի սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կյանքում» աշխատանքն է:

Ն. Չալըմյանը տեղեկացրեց, որ սփյուռքահայ համայնքների պատմության եւ մշակույթի բաժինը գործել է 1982-ից: Հիմնադիրն էլ հասարակական, պետական գործիչ Ռոբերտ Խաչատրյանն էր, ում հետագայում փոխարինել է Կարլեն Դալլաքյանը: «Այդ կառույցի մասին շատ չեմ խոսի, ընդամենը կասեմ, որ դա գիտական հաստատությունն էր, որտեղ աշխատում էին լուրջ գիտնականներ: Այնտեղ կար նաեւ Ցեղասպանության խնդիրներն ուսումնասիրող խումբ, որը համագործակցում էր ԱՄՆ հայկական կենտրոնների հետ: Ինքս 1889թ. գործուղվել եմ ԱՄՆ՝ Նյու Յորքի Արեւելյան թեմի առաջնորդի հրավերով, ուսումնասիրելու եւ դասդասելու Հայոց ցեղասպանության խնդիրների հետ կապված արխիվները՝ ԱՄՆ կոնգրեսականների, սենատորների հայտարարություններ, նամակներ եւ այլն»,- պատմեց մեր զրուցակիցը: Նաեւ հիշեց, թե ինչպես է այդ տարիներին հանդիպման հրավեր ստացել Գրիգոր Զոհրապի դստեր՝ Դոլորես Լիբմանի կողմից, երբ վերջինս տեղեկացել է, որ Ն. Չալըմյանը զբաղվում է Ցեղասպանության արխիվների ուսումնասիրությամբ: «Առիթը օգտագործելով՝ ես աուդիո կասետի վրա հարցազրույց ձայնագրեցի Դոլորեսի հետ: Անգլերենախառն հայերենով նա նկարագրեց, թե ինչպես էր Թալեաթ փաշան իրենց տուն այցելում, հոր հետ թղթախաղ խաղում: Տիկին Դոլորեսը հիշում էր նաեւ այն օրը, երբ եկել էին հորը տանելու… Նա ցույց տվեց հոր գրադարանը, բացառիկ լուսանկարներ, օրինակ՝ նրանցից մեկում թուրքական պառլամենտում ելույթ ունեցող Զոհրապն էր: Իմ հարցազրույցի ժապավենը հետագայում նվիրեցի Հայոց ցեղասպանության թանգարանին»,- պատմեց Ն. Չալըմյանը:

Դառնալով Ա. Միրզախանյանի այն դիտարկմանը, որ առայսօր սահմանված չէ՝ ի՞նչ ասել է Սփյուռք, պրն Չալըմյանն ասաց. «Իսկ իրենք՝ սփյուռքահայերը կկարողանա՞ն սահմանել, ճիշտ ձեւակերպում տալ… Իմ կարծիքով, Սփյուռքը երեւի հայրենիքից դուրս ապրող հայությունն է, որ Մեծ եղեռնից հետո ցիրուցան եղավ ի սփյուռս աշխարհի: Հետագայում Սփյուռքը տվել է իր շառավիղները, որոնք էլ դարձել են սփյուռքահայեր»:

Ն. Չալըմյանը նաեւ ասաց, որ ներկայումս երազում է մասսայական հայրենադարձության մասին, սակայն երբեք նույն կարծիքին չի եղել 40-ականների զանգվածային հայրենադարձության մասին. «100000-ավոր հայեր վերադարձան Հայաստան՝ հիմնականում Մերձավոր Արեւելքից եւ Իրաքից: Դա քննարկման եւ լուրջ վերլուծության կարիք ունի: Այսօր ոչ Սփյուռքն է վերլուծել դա, ոչ էլ մեզ մոտ՝ պատշաճ ձեւով: Ինչո՞ւ պիտի բռնապետ Ստալինը կազմակերպեր հայերի զանգվածային հայրենադարձություն: Մի՞թե շատ էր սիրում մեզ: Գուցե ուրի՞շ պատճառ կար… 1915թ. 100000-ավոր հայեր քշվեցին սահմանակից երկրներ՝ Մերձավոր Արեւելք՝ Սիրիա, Լիբանան, Իրաք եւ այլուր: Ցեղասպանություն տեսած սերունդը ապաստանեց այդ երկրներում՝ մտածելով, որ մի օր վերադառնալու է Արեւմտյան Հայաստան: Գուցե այդ հրեշը՝ Ստալինը, թուրքերի հետ համաձայնությա՞ն էր եկել, որովհետեւ վերջիններիս համար էլ վտանգավոր էր, որ հայերը կենտրոնանան Մերձավոր Արեւելքում ու ապրեն վերադարձի հույսով: Իսկ Արեւելյան Հայաստան գալով՝ շատերը կհանգստանային»:

Խոսելով Հայաստան-Սփյուռք կապերի, Սփյուռքի նորաստեղծ կոմիտեի մասին, Չինաստանի արդեն 6-րդ դեսպանի հետ աշխատող Ն. Չալըմյանը օրինակ բերեց, թե ինչպես է Չինաստանը համագործակցում չին սփյուռքի հետ: «Ժամանակին Սփյուռքահայության հետ կապի կոմիտեն աշխատում էր Սփյուռքի միայն մի հատվածի, այն տարիների համար, այսպես կոչված, առաջադիմական զանգվածի հետ: Թույլ էր կամ ընդհանրապես կապ չկար, օրինակ, դաշնակցության եւ որոշ գործիչների հետ: Ռիչարդ Հովհաննիսյանի նման մարդը ԽՍՀՄ-ի ժամանակ չէր կարող Հայաստան գալ, որովհետեւ գրում էր պատմությունը՝ ինչպես որ եղել է, իսկ սովետահայ պատմագրությունը գրում էր՝ ինչպես պետք է որ գրվեր: Հիմա, փառք Աստծո, ստեղծվել է Սփյուռքի պետական կոմիտե եւ իր ուսերին շատ ծանր բեռ վերցրել: Եվ եթե այն պիտի լրջորեն զբաղվի Սփյուռքով, ուրեմն պիտի ուսումնասիրի մյուս ազգերի սփյուռք ունենալու հանգամանքը: Ես 16 տարի շարունակ աշխատում եմ Չինաստանի դեսպանատանը, ուսումնասիրել եմ, թե այս երկիրը ինչպես է աշխատում իր սփյուռքի հետ: Կան ասիական երկրներ, որտեղ չին տարրն ավելի մեծաթիվ է, քան բնիկները, ինչպես Մալայզիայում, Սինգապուրում: ԱՄՆ-ում եւ Եվրոպայում եւս չինացիներ կան: Չնայած Չինաստանը համարվում է ընկերվարական երկիր, սակայն այնտեղ ազատ տնտեսական հարաբերություններ են, նա այնպիսի վստահություն է ներշնչել իր սփյուռքի վրա, որ այլ երկրներում ապրող չինացիները «պտտեցնում» են իրենց դրամը չինական բանկերում, միլիարդների ներդրումներ կատարում, ինչը շահեկան է եւ իրենց բիզնեսի, եւ հայրենիքի համար: Օրինակ, Թայվանը Չինաստանի հետ խնդիր ունի՝ ուզում է անկախանալ, բայց դա չի խանգարում, որ բազմաթիվ թայվանցիներ լուրջ ներդրումներ կատարեն Չինաստանում… Իսկ մեր սփյուռքահայերին խանգարող շատ բաներ կան:

Նորաստեղծ Սփյուռքի կոմիտեն պիտի սփյուռքահայ պոտենցիալ ներդրողի համար «հոթ լայն»՝ «թեժ գիծ» ունենա, որպեսզի երբ որեւէ կառույց արհեստական, օրենքից դուրս դժվարություններ ստեղծի կարողունակ պոտենցիալ ներդրողի համար, «հոթ լայնը» զբաղվի նրանցով: Եվ ինչքան այդ կոմիտեն վերեւներին կից լինի՝ այնքան լավ: Օրինակ, Չինաստանում նախագահն ինքը երաշխավոր է չին սփյուռքի ներկայացուցչի համար՝ ցանկացած հարցում: Արտերկրում ապրող չինացին վախ չունի, որ իր դրամները կկորցնի: Մինչդեռ Հայաստանում այդպես չէ: Կարծում եմ՝ Սփյուռքի պետական կոմիտեում պետք է գործի նաեւ խորհրդատվական մարմին՝ բաղկացած ինչպես հայաստանցի չինովնիկներից, այնպես էլ հայտնի սփյուռքահայերից: Եթե այդ կոմիտեն ունենալու է վարչություններ, ապա այնտեղ պետք է սփյուռքահայեր էլ աշխատեն: Ու կոմիտեի յուրաքանչյուր աշխատակից, եթե ոչ փայլուն, ապա պետք է գոնե լավ արեւմտահայերեն խոսի: ՀՀ օրենքը դիվանագիտական ծառայության մասին հատուկ հոդվածով նշում է, որ դիվանագետը առնվազն 2 օտար լեզվի պիտի տիրապետի, ուրեմն, ինչո՞ւ Սփյուռքի պետական կոմիտեում արեւմտահայերենը պարտադիր չլինի:

Մի կարեւոր նկատառում եւս, եթե կարողունակ սփյուռքահայ բիզնեսմենը ներդրումներ կատարի Հայաստանում, պիտի հարկային արտոնություններ ունենա, մի 5-10 տարի հարկ չվճարի, ոչ թե գործը չդրած՝ հարկայինը գա ու հարկեր պահանջի: Սփյուռքահային պիտի օգնի երկքաղաքացիության պարագան: Հայաստանում ապրելով՝ նա պիտի իրեն օտար չզգա: Եվ եթե մի սփյուռքահայ հայաստանյան բիզնեսում հաջողի՝ հաստատ վաղը կբերի իր ընկերոջը, նա էլ իր բարեկամին…: Մենք պիտի օրինակ վերցնենք նաեւ Իսրայելից: Հրեա ժողովուրդը արաբական աշխարհի սրտում ստեղծեց հայրենիք, երբ 1 մլն բնակչություն անգամ չուներ, իսկ այսօր 4,5-5 մլն-անոց երկիր է Իսրայելը: Նրա անկախացումից հետո զանգվածային հայրենադարձություն սկսվեց, մեր անկախությունից հետո՝ արտագաղթ: Այսօր ես երազում եմ զանգվածային հայրենադարձության մասին»,- ասում է Ն. Չալըմյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031