ՀՀ զինված ուժերի սպա, կապիտան, 51-ամյա Գոհարիկ Գեւորգյանը 13 տարի աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության
տնտեսական բաժանմունքի պետ:
Լրացել է ծառայության ժամկետը եւ նրա պայմանագիրն ուղարկվել է ՊՆ կադրերի վարչություն: Վերջինս մերժել է երկարացնել պայմանագիրը, առաջարկելով զորացրել նրան ՀՀ զինված ուժերից՝ տարիքի կապակցությամբ: Կապիտանն ունի 4 երեխա, որից 2-ը ուսանող է, 2-ը՝ անչափահաս, իսկ ամուսինը վատառողջ է:
Գ. Գեւորգյանն ընտանիքով ապրել եւ ապրում է վարձով բնակարանում: Այդ պատճառով 10 տարուց ավելի հերթագրված է եղել պաշտպանության նախարարությունում: Ի դեպ, աշխատանքից ազատվելուց հետո նրանց բնակարանային խնդիրն ավելի է բարդացել: Կապիտանը դիմել է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանին, ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով օրենքի սահմաններում երկարացնել իր ծառայության ժամկետը՝ «գոնե մինչ բնակարանի հարցի լուծումը, այլապես ընտանիքս կմնա անօթեւան»:
ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական, վարչական ապարատի ղեկավար, գնդապետ Ա. Մելոյանը պաշտոնական գրությամբ հայտնել է Գ. Գեւորգյանին, որ «ՊՆ կենտրոնական բնակկենցաղային հանձնաժողովի կողմից բնակարանային բաշխման հարցի քննարկման ժամանակ որոշվել է զինծառայողների բնակարանային ապահովման համար նախատեսել 2 բնակարան՝ դրանք տրամադրելով զորամասի հրամանատարին եւ փոխգնդապետ Կ. Շաբոյանին: Կապիտան Գ. Գեւորգյանի բնակարանային ապահովման հարցը կքննարկվի հաջորդ փուլում՝ ՀՀ ՊՆ կողմից շահագործման հանձնվող բնակելի շենքերի բաշխման հարցի քննարկման ժամանակ»: Իսկ ՊՆ ԶԲ վարչության պետ Ա. Սարգսյանը իր գրավոր պատասխանում տեղեկացրել է, որ բնակարանային հարցը ենթակա կլինի քննարկման, երբ որոշում կայացվի անդրադառնալ զինվորական թոշակի անցած զինծառայողների բնակարանային ապահովման խնդրին, քանի որ, ըստ նրա. «Ներկայումս կառուցվող բնակելի շենքերը նախատեսված են օգտագործել որպես ծառայողական ֆոնդ եւ ենթակա են հատկացման միայն համակարգի զինծառայողներին»: Ստացվում է, որ վտանգված է զինվորական թոշակի անցածների բնակարանով ապահովելու հարցը: Մինչդեռ, ըստ ՀՀ ՊՆ 1587 հրամանի (այն վերաբերում է համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման խնդրին- Ռ. Մ.), սահմանվել է կարգ: Ըստ այդ կարգի՝ տրվում է առաջնահերթություն 10 եւ ավելի տարի ծառայություն ունեցող զինծառայողներին, բազմանդամ ընտանիք կամ հաշմանդամ ընտանիքի անդամ ունեցողներին:
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» գործող օրենքի 34 հոդվածով նախատեսվում է. «Մինչ բնակարանով ապահովվելը՝ զինծառայողները եւ նրանց ընտանիքի անդամները ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում վարձակալության համար նրանց վճարվում է դրամական փոխհատուցում՝ ՀՀ կառավարության սահմանված կարգով»: