Լրահոս
Օրվա լրահոսը

«Անբավարար»՝ Գյումրիի ավագանուն

Հուլիս 29,2008 00:00

Գյումրեցիների մատից փուշ հանելու փոխարեն՝ ավագանին ոտնահարում է նրանց շահերը

Մի առիթով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանն ասաց, որ Գյումրիի ավագանին «քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կցորդն է»: Օրերս պարոն Խաչատրյանի ասածները ծաղկեցրեց մեկ տարի առաջ ստեղծված Գյումրիի Հանրային խորհուրդը: Այն բաղկացած է անհատ քաղաքացիներից, հ/կ-ների ներկայացուցիչներից ու տեղի պաշտոնյաներից: Խորհուրդը, օրերս հրավիրած նիստում, փնտրում էր ավագանուն իր լիազորություններից զրկելու մեխանիզմներ: Ավելին, ավագանու՝ 3 տարվա ընթացքում, խորհրդի բնութագրմամբ՝ «դրսեւորած անուղղելի վարքը, թույլ տված կոպիտ օրինախախտումները» ստիպել էին հանրային խորհրդին հանդես գալ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Գյումրիի հանրային խորհուրդը, հետեւելով եւ վերլուծելով ավագանու գործունեությունը, այն գնահատում է «անբավարար» եւ Գյումրիի շահերին հիմնականում անհամապատասխան: Գյումրիի ավագանու անդամներից 7-9 հոգի պարբերաբար բացակայում են ավագանու նիստերից, ինչից տուժում է ավագանու կայացրած որոշումների որակը: Մասնավորաբար, եղել է դեպք, երբ ավագանին նիստ է գումարել առանց քվորումի (2007թ. օգոստոսի 22) եւ այդ նիստում կայացրել է որոշումներ, որոնք, ըստ էության, անօրինական են: Ավագանին, որը, ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, պարտավոր էր ուսումնասիրել տարվա ընթացքում ավագանու նիստերի կեսից ավելիից բացակայած անդամների լիազորությունների դադարեցման հարցը, որեւէ քննարկում չի ունեցել: Չնայած ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի պահանջին՝ Գյումրիի առկա գումարման ավագանին չունի նստավայր, այսինքն՝ չկա հանրության հետ հանդիպումների, մարդկանց բողոքներն ու առաջարկությունները ընդունելու եւ լսելու պաշտոնական վայր: Գյումրիի ավագանու գործունեությունը ընդհանուր առմամբ փակ է, ոչ հրապարակային, որոշ դեպքերում՝ գաղտնի:

Ավագանին ընդհանուր առմամբ չի կամենում հանրության համար մեկնաբանել իր կայացրած մի շարք տարօրինակ ու կասկածելի որոշումներ, օրինակ՝ այն մասին, թե ինչ օրախնդիր էր Անկախության հրապարակի եղեւնիների հատումը կամ ինչու պիտի առասպելական գումարներ ծախսվեն քաղաքի կենտրոնական հրապարակում քարե գորգ կառուցելու համար, երբ երկրաշարժից անօթեւան է դեռ 3 հազար 972 ընտանիք՝ մոտ 17 հազար մարդ»: Օրերս Հանրային խորհրդի աշխատանքները համակարգող Լեւոն Բարսեղյանն ու Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Գյումրիի գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մանրամասնեցին ավագանու «հերոսությունները»:

Ըստ Լ. Բարսեղյանի, այս 3 տարվա ընթացքում ավագանին Գյումրիի 2 հիմնական պրոբլեմի՝ անօթեւանության ու գործազրկության շուրջ որեւէ ռազմավարական մոտեցում չի ցուցաբերել. «Ավագանին զբաղված է կենցաղային հարցերի շուրջ որոշումներ կայացնելով՝ Պողոսին 10 հազար դրամ, Պետրոսին՝ 25 հազար դրամ, ռուսական զորքին՝ 200 հազար դրամ, թերթ բաժանորդագրվելու, քաղաքի ծառերը կտրելու համար եւ այլն: Բայց չենք տեսել, որ էս մարդիկ լրջորեն խորանան Գյումրիի հիմնական պրոբլեմների լուծման ուղղությամբ: Յուրաքանչյուրն իր բիզնեսի մեջ լավ էլ հմուտ է, լավ էլ գիտե՝ ինչը ինչպես պիտի արվի: 2 տարի առաջ 67 հ/կ-ներ նամակ-առաջարկով դիմեցին ե՛ւ «Լինսի» հիմնադրամին, ե՛ւ Քոչարյան Ռոբերտին՝ խնդրելով կապիտալ շինարարություն կատարել Գյումրիում: Ավագանին ոչինչ չձեռնարկեց, որպեսզի ամրապնդեր այդ դիմումը, մինչդեռ օրենքով ավագանին իրավունք ուներ ընդունել ուղերձներ եւ ստեղծել հանձնախմբեր: Ի՞նչ կլիներ, որ հ/կ-ների հրավիրած ասուլիսից հետո ավագանին ուղերձ հղեր այդ 2 հիմնարկներին: Չէ՞ որ մոտ 26000 մարդ է ձայն տվել ավագանու 15 անդամներին»:

«Ասպարեզ» ակումբի կատարած հարցումների արդյունքները ցույց են տվել, թե բնակչության մոտ 77%-ը գտնում է, որ ավագանին կամ չի աշխատում, կամ վատ է աշխատում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031