Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵՊՈՒՏԱՏԸ՝ ԾԵՐԱՆՈՑՈՒՄ

Հուլիս 29,2008 00:00

\"\"Էջմիածնի ծերանոցի բնակիչներին պաշտոնյաները մշտապես կյանքը բարեկեցիկ դարձնելու խոստումներ են տալիս ու մոռանում:

Արփենիկ Զարգարյանն արդեն 12 տարի իր բախտակից 8 ծերերի հետ ապրում է Էջմիածնի ծերանոցում: 81-ամյա Արփենիկ տատը 1990-ին տղայի ընտանիքի հետ արտագաղթել է Ադրբեջանից: Տղայի մահից հետո Ա. Զարգարյանը տեղափոխվել է ծերանոց: Ստանում է 19 հազար դրամ կենսաթոշակ եւ 8 հազար դրամ «Փարոսի» նպաստ:

Ծերանոցի բնակիչների խոսքերով, չեն հոգում միայն սննդի ծախսերը, մնացած բոլոր կոմունալ վճարումներն իրենք են անում: Նրանց ամեն օր սնունդ է ուղարկում Էջմիածնի փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը:

Սկզբնական շրջանում ամեն հարցում օգնել է «Առաքելություն Հայաստան» հ/կ-ն, նույնիսկ ծերերին սպիտակեղեն ու հագուստ է բերել, բայց հիմա այդ օգնությունից մնացել է միայն բժիշկների անվճար այցելությունը. «Սկզբից ամիսը երկու անգամ էին բժիշկները մեզ այցելում, բայց դա էլ կրճատեցին ու հիմա ամիսը մեկ են գալիս»,- ավելացրեց Ա. Զարգարյանը: Նա դժգոհեց, որ ձմռանն իրենց սենյակներում ցուրտ է լինում, ինչի հետեւանքով պատերը սառցակալում ու բորբոսնում են, ու քանի որ հոսանքի վարձն իրենք են վճարում, ուստի այն խնայողաբար են օգտագործում:

73-ամյա Արփիկ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ձմռանն իր սենյակի ջերմաստիճանը 5 աստիճանից չի բարձրանում. «Այնքան ցուրտ է լինում, որ խոհանոցի հատակը պատվում է սառցե շերտով»: Նրա խոսքերով, ամբողջությամբ շարքից դուրս են եկել խմելու ջրի խողովակներն ու ծորակների փականները: Ծերերի պատմելով, շենքը կառուցողներն այնքան էլ սրտացավ չեն եղել. «Տանիքը շատ վատ է ամրացված, մի թեթեւ քամի է լինում՝ տանիքը թափ է տալիս, վախից ամբողջ գիշեր չենք քնում, ոնց որ գլխներիս խփեն»: Նա Հայաստան է գաղթել Նախիջեւանից եւ ծերանոցում է ապրում շուրջ 9 տարի: «Կարեւորը սոված չեմ մնում, հացը ժամանակին ուղարկում են, էլ ինձ ոչինչ պետք չի, ոչ հագուստ եմ ուզում, ոչ էլ կոշիկ՝ հներով էլ յոլա կգնամ: Ոչ մի հարազատ չունեմ, անտեր-անտիրական ապրում եմ, մի օր կմեռնեմ- կգնամ»,- ասաց Ա. Բաղդասարյանը:

Ծերանոցում է ապրում նաեւ Նախիջեւանի Գերագույն խորհրդի նախկին դեպուտատ՝ 83-ամյա Մարիամ Հակոբջանյանը: Նա նույնպես գաղթական է եւ Հայաստան է եկել 1990-ին: 4 ամիս Էջմիածնի հիվանդանոցում պառկելուց հետո՝ Մ. Հակոբջանյանը տեղափոխվել է ծերանոց: «Առավոտի» հետ զրույցում նա մեծ ափսոսանքով էր հիշում, որ Նախիջեւանում թողել է «լավ տուն ու ունեցվածք»: Իսկ այժմ նրա ամսական եկամուտը թոշակի եւ «Փարոսի» տեսքով կազմում է ընդամենը 23 հազար դրամ: Չնայած դրան՝ Մարիամ տատն իրեն այստեղ էլ է դեպուտատ զգում եւ ամեն սնունդ չի ուտում՝ մսեղեն բացարձակ չի օգտագործում, ճաշերն էլ իր համար յուրահատուկ պիտի լինեն: Գրեթե ամեն օր Մ. Հակոբջանյանի համար «դիետիկ» սնունդ է բերում միակ հարազատ եղբոր դուստրը: Ծերանոցի բնակիչները պատմեցին, որ տիկին Մարիամն ունի փխրուն բնավորություն, շուտ է խռովում, բայց շատ շփվող է: Մ. Հակոբջանյանի ներկայացմամբ, ոչ մի պետական պաշտոնյա իրենցով չի հետաքրքրվում, երկու ամիսը մեկ միայն Էջմիածնի քաղաքապետարանից են իրենց հյուրընկալվում:

Ծերանոցի պայմաններից ու ընդհանրապես կյանքից գոհ էր Ալլա Կարակոզովան: Նա էլ է տարիներ առաջ այստեղ տեղափոխվել Կիրովաբադից: Նա ծերանոցում ապրել է մոր հետ: Հայաստանում ունի ընդամենը մեկ քույր, որն էլ, Ա. Կարակոզովայի խոսքերով, հաճախ է այցելության գալիս:

Էջմիածնի քաղաքապետարանից «Առավոտին» տեղեկացրին, որ թեեւ ծերանոցն իրենց հաշվեկշռում չէ, սակայն գարնանն այն ամբողջությամբ գազիֆիկացրել են: Խոստացան այս տարի ձմռանն էլ գազի վառարաններով ապահովել ու տանիքը ամրացնել: «Շատերն են ասել, բայց ոչ մի բան չեն արել, տեսնենք իրենց խոսքի տերը կլինե՞ն»,- մեզ հետ զրույցում թերահավատորեն նշեց ծերերից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել