Համաժողովրդական շարժումը Հայ ազգային կոնգրես անվանափոխելու մասին ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
– Ինչպե՞ս եք գնահատում այն փաստարկները, որոնք հնչեցրեց «Ժառանգություն» կուսակցությունը՝ առայժմ ձեռնպահ մնալով Հայ ազգային կոնգրեսին անդամակցելուց՝ նշելով, թե նախաձեռնողների հետ բանակցությունների ընթացքում պարզ չեղան ո՛չ ծրագրային մանրամասները, ո՛չ կանոնակարգը, ո՛չ որոշումների ընդունման մեխանիզմը՝ հստակ կանոնակարգված վիճակում: Ուրեմն, ինչպե՞ս են մյուս կուսակցությունները նման պատասխանատու որոշում կայացնում, երբ անհայտ է հիմնական փաստաթղթերի բովանդակությունը:
– «Ժառանգության» դիրքորոշումը շատ հասկանալի է: Ես նորմալ եմ վերաբերվում այս որոշմանը: Ինչ խոսք՝ հարցեր կան, որոնք հստակեցման կարիք ունեն՝ սկսած որոշումներ ընդունելու մեխանիզմներից: Եվ չպետք է մոռանանք, որ Կոնգրեսը չունի իրավաբանական անձի կարգավիճակ:
Իսկ ՀԺԿ տեսակետը Հայ ազգային կոնգրեսի վերաբերյալ հայտնի է: Այն ընդունելի է որպես կուսակցությունների համատեղ գործունեությունը համակարգող մարմին, ֆորում, ուժերի համախմբումն ապահովող մի միջոց, որպես մի կառույց, որը կնպաստի ջանքերը համատեղելուն՝ կոնկրետ հարցեր լուծելու համար: Իհարկե, կուսակցությունները, որոնք մաս են կազմելու Կոնգրեսին՝ պահպանելու են իրենց լիակատար ինքնուրույնությունը, անկախ գործելու իրավունքը: Դարձյալ ընդգծեմ, որ ժամանակավրեպ է մեկ կուսակցության մեջ միավորվելու մասին խոսելը:
– Եթե սա ընդամենը լինելու է համակարգող մարմին ու կուսակցությունների ֆորում, ի՞նչ կարեւոր են անունները՝ Համաժողովրդական շարժո՞ւմ, թե՞ Հայ ազգային կոնգրես:
– Ինչ խոսք՝ «Համաժողովրդական շարժում» անվանումն էլ վատ չի հնչում ու արդեն մտել էր շրջանառության մեջ: Բայց խնդիրն իրոք անունները չեն: Խնդիրն այն է, որ իրականացվի իսկապես կառուցողական համագործակցություն. սա է ամենակարեւորը:
Իսկ թե ինչքանով Կոնգրեսը կնպաստի աշխատանքների համակարգմանը, որքանով կենսունակ կլինի՝ ժամանակը ցույց կտա: Ժամանակին երբեմն հռչակվել են տարբեր ձեւաչափեր, որոնք արդյունք չեն տվել: Ուստի կարեւորը խնդիրների, իրատեսական նպատակների հստակ ձեւակերպումն է, գործնական աշխատանքը եւ իհարկե՝ պարկեշտությունը հարաբերությունների մեջ: Ի վերջո, կարելի է համագործակցել առանց ինչ-որ ձեւական ձեւաչափեր ստեղծելու:
– ՀԺԿ վերջին շրջանի գործընկերները, երբ դեռ «Արդարության» ընդդիմախոսներն էին՝ հաճախ մեղադրում էին, որ այս դաշինքում համախմբվել էին գաղափարական տարաբեւեռ ուժեր: «Այլընտրանքը» սկզբնապես շեշտադրում էր, որ իրենք համախմբվել են հստակ ծրագրային փաստաթղթերի, միասնական հենքի վրա: Սակայն արձանագրե՞նք, որ հետո նրանք էլ ընթացան ճիշտ նույն ճանապարհով, քանի որ այսօր Համաժողովրդական շարժման ու կարծես նաեւ Հայ ազգային կոնգրեսի մեջ համախմբվում են դարձյալ անգամ գաղափարապես հակադիր ուժեր:
– Դիտարկումը ճիշտ է: Եվ ես ուրախ եմ, որ մեր ընդդիմախոսները ժամանակի ընթացքում հասկանում են, որ մենք ճիշտ ենք եղել: Այո, երբ խոսքը երկրի ժողովրդավարացման, սահմանադրական կարգի հաստատման մասին է՝ պետք է համատեղել ջանքերը՝ անկախ գաղափարական տարաձայնություններից: Այսօր էլ Համաժողովրդական շարժման մեջ գտնվող կուսակցություններն ունեն տարաձայնություններ, բայց դրանք մի կողմ են դրել այս կարեւոր հարցերի լուծման համար: Նույնն այն ժամանակ էր:
Միեւնույն ժամանակ՝ մենք շատ ենք կարեւորում գաղափարական հենքի վրա կուսակցությունների միաձուլումն ու խոշորացումը:
– Այսօրվա Ձեր գործընկերների կողմից ժամանակին նաեւ քննադատվում էիք վճռականության պակասի մեջ: Սակայն շենքեր չգրոհելու, խաղաղ մեթոդներով իշխանափոխության հասնելու մասին է հայտարարում նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
– Վճռականությունը մեր իրականության մեջ երբեմն շփոթում են պոռոտախոսության հետ: Վճռականությունը մեծ-մեծ խոսելու եւ ամպագոռգոռ հայտարարություններ անելու մեջ չէ: Մենք տեսել ենք նաեւ, թե ինչպես են վճռական ելույթներից հետո ոմանք գնում գործարքների: Այնպես որ, ոչ թե խոսքերին է պետք հետեւել, այլ գործերին ու պահվածքին:
Մենք ի սկզբանե առաջնորդվել ենք պայքարի խաղաղ ճանապարհի սկզբունքով: Հիմա էլ ընդդիմությունը նույնպես որդեգրել է այդ ճանապարհը, ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ հանդիպման էր եկել ՀԺԿ-ում՝ նշեց, որ ընթանալու է բացառապես սահմանադրական ճանապարհով:
– Որքան ավելի հզոր է ընդդիմությունը՝ այնքան իշխանությունն ավելի է ստիպված հաշվի նստել նրա պահանջների հետ: Ձեր կարծիքով, Համաժողովրդական շարժման առկա վիճակը հաշվի առնելով՝ քանի գնում ավելանո՞ւմ, թե՞ նվազում է իշխանության ցանկությունը՝ կատարել ընդդիմության պահանջները:
– Երբ ասում են, թե ընդդիմությունը ստիպում է իշխանություններին գնալ ինչ-որ քայլերի, բարեփոխումների՝ դրա մեջ ճշմարտություն կա: Այսօր իրական քայլեր, իհարկե, մենք դեռ չենք տեսնում. մարդիկ շարունակում են հետապնդվել իրենց քաղաքական հայացքների համար: Իշխանությունը պիտի գիտակցի, որ ժամանակ ձգելով հարց չի լուծվի: Եթե մտածում են, թե մարդիկ կհոգնեն պայքարից, ապա այդպես չէ: Չնայած այս շոգին, թեժ ամռանը՝ շարունակվում է նստացույցը Հյուսիսային պողոտայում: Եվ չեմ կարծում, թե քիչ մարդ կմասնակցի նաեւ օգոստոսի 1-ի հանրահավաքին: Չափազանց մեծ է վիրավորանքը: Եվ իշխանությունները չպիտի հուսան, թե ժամանակի ընթացքում այն կանցնի: Այդպես չէ: Սա պիտի գիտակցեն ու գնան իրական քայլերի: Ակնհայտ է, որ ամենաառաջին քայլն այդ առումով քաղբանտարկյալներին ազատելն է: Սերժ Սարգսյանն ասում էր, թե ինչպե՞ս կարող է մի զանգով ազատել: Բայց ըստ էության՝ նրանց «մի զանգով» են ազատազրկել: Եվ որքան արագ լուծի այդ հարցը իշխանությունը՝ այնքան ավելի կնպաստի լարվածության մեղմացմանը: