Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԳԱԼԻՍ՝ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՔ

Հուլիս 29,2008 00:00

Հակոբ Հակոբյանը առաջարկում է հոգեւոր մայրաքաղաքից սկսել ժողովրդավարացումը

Ընդամենը երեք ամսից Հայաստանի հոգեւոր մայրաքաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Գեներալների առատությամբ աչքի ընկնող Էջմիածնում ՏԻՄ ընտրությունները միշտ էլ դարձել են տարբեր ուժերի եւ անհատների շահերի բախման թատերաբեմ: Սպասվելիք ընտրություններն էլ այս համատեքստում են: Շրջանառվող խոսակցությունների համաձայն, իր թեկնածությունն է առաջադրելու պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի որդին՝ ներկայիս փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Ի դեպ, դեռ նախորդ ընտրություններից հետո, երբ «հաղթանակ» տարավ ներկայիս քաղաքապետը, ով համարվում էր գեներալի մարդը, արդեն խոսակցություններ էին շրջանառվում, որ որդուն փոխքաղաքապետ դարձնելով՝ Մանվել Գրիգորյանը պատրաստում է նրան իբրեւ հաջորդ քաղաքապետի: Փետրվարին կայացած նախագահական ընտրություններից հետո, երբ գեներալն իբր հանդես եկավ առաջին նախագահի համախոհի դերում, լուրեր էին պտտվում, որ իշխանությունները «դաբրո» չեն տվել նրա որդուն քաղաքապետի ընտրություններին մասնակցելու: Սակայն այսօր Էջմիածնում խոսում են այն մասին, որ Կարեն Գրիգորյանին սատարելու են հայրը՝ Մանվել Գրիգորյանը, նույնպես «լեւոնական» համարվող պաշտպանության մեկ այլ պաշտոնանկ արված փոխնախարար Գագիկ Մելքոնյանը եւ, որքան էլ տարoրինակ է, իշխանություններին հավատարիմ մնացած գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Քաղաքապետի հաջորդ թեկնածուն, ըստ էջմիածինցիների, ոմն երիտասարդ է՝ Հովմիկ անունով: Վերջինս Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է: Նրան հովանավորում են «զեվեցի Արայիկ»՝ Էջմիածնում հայտնի անվամբ մեկը, ով պաշտպանության նախարարության համակարգի միջին պաշտոնյա է, «Արծիվ» մականունով հայտնի՝ նույնպես ՊՆ համակարգի աշխատակից հեղինակությունը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս):

Երրորդ թեկնածուն ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն է: Վերջինիս հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ թե իր տանիքն ո՞վ է կամ ո՞ւմ «դաբրոյով» է նա կրկին վերադառնում քաղաքականություն. «Իմ ժողովուրդն է ինձ համար միշտ էլ եղել ամենակարեւորը, իմ «կրիշը», ես կողմնակից եմ ժողովրդի մեծամասնության ցանկացած առաջարկության, խորհրդի, խրատի»: Հետաքրքրվեցինք՝ սատարելո՞ւ է իրեն իր հարազատ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն. «Չեմ կարող ասել, քանի որ նման խնդիր դրված չի եւ չի քննարկվել: Ես, որպես Էջմիածնի բնակիչ, որոշում եմ կայացրել իմ թեկնածությունն առաջադրել, թե հետագայում կուսակցությունն ինչ որոշում կկայացնի՝ չեմ կարող ասել»:

Մեր դիտարկմանը, որ Էջմիածնում, այսպես կոչված, որոշում կայացնողները եղել են գեներալները, եւ ինչ-որ պահի Հակոբ Հակոբյանն էլ այս հարթությունում տարաձայնություններ ունեցավ, հիմա կարելի՞ է ենթադրել, որ դեմ է դուրս գալիս գեներալներին, վերջինս պատասխանեց. «Այո, անցումային շրջանում եղել են նման դեպքեր, բայց այսօր, երբ մենք մտել ենք քաղաքակիրթ փուլ եւ ընտրել ենք ժողովրդավարության ճանապարհը՝ ուրեմն ժողովուրդը պետք է ընտրություն կատարի: Գեներալները կարող են որոշել իրենց մեկ ձայնով՝ գնալ եւ ընտրել, բայց ընտրություն պիտի կատարի ժողովուրդը: Ես պայքարը տեղափոխելու եմ ժողովրդի դաշտ. ժողովուրդն ինքը պիտի պայքարի իր ձայնի համար»: Էջմիածնում խոսակցություններ են շրջանառվում, որ Հակոբ Հակոբյանը պատրաստվում է անվճար երթեւեկության կտրոններ բաժանել տարածքի ուսանողներին: Արդյո՞ք դա ընտրակաշառք չէ՝ «Առավոտի» դիտարկման արձագանքը եղավ. «ԱԺ պատգամավոր եղած շրջանում ես ուսանողներին նման կտրոններ տրամադրել եմ: ԱԺ ընտրությունների ժամանակ իմ մրցակիցը (Սեյրան Սարոյանը- Ն. Գ.) նույնպես հայտարարել էր, որ իր ընտրվելու դեպքում շարունակելու է այդ գործընթացը: Ես սպասեցի մեկ տարի, տեսա, որ չի անում, բազմաթիվ բնակիչների եւ ուսանողների խնդրանքին որոշեցի ընդառաջ գնալ»: Իսկ, ընդհանրապես, բարեգործությանը մեր զրուցակիցը հետեւյալ տեսանկյունից է մոտենում. «Ես ծնվել եմ աղքատ ընտանիքում: Եղել եմ տան մեծ զավակը եւ դեռ փոքր տարիքից աշխատել եմ՝ մորս օգնելու եւ տան հոգսը թեթեւացնելու համար: Հիմա, երբ փորձում եմ մարդկանց օգնել, օգնում եմ ինքս ինձ: Ես պատրաստ եմ ցանկացած քաղաքակիրթ պայքարի: Պայքարել ասելով ես նկատի ունեմ պայքարի միջոցով իմ հնարավորությունները ժողովրդին ցույց տալ, իմ ծրագրերը հասանելի դարձնել բնակիչներին, որպեսզի իրենք որոշեն, այնպիսի մթնոլորտ ենք ստեղծելու, որ մարդը հասկանա, որ իր ձայնը որոշիչ է»:

Հակոբ Հակոբյանի բնութագրմամբ, ժողովրդավարությունը այսօր չոքել է Հայաստանի դարպասների մոտ, իսկ ներսում մի խումբ մարդիկ թույլ չեն տալիս, որ այդ դարպասները բացվեն. «Ես վստահ եմ, որ դրսի ճնշման եւ ներսի քաղաքական կամք ունեցող մարդկանց միջոցով դարպասները բացվելու են ժողովրդավարության առջեւ: Մեկ ազատ ընտրությունը բավական է, որ ժողովրդավարությունը հաստատվի Հայաստանում եւ դառնա ժողովրդի սեփականությունը: Ու կարծում եմ, որ ճիշտ կլինի հենց Էջմիածնից սկսվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031