Այս տարվա մարտի 5-ին մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ «Խախտումների նկարագրություն» վերտառությամբ հանցագործության մասին հաղորդում էին ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին: ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանն ի պատասխան ուղարկել էր հետեւյալը. «Ձեր՝ «Խախտումների նկարագրություն» վերտառությամբ դիմումում արծարծված հարցադրումները կրում են ընդհանրական բնույթ եւ հանցագործության մասին տեղեկատվություն չեն պարունակում»:
Օրերս ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին եւ խնդրել տրամադրել հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ ընդունված որոշման պատճենը:
Խոսքը Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելուց հետո ՀՀ վարչապետի պաշտոնավարման օրինականության (վարչական ռեսուրսների օգտագործում, զանգվածային լրատվամիջոցներով վարչապետի գործունեության լուսաբանում) մասին էր. «Սերժ Սարգսյանը չի դադարեցրել իր պաշտոնավարումը որպես վարչապետ: 2007թ. դեկտեմբերին նա ստեղծել է «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին» առընթեր աշխատանքային խումբ, որի նպատակն է վերլուծել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները, քննարկել նրանց խնդրանքները եւ բողոքները»: Բացի այդ, օրենքի խախտմամբ, վար- չապետի օգտին քարոզել են կառավարության անդամները, մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, նաեւ ՌԴ քաղաքացի Արա Աբրահամյանը (Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ): Դատարան են ներկայացվել բազմաթիվ տեսանյութեր՝ օրենքի խախտման հետ կապված: «2008թ. փետրվարի 19-ի նախագահի ընտրությունները եւ հետընտրական զարգացումներն էական ազդեցություն են գործել մեր երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա եւ, հետեւաբար, անդրադարձել են նաեւ անձի իրավունքների ողջ համակարգի, մարդու եւ քաղաքացու անձնական, քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության եւ պահպանության իրավիճակի վրա»,- ասվում է պատգամավորի հայցադիմումի մեջ:
Դատարանը մերժեց պատգամավորի բողոքը: